Վարորդները մտահոգված են «Ռոսգոսստրախ»-ի հետ կատարվածից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս այս տարվա մայիսին Ռուսաստանի Դաշնությունում գործող «Ռոսգոսստրախ» ընկերությունը տեւական ժամանակ զրկված է եղել ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու լիցենիզիայից: Բանն այն է, որ ընկերությունը լուրջ խախտումներ է թույլ տվել եւ ոչ պատշաճ կերպով է մատուցել ծառայությունը:

«Ժողովուրդ»-ը ռուսական լրատվամիջոցներից տեղեկացավ, որ «Ռոսգոսստրախ» ընկերության լիցենզիան սահմանափակվել է զանգվածային խախտումների հետեւանքով: Մասնավորապես ապահովագրող ընկերության մասնագետները մեքենաների սեփականատերերին չեն տրամադրել օրինական զեղչերը, նաեւ անհիմն մերժել են պայմանագրեր կնքելը:

Ավելին՝ հավելյալ ծառայություններ են փաթաթել հաճախորդների վզին: Միայն այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ 25-ը ՌԴ-ի կենտրոնական բանկը 2 հազար 300 բողոք է ստացել՝ կապված «Ռոսգոսստրախ» ընկերության ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու գործընթացի հետ: Նշենք, որ բողոքները ստացվել են այն մարդկանցից, ովքեր ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել: Բացի այս՝ տարեսկզբից ընկերությանը տրվել է 385 կարգադրություն եւ ադմինիստրատիվ պատասխանատվության ենթարկելու «Վարչական իրավախախտումների» օրենսդրությունների 15.34.1 հոդվածի համաձայն՝ 78 որոշումներ: Այնուհետեւ մայիսի 29-ին «Ռոսգոսստրախ» ընկերության տնօրինությունը ՌԴ-ի բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է միջոցառումների ծրագիրը, ըստ որի՝ իրավախախտումները վերացնելու ուղղությամբ կազմակերպությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել:

Նաեւ ապահովագրական շուկայի մասնակիցները կարծում են, որ «Ռոսգոսստրախ»-ի հետ կատարվածը կազդի ապահովագրական շուկայի վրա: Նրանք համոզված են, որ այն բանից հետո, ինչ Ռուսաստանի բանկը պաշտպանել էր սպառողների շահերը, ԱՊՊԱ-ների վաճառման բացասական փորձը կա՛մ կկրճատվի, կա՛մ էլ կվերանա: Եւ ՌԴ-ի կենտրոնական բանկի հունիսի 8-ի հրամանով վերսկսվել է «Ռոսգոսստրախ» ընկերության ԱՊՊԱ-ներ իրականացնելու լիցենզիայի գործունեությունը: ՌԴ-ի ԿԲ-ն լիցենզիայի կրկին անգամ տրամադրելը պատճառաբանել է ընկերության կողմից թերացումների վերացմամբ: Իսկ թե դրանք ինչ մակարդակով են վերացել իրականում, արդյո՞ք միայն փաստաթղթերով չէ, դեռ ցույց կտա ժամանակը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց Հայաստանում գործող «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ը եւ հետաքրքրվեց, թե ՌԴ-ում «Ռոսգոսստրախ»-ի նկատմամբ կատարվածը ինչ ազդեցություն կունենա ՀՀ-ում գործող ընկերության վրա: Տեղեկացնենք, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին: Ընկերությունը մտնում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության մամլո խոսնակ Էմմա Մոժարովան ասաց. «Դա մեզ չի վերաբերում, քանի որ մենք Հայաստանում ենք գործում: Դա չի կարող մեր ընկերության գործունեության վրա ազդեցություն ունենալ: Հայաստանում գործող կազմակերպություն ենք, եւ մեզ կարգավորողը ՀՀ կենտրոնական բանկն է: Մենք ունենք մեր ստանդարտները, պահանջները»: «Ժողովուրդ»-ը ընկերության մամլո խոսնակին փոխանցեց նաեւ խմբագրություն ահազանգած վարորդների մտահոգությունները՝ կապված ռուսական «Ռոսգոսստրախ»-ի հետ: Բանն այն է, որ հայ ավտովարորդները ՌԴ-ի «Ռոսգոսստրախ»-ի հետ կատարվածից հետո մտահոգված են. ինչ երաշխիք, որ այստեղ էլ իրենց հետ այդպես չեն վարվում, ո՞վ է ստուգել, ո՞վ է վերահսկում հղփացած կյանքով ապրող ապահովագրական ընկերություններին: Խոսնակ Էմմա Մոժարովան, սակայն, վստահեցրեց, որ վարորդների մտահոգությունները անտեղի են, եւ պետք չէ անհանգստանալ:

Նշենք, որ վերջին շրջանում հայ ավտովարորդները գրեթե միշտ դժգոհում են ապահովագրական գործակալությունների աշխատելաոճից, այդ թվում նաեւ՝ «Ռոսգոսստրախ»-ից: Բացի այս՝ մենք հաճախ ենք ականատես լինում, երբ վթարներից հետո ԱՊՊԱ-ին սպասելու հետեւանքով ողջ փողոցի երթեւեկությունը կաթվածահար է լինում, եւ հսկայական խցանումներ են առաջանում: Ընդ որում, որպես կանոն` ճանապարհային ոստիկանությունն ավելի շուտ է հասնում, քան ԱՊՊԱ-ն:
Մշտապես դժգոհություն կա, որ ԱՊՊԱ գործակալությունները չեն կարողանում այնպես կազմակերպել աշխատանքը, որ մարդիկ ստիպված չլինեն ժամերով սպասել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս