Տղա դաստիարակելը Հայաստանում շատ դժվար է. Լիլի Էլբակյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Լիլի Էլբակյանը նախկին ակտիվությամբ չի զբաղվում դերասանուհու իր կարիերայով. պատճառը որդու ծնունդն է: «Ժողովուրդ»-ը Լիլիի հետ զրուցել է երկրորդ զավակի պարգեւած զգացողությունների եւ թատերական ոլորտին առնչվող որոշ հարցերի շուրջ:

-Լիլի՛, Ձեր երկրորդ զավակի` որդու ծնունդից շուրջ 8 ամիս է անցել: Արդեն հասցնո՞ւմ եք վերաինտեգրվել թատերական կյանքին, թե՞ դեռ վաղ է:

-Երեխաս 4 ամսական էր, երբ արդեն աշխատում էի, սակայն նոր ծրագրեր դեռ չեմ ձեռնարկում. ուզում եմ ավելի թեթեւ լինել, սպասում եմ` տղաս մի քիչ էլ մեծանա, նոր սկսեմ նորմալ աշխատել: Ամեն դեպքում, որոշ նորություններ ունեմ. ռեժիսոր Հարութ Շատյանը նոր կոմերցիոն ֆիլմ է նկարահանում, իրենից համագործակցության առաջարկ եմ ստացել, հավանաբար սեպտեմբերին կմեկնարկեն նկարահանումները: Այս ընթացքում փորձեցի մի քանի դերեր վերցնել, բայց ինքս էլ զգացի, որ հոգեբանորեն պատրաստ չեմ խաղալու: Դե, խամաճիկների պետական թատրոնում էլ շարունակում եմ աշխատել, բեմադրածս վերջին ներկայացումը «Ալիսան հրաշքների աշխարհում»-ն է, որտեղ խաղում է նաեւ ամուսինս` Համոն:

lili7

-Խամաճիկների պետական թատրոնում նոր մատուցման, ասելիքի, տիկնիկների թարմացման կարիք կա՞:

-Հիմա ավելի շատ տիկնիկագործների, նոր շունչ բերող բեմանկարիչների կարիք կա: Մտածողությունը թարմացնելու կարիք միշտ կա: Իսկ թարմ շունչ բերելը կապված է մեծ ծախսերի հետ: Մեկ ներկայացում բեմադրելու համար մենք մեկ տարի աշխատում ենք, եւ այդ նպատակով ահագին գումար է ծախսվում, թեեւ պետք է նշեմ նաեւ, որ մեր թատրոնը ֆինանսավորվում է պետության կողմից:

1392020388_lili

-Կրկին անդրադառնալով Ձեր որդուն` հետաքրքիր է` նա ինչ նոր գույներ բերեց Ձեր կյանք, եւ արդյո՞ք դժվար չէ տղա երեխա դաստիարակելը:

-Տղա դաստիարակելը Հայաստանում, իսկապես, շատ դժվար է, արդեն նրան բանակ ուղարկելու մասին եմ մտածում (ծիծաղում է): Որդիս դեռ փոքր է, բայց իր հանդեպ պատասխանատվության հետաքրքիր զգացում եմ տածում: Աղջկաս ծնունդից հետո, օրինակ, ուզում էի աշխատել, տանից դուրս գալ, չէի համակերպվում, որ ես մայրիկ եմ, եւ վերջ…Իսկ հիմա ավելի շատ իրենց մասին եմ մտածում, հատկապես տղայիս ուզում եմ անընդհատ պաշտպանել: Կարծում եմ` տղա երեխաներն ավելի անպաշտպան են ու նուրբ: Թող մի քիչ էլ մեծանա, խոստանում եմ ավելին պատմել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս