250 մլն եվրոյի վարկի համար իշխանությունները կոպտորեն խախտել են Սահմանադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունը աղետի առաջ է կանգնած, եւ ՀՀ իշխանությունների համար մեկ օրն էլ անգամ կարեւոր է անհրաժեշտ վարկային գումարները ներգրավելու տեսանկյունից: Այս մասին են վկայում վերջին օրերին ՀՀ Կառավարության գործողությունները:

Մասնավորապես  գործադիրն արտահերթ նիստ էր հրավիրել եւ որոշել է ՀՀ ԱԺ եւս մեկ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման համար: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սովորական գործընթացի հետ գործ ունենք, սակայնի այս համաձայնագրի վավերացումն իրականում Կառավարության կողմից կազմակերպված բլից գործընթաց է, որի ընթացքում ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմեր են խախտվել եւ հավանաբար դեռ կխախտվեն:

Դեռեւս հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը այսպիսի հաղորդագրություն է տարածել. «ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «2014թ. համար ՀՀ Կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» hամաձայնագիրը: Այն հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից ստանալ 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում եւ 4 մլն 815 հազ. 869.84 եվրո դրամաշնորհ»: Իսկ ինչպես է ՀՀ Կառավարությունը խորհրդարան ուղարկում ընդամենը վեց օր առաջ ստորագրված համաձայնագիրը, չէ որ մինչ այդ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ՍԴ-ն քննի դրա Սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը: Պարզվում է՝ այն ժամանակ, երբ ՀՀ Կառավարությունը երեկ արտահերթ նիստ է հրավիրել` վերը նշված համաձայնագիրը ԱԺ ուղարկելու վերաբերյալ որոշումը կայացնելու համար, զուգահեռ նիստ է գումարել նաեւ ՀՀ ՍԴ-ն: Այն, որ ՍԴ-ն իր որոշմամբ կդակեր եւ Սահմանադրությանը համապատասխանող կճանաչեր վերը նշված համաձայնագիրը, թերեւս հասկանալի է: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ տեխնիկական հարցը լուծելու համար ՍԴ-ն ստիպված է եղել կոպտորեն խախտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի դրույթները: Այսպես, համաձայնագրի սահմանադրականության հարցը քննելու վերաբերյալ դիմումը` նախագահականից մուտք է եղել ՍԴ հունիսի 19-ին: Հունիսի 20-ին, այսինքն՝ ոչ աշխատանքային` շաբաթ օրը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել եւ համաձայնագիր քննարկելու նպատակով հունիսի 22-ին` ժամը 11.00, ՍԴ նիստ նշանակել:

Ի դեպ, «ՍԴ մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դիմումի եւ գործի մնացած նյութերի պատճեները ՍԴ անդամներին եւ կողմերին է ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ: Այս դրույթի պահանջները ՍԴ-ն փաստացի խախտել է: Բացի այս՝ միջազգային համաձայնագրերի սահմանադրականության հարցը ՍԴ-ն քննում է գրավոր ընթացակարգով: Այդ գործերը կարող են բանավոր ընթացակարգով քննվել «ՍԴ-ի պատճառաբանված որոշմամբ»: Այս պահանջը սահմանված է «ՍԴ մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 3 կետով: Իսկ նշված համաձայնագիրը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին ՍԴ որոշումից տեղեկանում ենք, որ այս գործով նիստը կայացվել է բանավոր ընթացակարգով, եւ ոչ մի խոսք այն մասին, թե ինչու է այդ փաստաթղթի նկատմամբ նման բացառիկ վերաբերմունք կիրառվել: Այսինքն՝ ՍԴ-ն չի կատարել իր գործունեությունը կանոնակարգող օրենքի պահանջը եւ չի պատճառաբանել, թե ինչու է որոշել նիստը բանավոր ընթացակարգով անցկացնել: Հունիսի 20-ին ՍԴ-ի կայացրած աշխատակարգային որոշման մեջ եւս բացակայում է համաձայնագրի բացառիկության վերաբերյալ պատճառաբանությունը:

Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ՍԴ որոշման մեջ ոչինչ նշված չէ այն մասին, թե այս համաձայնագրով ստացվելիք վարկն ինչ նպատակների վրա է ծախսվելու: Որոշման տեքստը ինքնին շատ աղքատիկ է, տեխնիկական մասը եթե հանենք, ապա տակը մնում է ընդամենը մեկուկես էջ, որտեղ միայն ընդհանուր բնույթի ձեւակերպումներ են: Միակ կոնկրետ տվյալը ստացվելիք վարկի եւ դրամաշնորհների չափերն են:

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստացվելիք դրամաշնորհը նախատեսվում է ծախսել «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» եւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի վրա: Իսկ վարկը նախատեսվում է ծախսել «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» եւ «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերի համար:

Այն փաստը, որ մի քանի օր շահելու համար ՀՀ իշխանությունները պատրաստ են նույնիսկ ՍԴ-ին դրդել ապօրինությունների, թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը աղետալի վիճակում է, եւ միակ փրկությունը գերմանական վարկն է: Եվ մեկ օրն էլ իշխանությունների համար նշանակություն ունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս