ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս օրերին ամփոփում է իր կատարած աշխատանքները: Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ ամսվա վերջ քարտուղարությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքները, որպեսզի արդեն հուլիսի առաջին շաբաթվա ընթաքցում բարեփոխումների փաթեթը ներկայացվի հանրությանը:

Հիշեցնենք, որ դեռեւս մեկուկես ամիս առաջ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե մայիսի վերջին կներկայացվեն նոր սահմանադրության առաջին երեք գլուխները: «Դեռեւս բացի այդ երեք բաժիններից՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մյուս բաժինների վերաբերյալ քննարկում չի կատարել»,- ասել էր նա: Գագիկ Հարությունյանը նաեւ նշել էր, որ այդ երեք գլուխները բաղկացած են 86 հոդվածից, որոնց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն, ընդհանուր առմամբ, դրական կարծիք են տվել՝ սակայն որոշ նկատառումներ անելով:
Հարությունյանը հավելել էր, թե առաջին գլուխների ներկայացումից հետո մինչեւ հունիսի 12-ը հանդիպումներ կկազմակերպվեն առաջարկություններ ներկայացրած քաղաքական 14 ուժերի հետ: ՍԴ նախագահը նաեւ տեղեկացրել էր, որ արդեն հանդիպել են ՀՅԴ, ԱԻՄ ներկայացուցիչների հետ: Նշենք, որ 10 օր առաջ նույն հարցի հետ կապված Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել էր կուսակցությունների առաջարկությունների ներառումը սահմանադրական բարեփոխումների նախագծում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ՝ պարզելու համար, թե երբ է սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը ներկայցվելու հանրությանը:
-Նման հարցերի համար պետք է դիմեք քարտուղարությանը: Իրենք ժամանակացույց ունեն հանդիպումների, քննարկումների հետ կապված, նաեւ նախագծերի ներկայացման, աշխատանքների բախշման եւ այլն: Ես չեմ կարող մտաբերել այդ ժամանակացույցը: Ես կարող եմ պատասխանել միայն իմ մասով:
-Իսկ ե՞րբ եք Դուք ավարտելու Ձեր աշխատանքների այն հատվածը, որի ժամանակացույցն արդեն հայտնի է:
-Ընթացքի մեջ է, մի հատվածը արդեն ներկայացրել ենք, որն արդեն քննարկվել է, որոշ հարցերի շուրջ եղել են նկատառումներ, որոնք լրամշակվում են: Եթե իմ հատվածին է վերաբերում, ապա ես պետք է ամսի 30-ին ներկայացնեմ, իսկ այն մյուս հատվածը, որը ավելի վաղ էի ներկայացրել, դեռեւս չի էլ քննարկվել: Մնացած հարցերի մասին մենք տեղեկանում ենք քարտուղարությունից: Այժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ շատ տեխնիկական հարցեր են առաջանում, որոնք պետք է լուծվեն, որպեսզի մենք ներկայացնենք այն, ինչը մեզանից պահանջվում է:
-ՀՀ քաղաքական ուժերը առաջարկություններ են ներկայացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, որպեսզի դրանք ներառվեն ՀՀ Սահմանադրությունում: Արդյո՞ք դրանք տեղ են գտել Ձեր մշակած տարբերակներում:
-Դրա մասին սպառիչ խոսելը շուտ է, քանի որ դրանք եւս քննարկվում են, դրանք ներկայացվում են քարտուղարությանը: Մենք նախապես ծանոթանում ենք այդ առաջարկություններին, եթե որոշակի հարցեր են լինում, իրենց հետ հանդիպումների ընթացքում ներկայացնում ենք դրանք: Դուք տեղյակ եք, որ կուսակցությունների ներկայացուցիչները եւ մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպում են ունեցել, որի ժամանակ էլ քննարկվել են այն հարցերը, որոնց շուրջ անհրաժեշտ է եղել պարզաբանում ստանալ: Ամեն դեպքում` հարցերին մանրամասն, սպառիչ պատասխան ստանալու համար խնդրում եմ՝ դիմեք քարտուղարություն:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Գոհար Մելոյանից մեզ հուզող հարցերի պատասխանը ստանալ: Սական նա պահանջեց հարցերն ուղղել գրավոր` խոստանալով օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում ներկայացնել պատասխանները:

 

 

 

 

 
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԵԼ Է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին մեկնել է Հայաստանից: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նա մեկնել է Մոսկվա, եւ այդ այցելությունը եղել է շտապ եւ նախապես չպլանավորված: Երեկ «Ժողովուրդ-ը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է Քոչարյանը մեկնել Մոսկվա:

-Պարո՛ն Սողոմոնյան, որտե՞ղ է այս օրերին գտնվում Ռոբերտ Քոչարյանը: Մեր տեղեկություններով` նա մեկնել է Մոսկվա շտապ լուծում պահանջող ինչ-ինչ անհետաձգելի խնդիրների պատճառով:
-Ձեր տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Պարոն Քոչարյանը այս պահին Հայաստանում չէ, սակայն գտնվում է Եվրոպայում, Մոսկվա չի մեկնել, առավել եւս` շտապ հարցերով: Մոտակա օրերին հնարավոր է, որ մեկնի, որովհետեւ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստ կա: Բայց ամեն դեպքում, որեւէ շտապողականություն կամ ինչ-որ հրատապություն չի եղել, ու հիմա էլ պարոն Քոչարյանը Մոսկվայում չի:
-Նշվում է, որ պարոն Քոչարյանը ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի հետ կապված պատրաստվում է հանդիպումներ ունենալ Մոսկվայում: Նման հանդիպումներ նախատեսվա՞ծ են:
-Գիտեք՝ ես արդեն նշեցի, որ ինքը Եվրոպայում է գտնվում, ես կարող եմ Ձեր հարցերին սպառիչ պատասխանել միայն այն ժամանակ, երբ իրեն հանդիպեմ ու այդ հարցը քննարկեմ: Այսինքն՝ ես ու ինքը անգամ չենք քննարկել այդ հարցը, ուստի չեմ կարող պատասխանել:
-Այսինքն՝ չեք կարո՞ղ ներկայացնել պարոն Քոչարյանի տեսակետը արդեն մեկ շաբաթ Երեւանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ:
-Ես կարող եմ փոխանցել նրա տեսակետը, երբ հանդիպեմ նրա հետ: Ես կարծում եմ, որ դա արդեն կլինի վաղը (այսօր Ս.Գ.): Իսկ առայժմ միայն կարող եմ նշել, որ որեւիցե տեղ պարոն Քոչարյանը շտապ չի մեկնել եւ այս պահին Մոսկվայում չի:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԳՈՒՄԱՐԸ ՈՐՏԵՂԻ՞Ց
Նախկինում տեղեկացրել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, խախտելով օրենքը, չէր ներկայացրել 2014 թվականի հայտարարագիրը: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտարարագիրն, ի վերջո, ներկայացվել է: Ըստ այդմ, Ռոբերտ Սարգսյանն անցած տարվա վերջին դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 582 հազար դրամ: Սակայն ուշագրավն այն է, որ անփող պատգամավորը 2014 թվականին 35 հազար դոլար արժողությամբ «Mercedes-Benz G 500» մակնիշի ավտոմեքենա է գնել: Թե ինչ գումարներով, պարզ չէ: Նկատենք, որ հայտարարագրեր ներկայացնելու իմաստը հենց այն է, որ պաշտոնյաներն իրենց ամեն մի լումա եկամուտի համար պատասխան տան: Բայց ինչպես տեսնում ենք՝ այդ ամենը զուտ ձեւական բնույթ է կրում: Հիշեցնենք, որ Ռոբերտ Սարգսյանը պատգամավոր է դարձել Ավանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից: Իսկ նրա արժանիքն այն է, որ նա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է:

 

ԴԵՍՊԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր Դեսպան Օլեգ Եսայանը Հայաստանում է: «Ժողովուրդ»-ը երեկ նկատել է, որ Օլեգ Եսայանը ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց նախարարության մի խումբ աշխատակիցների ինչ-որ հանձնարարականներ է տալիս: Մենք փորձեցինք ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզել՝ արդյոք դեսպանի Հայաստան վերադառնալը կապված է վերջին օրերին թափ հավաքող բողոքի ակցիաների հետ: Ի պատասխան՝ Տիգրան Բալայանն ասաց, որ Օլեգ Եսայանը Հայաստան է վերադարձել՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի մեկնարկից հետո ռուսական լրատվամիջոցները մեկը մյուսին հերթ չտալով՝ փորձում են հայաստանյան ցույցերի թիկունքում արեւմտյան դավադրություններ գտնել:

 

ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը «Տիգման գրուպ» ՍՊԸ-ի հետ հունիսի 12-ին պայմանագիր է կնքել, որով ձեռք է բերել 36 մետր շերտավարագույր: Դրանք եղել են հատուկ մշակված կտորից, իսկ շերտերի լայնությունը՝ 12.5 սմ: Դրա համար ՀՀ ՔԾԽ-ն պետբյուջեի միջոցներից վճարել է 324 հազար դրամ:




Լրահոս