Ինչո՞ւ ոստիկանությունը չի շտապում պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած ոստիկաններին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայի ցուցարարների հետ շփումների ընթացքում արդեն անգամ անկառավարելիության աստիճանի բարկացած հայտարարում է, թե ոստիկանությունն է ժողովրդի պաշտպանը, թե իր համար անհասկանալի է, երբ ինչ-որ մարդիկ փորձում են կենդանի պատ կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, եւ որ պետք է վստահել ոստիկաններին եւ հավատալ իշխանություններին: Իսկ չվստահողներին եւ չհավատացողներին էլ Գասպարյանն առաջարկում է իր կողմից արդեն կիրառած «քաղաքական աղոթքի» մեթոդը:

Մինչդեռ, եթե իշխանությունները ցանկանում են, որ ժողովրդի մոտ վերականգնվի վստահությունն ու հավատն իրենց հանդեպ, ապա պարտավոր են շատ արագ եւ առարկայական քայլեր կատարել այդ ուղղությամբ: Եվ որպես առաջին նման քայլ կարող էր եւ պետք է լիներ հունիսի 23-ին խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բիրտ ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ ոչ միայն գործ հարուցելը, այլեւ արդեն իսկ այս օրերին կոնկրետ արդյունքները ներկայացնելը: Սակայն կատարվածից յոթ օր անց Վահրամ Շահինյանի ղեկավարած հատուկ քննչական ծառայությունում դեռ մտմտում են` արժի արդյոք քրեական գործ հարուցել, թե ոչ:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանության կողմից իրականացված բռնությունների կապակցությամբ նույն Վլադիմիր Գասպարյանն իր չորսրոպեանոց խոսքում ուղիղ վեց անգամ ներողություն էր խնդրել` հավաստիացնելով, թե իրենց սխալներից դասեր կքաղեն, քանի որ ունեն այդ կամքը: Արդ` ինչու հենց հիմա ի ցույց չեն դրվում այդ դասերը, չէ որ հենց հիմա է, որ Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդներին տուն ուղարկելու համար այնքան կարեւոր է վստահության վերականգնումը: «Սանիթեքի» աշխատակցի դիմումին ոստիկաններն այնքան արագ արձագանքեցին` քրեական գործ հարուցելով եւ փորձելով պողոտայից հանել աղբամանները, ինչու նույնպիսի օպերատիվություն չի դրսեւորվում խաղաղ ցուցարարների եւ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Նկատենք, որ այս հարցը երեկ Վալերի Օսիպյանին ուղղում էին հենց ցուցարարները, իսկ փոխոստիկանապետն, ինչպես միշտ, նման դեպքերում` «ջրում էր», փառք Աստծո, այս անգամ որ այդ անտանելի ջրցան մեքենայով:

Իսկ ինքը` Վլադիմիր Գասպարյանը, մոռացած իր ներողություններն ու բարեփոխվելու «քաղաքական կամքը», նախօրեին բղավում էր եւ հրահանգում «չքվել աչքից», նաեւ սպառնում ցուցարարներին, թե պողոտայից դուրս չգալու դեպքում «կմաքրվեն» հունիսի 23-ից «ավելի խիստ ձեւով»: Այսքանից հետո բնական է, որ Բաղրամյանը չի հավատում իշխանության «արցունքներին»:




Լրահոս