Գալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունը պարտադիր կունենա իր թեկնածուն, որի մասին կհայտարարվի մինչև հունվարի 4-ը, և հանուն Հայաստանի կհամագործակցեն յուրաքանչյուրի՝ այդ թվում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանը:
“Իմ անձնական կարծիքով այդ թեկնածուն կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես բացի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունից, այլ թեկնածու չեմ տեսնում: Ես գիտեմ, թե Սերժ Սարգսյանն ինչպես դարձավ նախագահ, ռազմական հեղաշրջման արդյունքում, մարտի 1-ին մարդկանց գնդակահարելով”,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Խոսելով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության և ՀԱԿ-ի հնարավոր համագործակցության մասին, ՀԱԿ անդամը ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած մարդու հետ, ով կողմ է Հայաստանի զարգացմանը:
“Եթե մեկը ցանկանում է, որ Հայաստանի համար լավ լինի, մենք նրա հետ էլ կհամագործակցենք, նույնիսկ Սերժ Սարգսյանի”,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: