Գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու. Վրաստանի գյուղնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային երկօրյա այցով հուլիսի 6-ին Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար  Օթար Դանելիան: Գործընկերոջը դիմավորել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:

Այս նպատակով երկու երկրների գյուղատնտեսության նախարարները  նախօրեին մասնավորապես այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» եւ «Գոլդն Գրեյփ Արմաս» ընկերություններ:

Նախարարները շրջել են Արարատի սննդի կոմբիտատի բնական հյութերի, թեյի եւ մուրաբաների, պահածոների արտադրամասերում, հետեւել արտադրության կազմակերպման գործընթացին, ծանոթացել այստեղ ներդրված տեխնոլոգիաներին, մասնավորապես շվեդական  հոսքագծի աշխատանքին, ինչպես նաեւ եղել են ընկերության լաբորատորիայում:

Ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի հավաստմամբ՝ ընկերությունն ունի տարածաշրջանում ամենամեծ լաբորատորիաներից մեկը, որը հագեցած է գերժամանակակից, թանկարժեք սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք վերահսկել ապրանքի բարձր որակը:

Այնուհետեւ երկու հարեւան երկրների նախարարներն ուղեւորվել են Արագածոտնի մարզում գտնվող «Գոլդն Գրեյփ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: Սերգո Կարապետյանն ու Օթար Դանելիան շրջել են խաղողի այգիներում, իտալական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գինու եւ կոնյակի գործարանում, որտեղ արտադրվում են «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ եւ վարդագույն գինիներ: Արտադրանքը սպառվում  է ոչ միայն ներքին շուկայում, այլեւ արտահանվում է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Սերգո Կարապետյանի խոսքով` վրացի գործընկերներն առավելապես հետաքրքրված են պահածոների արտադրության, ձկնաբուծական տնտեսությունների, անասնապահական ֆերմաների զարգացման հայկական փորձի ուսումասիրությամբ եւ իրենց երկրում ներդրման հնարավորություններով:

«Որպես հարեւան երկրներ` մենք գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու, եւ այս այցը հատկապես կարեւոր է փորձի փոխանակման, ինչպես նաեւ գործընկերային հարաբերությունների սերտացման առումով»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` նախատեսվում է նաեւ իր պատասխան այցը Վրաստան:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի բարձր մակարդակով:

«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան, եւ ես շատ ուրախ եմ հյուրընկալվել ձեր երկրում: Պետք է նշեմ, որ մեզ շատ տպավորել է, թե որքան զարգացած է ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտը: Համոզված եմ, որ մենք շատ հարցերում կարող ենք միմյանց օգնել, աջակցել, փորձի փոխանակում իրականացնել», – նշել է նախարար Դանելիան:

Օթարի Դանելիան վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության, ինչպես նաեւ արտահանման մեծ ներուժ, որը հարկավոր է օգտագործել:

Այսօր Վրաստանի եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարներն այցելել են Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարաններից մեկը, «Սպայկա» ընկերության ջերմոցային տնտեսություններ, որտեղ ամսաբողկի մշակություն է իրականացվում, այնուհետեւ ուղեւորվել Ջերմուկի անասնապահական համալիր:




Լրահոս