ԵՐՇԻԿԵՂԵ՞Ն, ԹԵ՞ ԱՂԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց երշիկեղենի շուկայում անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողների ցանկը:
Դրանք են` «Մուշ»-ը, «Ա. Բիլյան»-ը, «Առ Դելիկատես»-ը, «Նատֆուդ»-ը, «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»-ը, «Մարիլա»-ն, «Բաբիկ 90»-ը, «Էրեբունի աստղ»-ը, «Հայր եւ որդի Գալստյաններ»-ը, «Երեմկա»-ն, «Էլիտ Պրոդ»-ը, «Ա. Շիրվանյան եւ ընկերներ»-ը, «Արտյոմ եւ Հրայր եղբայրներ»-ը, «Լումա»-ն, «Կարինե եւ Նարինե»-ն, «Նեպտուն Մար»-ը, «Սոս 97»-ը, «Տիրան Ղազարյան»-ը, «Գայան Ջամե»-ն, «Բարի արագիլ»-ը, «Արթուր Հակոբյան» ԱՁ-ն:
Տուգանելիս ՏՄՊՊՀ-ն հաշվի է առել տնտեսվարողների ապրանքաշրջանառության ծավալները, շուկային հասցված վնասի չափը եւ նախկինում դրսեւորած վարքագիծը: Այսպիսով՝ օրինախախտ ընկերությունները տուգանվել են նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:
Երշիկ արտադրող ընկերությունների փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ: Երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի եւ խոզի բարձրորակ միս: «Մինչդեռ բացահայտվել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու եւ այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում, նման դեպքեր բացահայտվել են նաեւ երեխաների համար նախատեսված մանկական անվանումով երշիկների պարագայում»,-տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: Պարզվել է, որ երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը:
Բացահայտվել են նաեւ մի շարք օրենսդրական բացեր, ինչի հետ կապված՝ ՏՄՊՊՀ-ն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի համապատասխան առաջարկությունների փաթեթ: «Որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16 տոկոսը, սակայն մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե կոնկրետ որքան պետք է լինի այն կամ կոնկրետ ինչ բաղադրիչներ են անթույլատրելի»,-լրացրեց Գ. Սահակյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայր եւ որդի Գալստյաններ» ընկերության ներկայացուցչի հետ, որը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունում յուրաքանչյուր շաբաթ լաբորատոր հետազոտություն է անցկացվում. «Մենք համաձայն չենք ՏՄՊՊՀ-ի որոշման հետ: Բաներ կան, որոնց հետ համաձայն չենք»:
«Մարիլա»-ի տնօրեն Ալյոշա Մկրտչյանը նույնպես համաձայն չէ ՏՄՊՊՀ-ի որոշման հետ. «Փաթեթի վրա գրված է, որ բաղադրության մեջ կա խոզի, տավարի միս եւ համեմունքներ: Սակայն չենք մանրամասնել, թե ինչ համեմունքներ են: Իսկ սա թեթեւ խախտում է: ՏՄՊՊՀ-ն ընդհանուր հրապարակել է, թե տավարի եւ խոզի մսի փոխարեն գոմեշի միս կա երշիկի մեջ, բայց իրականում այդպես չէ: Դա մեզ չի վերաբերվում: Սա կարող է մոլորության մեջ գցել սպառողին»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս