Գյուղատնտեսության նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:

Հանդիպման սկզբին նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և գյուղատնտեսության բնագավառում սերտ համագործակցության համար:

«Վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բավականին մեծ առաջընթաց: Այդ հաջողությանը մեծապես նպաստել են Եվրամիության հետ իրականացվող համատեղ ծրագրերն ու անձամբ Ձեր գործունեությունը», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ առավել շոշափելի արդյունքներ երկկողմ համագործակցության շնորհիվ վերջին շրջանում հաջողվել է գրանցել, մասնավորապես սննդամթերքի անվտանգության ապահովման և այդ ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման գործում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար` դեսպան Տրայան Հրիսթեան համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաջորդ ղեկավարի օրոք երկկողմ համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի: Միաժամանակ նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի օժանդակություն և աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը մաղթել է Տրայան Հրիսթեային աշխատանքային հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:




Լրահոս