«ՆԱԻՐԻՏ» ՓԲԸ-ԻՑ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՏՈ՞ՒՅՑ ՏՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին բուռն քննարկումներ ու բացահայտումներ են արվում կաուչուկ արտադրող հսկայի` «Նաիրիտ» գործարանի սեփականատերերի կասկածելի գործարքների, ստացած գերշահույթների, ինչպես նաեւ գործարանը միտումնավոր սնանկացնելու գործընթացների ու նպատակների մասին: Սակայն դատական մի գործընթացից կարելի է ենթադրել, որ ինչ-որ բան փոխվել եւ հակառակ ուղղությամբ է գնում…
Նախ հիշեցնենք, որ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ուսումնասիրելով «Նաիրիտ»-ի պատմությունը, հայտարարել էր, որ տեղի է ունեցել պետական միջոցների՝ 31 մլն դոլարի հափշտակություն, եւ այդ մասին հաղորդագրություն ուղարկել իրավապահներին՝ նշելով. «2006թ. «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90%-ի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպությանը, 20 հազար ֆունտ ստեռլինգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը»: Առաքելյանը նաեւ նշել էր, որ այդ ընկերությունը «Մեժգոսբանկ»-ում գրավ է դրել ՀՀ ԿԲ-ի (որի նախագահն այն ժամանակ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանն էր) նվեր տված «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90%-ի փաթեթը, ստացել 70 մլն դոլար վարկ, որից 39 մլն-ն է փոխանցել պետբյուջե, իսկ մնացած 31 մլն-ը՝ «անհետացրել»:
Չնայած այդ «բարի» նախաձեռնությանը՝ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող կաուչուկ արտադրող «Նաիրիտ»-ը բարգավաճելու փոխարեն  «խրվեց» պարտքերի մեջ, մինչդեռ, ըստ պարոն Առաքելյանի, կաուչուկը դրսում շատ թանկ գնով էր վաճառվում, եւ «Նաիրիտ»-ի տերերը (գործարանի  փոխտնօրենը վարչապետի եղբայրն է) գերշահույթներ էին ստանում: Եւ մինչ «Նաիրիտ»-ի աշխատողները ցույցերով իրենց 10 ամսվա աշխատավարձերն են ուզում սնանկացման գնացող «Նաիրիտ»-ից, հայրենի իշխանություններն էլ՝ նրանց հույս տալիս, թե ուր որ է՝ «Իտեռա»-ն կամ Եվրասիական զարգացման բանկը 100 մլն դոլարով կգան՝ «Նաիրիտ»-ը փրկելու, դատարանում գործընթաց է գնում. պետությանը՝ «Նաիրիտ» ԲԲԸ-ին թողնված 10 տոկոս բաժնեմասը կարծես թե ավելացնում են 883 մլն դրամով՝ թեթեւացնելով «Նաիրիտ» ՓԲԸ-ի վերցրած փայը:
Դատական գործի պատմությունը սկսվում է 2000թ.-ից եւ ձգվում մինչ օրս: Հ. Առաքելյանի՝ 2011-ի հայտարարություններից հետո՝ այս տարի, «Նաիրիտ» ԲԲԸ ներկայացուցիչները դիմել են դատարան՝ ընդդեմ «Նաիրիտ» ՓԲԸ-ի եւ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանի: Հայցվորը ՓԲԸ-ից պահանջում է վնասը հատուցել եւ 883.858.116 դրամ գումարը բռնագանձել: Ըստ ԲԲԸ-ի՝ նախապատմությունն այսպիսին է. ՀՀ կառավարության 26.12.2000թ. թիվ 875 որոշման համաձայն` «Նաիրիտ» ԳԱՄ գործունեությունը կարգավորելու նպատակով արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը պետք է ավելացներ «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը` տեղաբաշխելով 16 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով լրացուցիչ բաժնետոմսեր: Իսկ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը պետք է ապահովեր «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի կողմից «Նաիրիտ-1» եւ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ների հիմնադրամը: «Նաիրիտ-1» ՓԲԸ-ն պետք է ստեղծվեր «Նաիրիտ»-ի (մասնատվող) մեջ մտնող քիմիական գործարանի եւ դրա հետ տեխնոլոգիապես կապված շինությունների ու այլ կառույցների ներդրմամբ: Գործարանի բաժնետիրոջ (ՀՀ) նախաձեռնությամբ կայացած «Նաիրիտ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 16.02.2001թ. որոշմամբ պետք է հաստատվեր այն գույքի ցանկը, որը պետք է ներդրվեր «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի թողարկվող բաժնետոմսերի դիմաց: Արդյունքում՝ «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացել է 5.999.990.090 դրամով, եւ թողարկվել են այդ գումարի չափով 599.999 հատ բաժնետոմսեր, որոնց դիմաց ներդրվել է ժողովով հաստատված համապատասխան գույքը: 2001թ. հունիսի 1-ին ՓԲԸ-ի եւ ԲԲԸ-ի միջեւ կնքվել է «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին պայմանագիր, այնուհետեւ՝ գույքի հանձնման-ընդունման ակտ, որով ԲԲԸ-ն հանձնել է, իսկ ՓԲԸ-ն ընդունել 5.999.990.090 դրամ արժողությամբ գույք՝ դրա դիմաց վճարելով բաժնետոմսերով: Սակայն 2008-ին ՓԲԸ-ն գտել է, որ ԲԲԸ-ն չի տրամադրել իրեն հասանելիք ամբողջ գույքը, եւ դրա արժեքը՝ 883.858.116 դրամը, պետք է բռնագանձվի ԲԲԸ-ից՝ որպես վնաս (բաց թողնված օգուտ): Այդ հայցով ՓԲԸ-ը մտել է Շենգավիթ վարչական շրջանի դատարան եւ շահել: Սակայն այս տարի նույն այդ գումարը հետ վերադարձնելու պահանջով նույն դատարան է դիմել նաեւ ԲԲԸ-ն եւ կրկին շահել՝ փաստարկելով, որ պայմանագրում նշված  5.999.990.090 դրամի գույքից բացի, ԲԲԸ-ն այլ բան չպետք է տար ՓԲԸ-ին. այլապես ստացվում է, որ 883 մլն-ն անհատույց է տրվել, սակայն դրա դիմաց ոչ մի բաժնետոմս չի ստացել ՓԲԸ-ից: Իսկ նման բան չի կարող լինել: Եւ դատարանը վճռել է՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ից հօգուտ «Նաիրիտ» ԲԲԸ-ի, որպես լրացուցիչ թողարկման ենթակա բաժնետոմսերի չտրամադրման հետեւանքով առաջացած վնաս, բռնագանձել 883.858.116 դրամ: Մինչդեռ ՓԲԸ-ն առարկել էր հայցի դեմ եւ խնդրել մերժել, քանի որ նախկինում նույն հանգամանքների շուրջ կա 2009-ին քննված գործ:
Հ.Գ. Չի բացառվում, որ հետ վերադարձվող գույքով փորձում են օգնության հասնող ընկերությանը՝ «Իտեռա»-ին, կամ այլ կազմակերպության ցույց տալ, որ այնտեղ գույք կա, որը փող արժե, եւ կարելի է ներդրում անել: Ի՞նչ է սա՝ նախընտրական «վազվրա՞տ»…

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս