Երվանդ Զախարյանի աշխատաոճից կարելի է կարծել, որ նրան «զոռով» են նշանակել այդ պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «վրա նախարար չի գալիս». դա հստակ դարձավ արդեն 2014թ. ապրիլին, երբ այդ պաշտոնում նշանակեցին Երվանդ Զախարյանին: Սույն նախարարի աշխատաոճից կարելի է կարծել, որ նրան «զոռով» են նշանակել:

Իր գործունեության ավելի քան մեկ տարվա ընթացքում Զախարյանի մասնագիտական էնտուզիազմի իսպառ բացակայությունը դրսեւորվում է ինչպես ՀՀ Կառավարության նիստերի ընթացքում, այնպես էլ լրագրողների հետ շփումներում, երբ վերջինս մեր գրեթե բոլոր հարցերին պատասխանում է «մյուս անգամ Ձեր հարցերին կպատասխանեմ», կամ էլ, եթե տրամադրությունը տեղն է՝ «Ձեր հարցերն ուղղեք գրավոր» արտահայտությամբ: Ակնհայտ է, որ Ե. Զախարյանն արդեն այն տարիքում է, որ անգամ «հավես» չի էլ անում խոսելու:

Երվանդ Զախարյանի անգործությունն ավելի ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ «Նաիրիտ»-ի աշխատակիցներն ամիսներ շարունակ պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը, իսկ Ե. Զախարյանն ամեն օր նրանց խաբում էր վաղը կամ մյուս օրը վճարելու խոստմամբ: Արդյունքում «Նաիրիտ»-ի աշխատակիցներն այլեւս կտրականապես հրաժարվում էին հանդիպել նախարարի հետ՝ նշելով, որ նա իրենց անվերջ «խաբում» է: Ամիսներ շարունակ խաբելուց հետո, ի վերջո, նաիրիտցիներին վճարեցին իրենց հասանելիք գումարները, ինչից հետո նախարարն իր առաքելությունը համարեց ավարտված:

«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե այս օրերին ինչով է զբաղված ՀՀ-ի ամենախնդրառատ նախարարություններից մեկի ղեկավարը: ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ե. Զախարյանի վերջին «գործը» հուլիսի 28-ին ԻԻՀ արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպումն է եղել:

Իսկ դրան հետեւած օրերին նախարարի գործունեության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն կայքում չկա: Ստացվում է` 10 օրից ավել է, ինչ նախարարը ոչինչ չի՞ արել: Եթե անգամ Զախարյանն արձակուրդում է, ապա ինչո՞ւ են դա թաքցնում հանրությունից, որեւէ պաշտոնական տեղեկություն չկա դրա մասին:

Ի դեպ, նախարարն անգամ մամլո խոսնակ չունի, ու դա նրան երեւի չի էլ անհանգստանցում, քանի որ նրա համար շատ ավելի հարմար է, երբ լրատվամիջոցներն իր ղեկավարած գերատեսչությանը չեն անդրադառնում. «շառից փորձանքից հեռու» ապրում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս