Ովքեր են Սերժ Սարգսյանի ներկայիս խորհրդականները և ինչով են զբաղվում իրականում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն ավանդույթ է ձևավորվել, համաձայն որի՝ երբ որևէ պատասխանատու պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, եթե նրան դեսպան նշանակելու հնարավորություն չի լինում, ապա նա համալրում է նախագահի խորհրդականների շարքը: Այսպես, Սերժ Սարգսյանն ունի 9 խորհրդական, որոնց մեծ մասը նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Թե ինչով են նրանք զբաղվում՝ հատնի չէ:

Բայց նախագահի խորհրդականների տրցակն առավել պատկերավոր դարձնելու համար նրանց ներկայացնենք անուն առ անուն:

aram-gharibyan

Այսպես, Արամ Ղարիբյանը զբաղեցնում է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Նա 1997-ից մինչեւ 1999 թվականը եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, իսկ 2000 թվականից մինչեւ 2008-ը՝ ղեկավարել է սեփական ընկերությունը: 2008-ից մինչեւ 2011-ը եղել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականը, որից հետո մինչ օրս նա զբաղեցնում է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը եւ ամսական ստանում է 514 հազար դրամ աշխատավարձ (սա մաքուր աշխատավարձն է՝ պահումները հանած): Արամ Ղարիբյանի դեպքում կարող ենք ասել, որ նրա նշանակումը ձեւական չէ, ինչպես Սերժ Սարգսյանի շատ խորհրդականների դեպքում:

vardan-xachatryan

Այսպես, Սերժ Սարգսյանի հաջորդ խորհրդականը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Վարդան Խաչատրյանն է: Նա 2000 թվականից մինչեւ 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Պաշտոնանկությունից հետո նշանակվել է Ս.Սարգսյանի խորհրդական եւ մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը` ամսական ստանալով 343 հազար դրամ աշխատավարձ: Հիշեցնենք, որ որպես նախարար պաշտոնավարելիս Խաչատրյանը մի քանի անգամ աղմկոտ պատմությունների մեջ ընկավ, որոնք հիմնականում կապված էին գիշերային ակումբներ այցելելու նրա նախասիրության հետ:

miqayel

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը նախագահականում միանգամից երկու պաշտոն է համատեղում՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի եւ խորհրդականի պաշտոնները: Հարությունյանը 1994 թվականից մինչեւ 2007 թվականը զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: 2007-ի մարտին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ, Հարությունյանը նշանակվեց Պաշտպանության նախարար: Նկատենք, որ Հայաստանի կառավարման համակարգում պաշտպանության նախարարությունը մշտապես առանցքային տեղ է զբաղեցրել եւ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելը որքան որ անհասկանալի էր, միաժամանակ ուներ իր բացատրությունը: Բանն այն է, որ նա այն եզակի անձանցից էր, որն այդ պաշտոնը զբաղեցնելով՝ քաղաքական կշիռ ձեռք չէր բերի եւ հլու-հնազանդ կկատարեր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրամանները` դիմացը ոչինչ չպահանջելով: Միքայել Հարությունյանը համարվում է Մարտի 1-ի իրադարձությունների հիմնական կազմակերպիչներից մեկը, քանի որ հենց նա է եղել այն նախարարը, որը չի խորշել եւ հրամայել է ՀՀ Զինված ուժերը հանել ՀՀ քաղաքացիների դեմ՝ իշխանության գործող համակարգը պահպանելու համար: Եւ 2008-ից նա ամսական ստանում է 1 միլիոն 250 հազար դրամ աշխատավարձ: Նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է Ս. Սարգսյանի հատուկ հրամանագրով եւ ավարտվելու է 2016 թվականի փետրվարի 9-ին՝ Հարությունյանի 70-ամյակի նախօրեին:

alik

Գաղտնիք չէ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարիերայի գագաթնակետը ՀՀ ոստիկանապետի պաշտոնն էր, որում նա նշանակվեց 2008-ի մայիսին, իսկ մինչ այդ՝ սկսած 2000 թվականից՝ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը: Ալիկ Սարգյանը՝ որպես ոստիկանապետ, պաշտոնավարեց մինչեւ 2011 թվականի նոյեմբերը, իսկ պաշտոնանկությունից անմիջապես հետո համալրեց Ս.Սարգսյանի խորհրդականների շարքը՝ ստանալով 480 հազար դրամ աշխատավարձ:

0a7be2b66aa487a0b3c48b6285babdbf

Ֆելիքս Փիրումյանն այն եզակի խորհրդականներից է, որին Սերժ Սարգսյանը երկու անգամ է այդ պաշտոնում նշանակել: Նա, մինչեւ Սերժ Սարգսյանի խորհրդական դառնալը, հասցրել է 1993-ից 1995-ը լինել ՀՀ շինարարության նախարար, 1995-ից 1999-ը՝ քաղաքաշինության նախարար, 1999-ից 2003 թվականը եղել է Շիրակի մարզպետ, 2003-ից 2004-ը զբաղեցրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2008-ի հուլիսից մինչեւ 2010 թվականը եղել է Սերժ Սարգսյանի խորհրդականը: 2010-ի մայիսից մինչեւ 2012 թվականը ղեկավարել է «Հյուսիս-Հարավ» ԾԻԳ-ը: Այդ պաշտոնից ազատվելուց հետո կրկին նշանակվել է որպես Սերժ Սարգսյանի խորհրդական, ամսական ստանում է 480 հազար դրամ աշխատավարձ: Փիրումյանի պաշտոնավարման տարիներին նրա անվան հետ կապված զանազան զվարճալի պատմություններ էին շրջանառվում: Մասնավորապես, ասում են, որ 2000-ականների սկզբին, երբ բջջայինը նոր էր կիրառվում, Փիրումյանը բջջայինով ինչ-որ մեկին է զանգահարում եւ լսելով «Բաժանորդն անհասանելի է» պատասխանը՝ զայրանում է. «Ազիզ ջան իրեն ասա՝ Փիրումյանն է զանգում, թող հեռախոսը վերցնի»:

armen-movsisyan.jpg1

Արմեն Մովսիսյանը խորհրդականի պաշտոնում նորեկներից է: 2001-ի ապրիլից մինչեւ 2014-ի ապրիլը նա զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը (2008-ին էներգետիկայի նախարարությունը դարձել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն): Հայաստանի ամենախոշոր կոռուպցիոն պատմությունները` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականաշնորհումը եւ «Նաիրիտի» փոշիացումը, կապվում է հենց Մովսիսյանի անվան հետ: Իշխանական շրջանակներում Մոսվսիյանը «Կորեյկոյի» համբավ ունի, քանի որ նա աշխատում է ի ցույց չդնել իր հարստությունը, սակայն բոլորը համոզված են, որ նա Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որը Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնում ստանում է 270 հազար դրամ աշխատավարձ:

Armen-Smbatyan

Արմեն Սմբատյանը եւս Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնում նորեկ է: Նա ընդամենը մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնում: 1996-ից 1998 թվականները Սմբատյանը եղել է ՀՀ մշակույթի նախարար, այնուհետեւ՝ 2002-ից մինչեւ 2010 թվականը՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Սմբատյանը եւս իշխանական շրջանակներում ընկալվում է որպես ստվերային անձնավորություն: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, նա ՌԴ-ում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում հասցրել է բազմաթիվ բիզնեսներ հիմնել, բայց, որպես կանոն, աշխատում է թաքցնել իր հարստությունը: Ուստի, ամենեւին էլ պատահական չէ, որ նա իր պաշտոնական հայտարարագիրն այդպես էլ չի ներկայացրել:

Սերժ Սարգսյանի խորհրդականների շարքում նշված է նաեւ Գագիկ Գուրգենի Գեւորգյանի անունը: Վերջինիս մասին, հիրավի, ոչինչ հայտնի չէ: Նույնիսկ համացանցում նման անձի մասին ոչ մի տեղեկություն եւ լուսանկար չկա: Ով է նա, մինչ այդ ինչ գործունեությամբ է զբաղվել եւ ինչ խորհուրդ կարող է տալ Սերժ Սարգսյանին՝ հայտնի չէ: Մենք պարզեցինք միայն, որ նրան աշխատավարձը վճարվում է ռուսական ռուբլով` ամսական 110 հազար ռուսական ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ 800 հազար դրամ):

211

Սերժ Սագսյանի խորհրդականներից է նաեւ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Հաշվի առնելով, որ վերջինս հոգեւորական է, նրա անձին անդրադառնալու կարիք, կարծում ենք, չկա:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տարեկան հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվում վերը թվարկված մարդկանց վրա` նրանց եւ իրենց քարտուղարուհիներին աշխատավարձ վճարելու, նրանց ծառայողական ավտոմեքենաների եւ վարորդների պահպանման եւ մի շարք այլ կարիքները հոգալու համար: Սակայն կասկածից վեր է, որ նրանց գերակշռող մասի համար խորհրդականի պաշտոնն ընդամենը թոշակի պես մի բան է, ինչպես նաեւ՝ իշխանությունների հետ մշտապես կապված լինելու միջոց: ՀՀ նախագահն իրականում երբեւէ չի լսում նրանց խորհուրդները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս