ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, սակայն ՀՀ իշխանություններն առանձնապես չեն շտապում այդ փաստաթղթի քարոզչությունն իրականացնել: Լրատվական դաշտն ամբողջությամբ ողողված է նոր Սահմանադրության նախագծի քննադատություններով, ըստ այդմ, նաեւ իշխանություններին հասցեագրված զանազան մեղադրանքներով: Իշխանությունների ներկայացուցիչները նույնիսկ լրագրողների հարցերին ի պաշտպան առանձնապես չեն ջանում գովել նոր Սահմանադրության նախագիծը: Այնպիսի տպավորություն է, որ նրանց համար միեւնույն է՝ կհաջողվի այդ փաստաթուղթը «սղացնել» եւ դրան իրավական ուժ տալ, թե գործընթացը կտապալվի:

Այն, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Սերժ Սարգսյանը նախաձեռնել է՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար, վաղուց հաստատված փաստ է, եւ նույնիսկ իշխանությունները չեն հերքում այդ պնդումը: Նոր Սահմանադրության նախագիծը «անցկացնելու» դեպքում Սերժ Սարգսյանը փաստացի ստանում է մի իրավիճակ, որի ամենամեծ արդյունքը լինում է այն, որ նա «խաղից դուրս է բերում» բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ընթացքում անողոք պայքար կծավալեն Սահմանադրական փոփոխությունների դեմ: Մասնավորապես, այս ճանապարհով Սերժ Սարգսյանը լիարժեք կկազմալուծի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա կուսակցությանը` հերթական անգամ նրանց մատնելով պարտության: Սերժ Սարգսյանը կիրառության մեջ դնելով նոր Սահմանադրությունը՝ «կչեզոքացնի» նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս չնայած Սերժ Սարգսյանի ընկերն է, սակայն մյուս կողմից էլ իշխանության տնօրինման հարցում նրանք մեկմեկու հիմնական մրցակիցներ են: Նոր Սահմանադրության նախագծի կիրառության դեպքում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հավակնի վերադառնալ իշխանության, պետք է սեփական կուսակցությունը ստեղծի: Այս տարվա փետրվարի հայտնի իրադարձություններից հետո, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանն ամբողջությամբ «վնասազերծեց» ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը փաստացի մնացել է առանց կուսակցական աջակցության: Նոր Սահմանադրությունը կիրառության մեջ դնելով՝ Սերժ Սարգսյանը կարող է Հայաստանը ղեկավարել առանց որեւէ պետական պաշտոն զբաղեցնելու` լինելով ՀՀԿ նախագահ, եթե, իհարկե, իշխանություններին հաջողվի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց ցանկալի արդյունքներն արձանագրել:
Թվում է, թե նոր Սահմանադրության նախագծի տապալվելու դեպքում Սերժ Սարգսյանի պլանները պետք է ձախողվեն: Սակայն ընդամենն առաջին հայացքից է այդպես: Իրականում սահմանադրական հանրաքվեն տապալելու դեպքում Սերժ Սարգսյանը իշխանությունը չի կորցնում: Առնվազն միամտություն է կարծել, թե հանրաքվեի տապալման հիմքով Հայաստանում կարող է իշխանափոխություն լինել: Հանրաքվեի տապալմամբ իշխանափոխությունը ենթադրում է հեղափոխություն: Իսկ թե որքանով է հնարավոր, որ Հայաստանում այսօր կամ վաղը հեղափոխություն տեղի ունենա, կարծում ենք՝ բոլորին է հասկանալի: Հանրաքվեի տապալման արդյունքում նոր Սահմանադրության նախագծին դեմ ակտիվ պայքար ծավալած քաղաքական ուժերն ամեն դեպքում կչեզոքանան, քանի որ, երբ պարզվի, որ Սերժ Սարգսյանը, միեւնույն է, առնվազն մեկուկես տարի կշարունակի մնալ իշխանության, եւ դրանից նրան զրկելու համար անհրաժեշտ կլինի թույլ չտալ, որ նա 2017-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ձեւավորի: Այլ կերպ ասած՝ ստացվելու է, որ հանրաքվեի տապալման համար ծավալված բուռն պայքարն «անիմաստ» է եղել:
Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ Ռոբերտ Քոչարյանի հաշվարկներով, եթե կիսանախագահական համակարգը պահպանվի, ապա Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու իրեն խնդրել, որպեսզի դառնա իր իրավահաջորդը: Սակայն Սարգսյանի մերձավորները համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանն իզուր է հույսեր տածում, քանի որ ՀՀԿ-ն եւ նրա նախագահը չեն պատրաստվում իշխանությունը կիսել: Հանրաքվեն տապալելու դեպքում եւս Սերժ Սարգսյանի համար նշանակետը լինելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելը: Եթե նրան հաջողվի այդ խնդիրը լուծել, ապա 2018-ին նա ինչ-որ աննշան մեկին կդարձնի նախագահ, իսկ ինքը, ունենալով խորհրդարանական մեծամասնությունը, կստանձնի վարչապետի պաշտոնը եւ կլինի իշխանության իրական կրողը: Ի դեպ, Սերժ Սարգսյանի այն խոստումը, որ ինքը չի պատրաստվում ստանձնել վարչապետի պաշտոնը, վերաբերում է Հայաստանի խորհրդարանական կառավարմանն անցնելու պարագային: Այսինքն՝ հանրաքվեի տապալվելու դեպքում Սերժ Սարգսյանի «խոստումը» օրակարգից դուրս է գալիս:
Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների հետ կապված իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակում իշխանությունները ոչինչ չեն կորցնում, քանի որ նրանց կարեւորագույն խնդիրն իրականում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են: Եթե որեւէ մեկը ցանկանում է Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին հեռացնել իշխանությունից, ապա պարտավոր է խոստովանել այս փաստը եւ այսօրվանից սկսած պատրաստվել 2017 թվականի ընտրություններին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՄԱՏՆՎԱԾ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ազատամարտիկների դաշինք»-ը որեւէ գործունեություն չի ծավալում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փետրվարյան հայտարարությունից հետո դաշինքի անդամ ազատամարտիկները խուսափում են որեւէ գործունեություն ծավալել: «Ապարան» ջոկատի հրամանատար, դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ուղղակի այժմ արձակուրդային վիճակ է, բայց դաշինքի խորհուրդը ամեն շաբաթ հավաքվում է: «Շտաբը, բնական է, արձակուրդում է, Գագիկ Ծառուկյանի լինել-չլինելը կապ չունի: Որեւէ քաղաքական դեմքի գործունեության հետ մեր դաշինքը կապ չունի, մենք ընդամենը համագործակցել ենք, բայց որեւէ մեկի լինել կամ չլինելը կապ չունի մեր դաշինքի գոյության հետ»,-վստահեցրեց Պետրոսյանը:

 

ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ»-ը օրերս գրել էր, որ Սյունիքի մարզում գտնվող «ԼԵՌ-ԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իր 60 աշխատակիցներին ազատել է աշխատանքից՝ պատճառաբանելով, թե ֆինանսական խնդիրներ ունեն: Նշել էինք նաեւ, որ այն ղեկավարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Երեկ ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, թե իբրեւ Ս. Խաչատրյանը որեւէ առնչություն չունի ընկերության հետ, ու իրենք չեն կարող ասել, թե ինչու են այդ 60 աշխատակիցներն ազատվել աշխատանքից: ««ԼԵՌ-ԷՔՍ»-ը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին եւ որեւէ ձեւով կապված չէ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ: Հետեւաբար, ընկերության 60 աշխատակիցների աշխատանքից ազատելու մասին փաստը որեւէ առնչություն չի կարող ունենալ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ»,- ասացին մարզպետարանի լրատվականից:

 

ԳՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՔ
ՀՀ Կառավարության աշխատակազմն այս տարվա հուլիսի 9-ին «Իմանի Հոլդինգ» ընկերության հետ կնքած պայմանագրով 98 միլիոն դրամի կահույք է ձեռք բերել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կառավարության աշխատակազմը նշված գումարով 23 անուն կահույք է գնել: Տեղեկացանք, որ Կառավարության աշխատակազմը գնել է 480 հատ աթոռ, որի հատի համար վճարել է 47 հազար 500 դրամ, 19 հատ խոլ` հատը 720 հազար դրամ, 8 հատ բազկաթոռ՝ հատը 250 հազար դրամ եւ այսպես շարունակ: Կարելի է կարծել, որ ՀՀ Կառավարությունն այնքան է տնտեսությունը զարգացրել, որ այլեւս բոլոր հրատապ խնդիրները լուծվել են, եւ նման զարգացած երկրում ամոթ է, որ գործադիրում մի քանի տարվա հնության կահույք դրված լինի:
Ուշագրավն այն է, որ մի կողմից 98 մլն-ով կահույք են գնում, իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրում եւ բանակցային խումբ ձեւավորում` Եվրասիական զարգացման բանկից հերթական վարկը ստանալու շուրջ բանակցելու համար: Այսպես էլ կառավարում են:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԱՏՎԵՐՈՎ ՇՓՈԹԵՑՆՈՂ
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Ըստ նրա՝ պարզապես եղել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ գրելու որոշակի պատվեր, ու այդ պատվերը կատարվել է: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ մեր «վայ գիտնականները» փորձել են «արջի ծառայություն» մատուցել Սերժ Սարգսյանին, եւ, եթե նախագիծը նրա կողմից հավանության արժանանա, դա կնշանակի՝ նրանք կարողացել են շփոթեցնել Ս. Սարգսյանին:

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Մահացել է ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ գաղափարաքարոզչական բաժնի պետ, Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ, գրող, հրապարակախոս Հակոբ Հակոբյանը: 1987թ-ից Ղարաբաղյան շարժման անդամ է եղել: 2000թ.-ից աշխատում էր ՀՀ ԵԿՄ վարչությունում որպես գաղափարախոսության եւ քարոզչության բաժնի պետ:

 

ԼՂՀ ԳՈՎԱԶԴ
Ռուս գործարար, ներկայումս ԼՂ Շուշի քաղաքում հաստատված Գերման Ստերլիգովը հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին: Նա իր զարմանքն է հայտնել այն բանի առնչությամբ, որ Արցախում գտնվելու երկու ամսվա ընթացքում չի տեսել ոչ մի տեսահսկման սարք, ընդ որում, գողություն ու խուլիգանություն ընդհանրապես չկա: «Ես եղել եմ Բաքվում կյանքում մեկ անգամ, մեկ օրով: Դա բավական էր, որ ինձ թալանեին, ու ես մնայի առանց գումարի ու իրերի: Ղարաբաղում գողություն ընդհանրապես չկա: Ու ի՞նչ եք դուք կարծում՝ որտե՞ղ է ամենից շատ ինձ դուր եկել»,- գրել է Ստերլիգովը:

 

ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Երեկ՝ ժամը 11-ի սահմաններում, Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչներ՝ 58-ամյա Արամ Աթոյանը եւ 44-ամյա Արտակ Խանաղյանը մոտոցիկլով որսի են գնացել: Արտակ Խանաղյանը «ԻԺ-58» հրացանով կրակել, վիրավորել է փորսուղի: Երբ Ա. Աթոյանը մոտեցել է, փորձել է բահով հարվածել փորսուղին, Ա. Խանաղյանը 2-րդ անգամ է կրակել փորսուղին, սակայն գնդակը դիպել է Արամ Աթոյանի ազդրի արյունատար մեծ երակին, որի հետեւանքով նա մահացել է: Ա. Խանաղյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 («Անզգուշությամբ մահ պատճառելը») եւ 294 («Ապօրինի որսը») հոդվածներով:

 

ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո երեկ կյանքից հեռացել է մեր ժամանակների ամենաարժանավոր մարդկանցից մեկը` քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Լեւոն Մելիք-Շահնազարյանը, ով աշխատել է Երեւանի Անանիա Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարանի քաղաքագիտության ամբիոնում որպես դասախոս, ինչպես նաեւ եղել է «НК Республика» թերթի ռուսալեզու տարբերակի խմբագիրը: «Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմը ցավակցում է Լ. Մելիք-Շահնազարյանի հարազատներին եւ ընկերներին` ծանր կորստյան կապակցությամբ:




Լրահոս