Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) դադարեցնո՞ւմ է բիզնես գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության հուլիսի 23-ի հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ պետք է կես տարով հետաձգել տեսչական մարմինների ստուգումները: Վարչապետը հայտարարեց նաեւ, որ տնտեսվարող սուբյեկտներից բավական երկար ժամանակ է, ինչ բողոքներ է լսում, ինչի համար հորդորում է «հանգիստ» թողնել բիզնես գործունեություն իրականացնողներին:

Ընդունած որոշման համաձայն՝ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կտրուկ կսահմանափակվեն: Այսինքն` ստուգումներ կիրականացվեն միայն բարձր ռիսկային գոտում գտնվող տնտեսվարողների մոտ:

«Այս որոշման ընդունումը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին խստագույնս հետեւել օրենքի տառին եւ այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ Կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից:

Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, կարեւորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա ֆինանսական ցածր կարգապահություն դրսեւորող հարկ վճարողների նկատմամբ»,-նշել էր վարչապետը:

Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Կիլիկիայի Հակոբ հետ` պարզելու համար, թե այս ժամանակահատվածում ինչ արդյուք է տվել ՀՀ վարչապետի հանձնարարականը, արդյո՞ք տեսչական ստուգումների նվազեցումը դրական է անդրադարձել տնտեսվարողների գործունեության վրա:

-Պարո՛ն Հակոբյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է սահմանափակել տեսչական ստուգումների իրականացումը` տնտեսվարողներին լրացուցիչ խնդիրներից ազատելու նպատակով: Ի՞նչ է «շահել» Ձեր սեփականությունը հանդիսացող գործարանն այս ժամանակահատվածում:

-Նախ պետք է նշեմ, որ ես բիզնես գործունեությամբ չեմ զբաղվում, այն ամենն ինչ արվում է, արվում է իմ ընտանիքի անդամների կողմից: Դա ընտանեկան բիզնես է, որը ղեկավարում են իմ ընտանիքի անդամները: Իսկ ինչ վերաբերում է արդյունքներին, ապա կարծում եմ, որ դեռեւս շուտ է ինչ-որ բանի մասին խոսել, գոնե մեկ ամիս պետք է անցնի, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունք ունենք: Ես կարծում եմ նաեւ, որ վարչապետի հայտարարությունը շատ դրական է: Եթե խոսքն իմ ընտանեկան բիզնեսի մասին է, ապա ստուգումները չափի մեջ են եղել, բայց կարծում եմ, որ եթե բիզնեսը շատ ստուգվի, կսկսի դա ազդել բիզնեսի զարգացման վրա:

-Եթե տեսչական ստուգումներ չիրականացվեն, չե՞ք կարծում, որ գործարարները կսկսեն աշխատել օրենքից դուրս՝ ստվերային գոտում:

-Իհարկե, ստվերային հարցի հետ կապված, կարծում եմ, այդպես է, բայց այստեղ պետք է լինեն երկու կողմերի հետ հանդիպումներ՝ գործարարները հարկային ծառայության կառույցի հետ, քննարկումներ լինեն, որպեսզի որեւէ մեկը չափը չանցնի. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ես կարծում եմ, որ այդ դեպքում երկու կողմն էլ կաշխատեն օրենքի տառին համապատասխան: Դրանք հարցեր են, որոնք պետք է լուծվեն միասին:

-Այսինքն` այդ չափերն անցե՞լ էին տեսչական մարմինները, ինչի արդյունքում ստիպված եղավ միջամտել ՀՀ վարչապետը:

-Չափի հետ կապված հարցը, խնդրում եմ, ուղղե՛ք Հովիկ Աբրահամյանին, քանի որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:

-Բայց այդ ստուգումների պատճառով «Երեւան գարջուր» ընկերությունն այսօր հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: ՀՀ ֆինանսների նախարարությունը գործարանին 650 միլիոն դրամով տուգանել էր, դա չափի մե՞ջ էր:

-Մեզ մոտ ստուգումների հաճախականությունը չափի մեջ է եղել, այնպես չէ, որ երբ ուզել, եկել են, օրենքով սահմանված կարգով է դա եղել: Իսկ տուգանքը, կարծում եմ, որ շատ մեծ էր, չեմ ցանկանում, որպեսզի որեւէ տնտեսվարողի վրա նման տուգանքներ կիրառվեն, դա հավասար է նրան, որ տվյալ տնտեսվարողը պետք է դադարեցնի իր գործունեությունը:

-Այսինքն՝ Ձեր բիզնես գործունեությունն առաջիկայում դադարեցնելո՞ւ եք, այդ վտանգը կա՞:

-Ո՛չ, ո՛չ, այդ վտանգը մենք չունենք, գործը դատարանում է, ու ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի: Առաջիկայում վճիռը կկայացվի: Չեմ կարծում, որ փակման վտանգ կա. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին ամեն ինչ պարզ ու հստակ կլինի: Ես արդարությանը հավատում եմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս