ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան ամիսներին ավիատոմսերի շուկայում արձանագրված թանկացումների շուրջ գրեթե յուրաքանչյուր օր «Ժողովուրդ»-ի խմբագրությունը ՀՀ քաղաքացիներից բողոքներ է ստանում: Մեր հարցումները՝ ուղղված ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի շարք ընկերությունների եւ զբոսաշրջային գործակալությունների, փաստեցին, որ թանկացումներ եղել են բոլոր ուղղություններով: Սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության եւ տնտեսական կարգավորման վարչության փորձագետ Աննա Չոբանյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ այս տարի ավիատոմսերի շուկայում գնանկում է արձանագրվել: Այս առիթով էլ «Ժողովուրդ»-ը զրուցեց Աննա Չոբանյանի հետ:

-Բազմաթիվ ավիաընկերությունների ներկայացուցիչների խոսքերով՝ այս տարվա ամռանն ավիատոմսերի սակագները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի թանկ են: Այս առումով ուսումնասիրություններ անցկացրե՞լ եք: Ի՞նչն է պատճառը, որ այս տարի ավիատոմսերն ավելի թանկ են, քան նախորդ տարի:
-Ավիատոմսերի գների բարձրացման հետ կապված համաձայն չեմ: Մենք ունենք կիսամյակային կտրվածքով ուսումնասիրություն, ըստ որի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրվել է միջինում 2.8 տոկոս գնանկում: Ես հասկանում եմ, որ 2.8 տոկոս գնանկումն այն չէ, ինչին որ ուզում ենք հասնել, բայց ամեն դեպքում էլի անկում է:
-Խնդրում եմ նշեք, թե ո՞ր կառույցի կողմից է վերահսկվում ավիատոմսերի շուկան:
-Մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք ստեղծել պայմաններ, որպեսզի լինի մրցակցություն, դրա հետեւանքով՝ գնանկում: Բայց մենք չենք կարող գնալ եւ ավիաընկերությանը պարտադրել ավիատոմսերի գինն իջեցնել: Մենք՝ որպես պետական կառույց, դրա իրավունքը չունենք: Ավիատոմսերի շուկան վերահսկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:
-Իսկ եթե ավիատոմսերի գներն անհի՞մն են բարձրացված:
-Երբ կոնկրետ ավիաընկերություն չարաշահում է շուկայում իր դիրքը, այո՛, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քայլեր պետք է ձեռնարկի: Բայց դա պետք է նախ ապացուցվի:
-Ի վերջո, ավիատոմսերի շուկայում ուսումնասիրություններ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Մենք անընդմեջ հետեւում ենք շուկային, ավիատոմսերի գներին: Մենք երբեւէ չենք միջամտում ավիաընկերությունների գնային քաղաքականությանը: Բայց ներկայումս բանակցում ենք որոշ ավիաընկերությունների հետ, որպեսզի իրենք գան շուկա: Արդեն ունենք հայտեր ներկա ավիաընկերություններից, որոնք ավելացնում են իրենց հաճախականությունը:
-Արդյո՞ք մեր օդանավակայանի սահմանած գների պատճառով չեն մի շարք ավիաընկերություններ հրաժարվել դեպի ՀՀ չվերթներ իրականացնելուց: Ավիատոմսերի գների մեջ որքա՞ն մաս է կազմում օդանավակայանի ավիասպասարկումը, վառելիքը եւ այլն:
-Գնագոյացմանն, իհարկե, հետեւում ենք, շատ լավ տեղյակ ենք օդանավակայանի սպասարկման գներից եւ այլն: Օրինակ՝ եթե այս պահին մի ավիաընկերություն առաջարկում է բարձր գնով ավիատոմս, ապա դա չի նշանակում, որ օդանավակայանի սպասարկումը թանկ է: Այսօր շատ են կարծիքներ հնչում այն մասին, որ եթե ավիատոմսը թանկ է, ուրեմն օդանավակայանի սպասարկման պատճառով է: Բայց ես հայտարարում եմ, որ այդպես չէ: Իրականում շատ քիչ տոկոս է այն կազմում: Կոնկրետ թե որքան, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ յուրաքանչյուր ավիաընկերություն ինչ-որ գին է առաջարկում: Նույնիսկ օդանավակայանը մեր եւ ավիաընկերությունների հետ բանակցելիս պատրաստակամ է բանակցային գործընթացի մեջ ընդգրկվել, յուրաքանչյուր ավիաընկերության առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում: Այսօր կան ուղղություններ, որոնք թանկ են, որովհետեւ մրցակցությունն է ցածր:
-Ներկայումս ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը գերադասում է դեպի եվրոպական երկրներ մեկնել Վրաստանի Թբիլիսիի օդանավակայանից, որովհետեւ այնտեղ ավիատոմսերը կրկնակի, նույնիսկ եռակի մատչելի են: Ի՞նչ կասեք այս մասին:
-Տեղեկացնեմ, որ ուղեւորների ծավալը, որն այնտեղից է մեկնում հանգստի, բավականին փոփոխվել է: Իհարկե, մենք էլ դա գիտենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ: Դա կապված է 2005 թվականից Վրաստանում իրականացվող բաց երկնքի քաղաքականության հետ: Բացի այդ, այս շուկայում շատ մեծ ծավալ են գրավում թուրքական ավիաընկերությունները, որոնց շնորհիվ այնտեղ ստեղծվել է մրցակցություն: Մենք էլ մեր մասով ենք աշխատում, որպեսզի ներգրավենք այդ ավիաընկերություններին, որ կարողանանք մրցակցություն ստեղծել:
-Իսկ մինչ այդ դեպի եվրոպական երկրներ Վրաստանից մեկնելու դեպքում մեր քաղաքացիները տոմսի համար վճարում են 300 եվրո, մինչդեռՀայաստանում այդ նույն ուղղությամբ տոմսը վաճառվում է 900 եվրոյով:
-Համաձայն եմ: Հնարավոր է, որ Վրաստանից շատ էժան գնով մեկնեն եվրոպական երկրներ: Օրինակ՝ Եվրոպայի երկրների երկրորդական քաղաքները Վրաստանում սպասարկում է թուրքական մի բյուջետային ավիաընկերություն, որն էլ կարող է շատ ցածր սակագներ առաջարկել:
-Համեմատական ուսումնասիրություն կատարե՞լ եք Հայաստանի եւ Վրաստանի ավիաշուկաներում:
-Յուրաքանչյուր ամիս ուսումնասիրություն կատարում ենք: Մենք այնքան հարցումներ ենք ստանում այս թեմայի շուրջ, նաեւ տեղեկանում ենք, որ քաղաքացիները Վրաստանով են մեկնում հանգստի: Այո՛, համաձայն ենք՝ կան ուղղություններ, որոնք էժան են սպասարկվում Վրաստանից: Բայց բոլոր ուղղությունները չեն, կան ուղղություններ, որոնք մեր երկրով են էժան: Օրինակ՝ դեպի Մոսկվա:
-Իսկ Գյումրու օդանավակայանն այսօր որքանո՞վ է պատրաստ միջազգային թռիչքներ իրականացնել:
-Լրիվ պատրաստ է: Ունի լրիվ վերանորոգված թռիչքուղի, ավիացիոն անվտանգության վերահսկողության բոլոր մեխանիզմները, սարքավորումները: Տեխնիկապես օդանավակայանը լրիվ պատրաստ է, եւ մենք հիմա բանակցություններ ենք վարում բյուջետային ավիաընկերությունների հետ՝ Գյումրիից միջազգային չվերթների սպասարկման մասով:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

Ո՞Վ ԷՐ ԹՈՒՐՔ ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՓԱԽՉԵՐ

Թուրքիայում աղմկահարույց գործեր քննած դատախազ Զեքերիա Օզի հետ կապված աղմուկն արդեն հասել է Հայաստան միայն այն բանի համար, որ թուրքական Anadolu գործակալությունը տեղեկություն է տարածել, թե իբր Զեքերիա Օզն ու մեկ այլ դատախազ՝ Ջելալ Քարան, Վրաստանի միջով փախել են Հայաստան:

Ո՞վ է Զեքերիա Օզը: Զեքերիա Օզը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում, 1968-ին: Նրա ընտանիքը 1951-ին գաղթել էր Բուլղարիայից: Միջնակարգ կրթությունը ստացել է Բուրսայում:1986-ին ընդունվել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 1991-ին: Մինչեւ 1997-ը Բուրսայում գրանցված է եղել փաստաբանների պալատում եւ զբաղվել է փաստաբանությամբ: 1997-ին հաղթել է դատախազների եւ դատավորների համար նախատեսված քննությունը եւ դատախազ դարձել:
1999-ին մեկնել է զինվորական ծառայության, սակայն քաշի հետ կապված խնդիրների պատճառով 2000-ին ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել եւ զորացրվել:
2004-ին նշանակվել է Ստամբուլի Ումրանիյեի շրջանում՝ որպես հանրապետական դատախազ: Ցմահ ազատազրկման պահանջով դատ է բացել «Ալ-կաիդայի» անդամ Էլ-Սաքքայի դեմ:
2007-ի հունիսի 12-ին Ումրանիյեում մի պայուսակ նռնակներ հայտնաբերվելուց հետո «Էրգենեկոն»-ի գործը հետաքննել սկսած դատախազներից մեկն է, ով ստացել է հատուկ իրավասություններով դատախազի կոչում:
2013-ի դեկտեմբերի 17-ից 25-ը Թուրքիայում իրականացրած «Մեծ կաշառք» գործողությունը գլխավորած դատախազներից մեկն է: «Մեծ կաշառքի» ժամանակ մերկացվել են Էրդողանի որդու, մի քանի նախարարների եւ նրանց որդիների մասնակցությամբ միլիարդների հասնող կոռուպցիոն գործարքները: Սակայն Զեքերիա Օզը եւ գործը ղեկավարող մյուս դատախազները Էրդողանի հրահանգով հեռացվեցին պաշտոններից, եւ նրանց նկատմամբ գործեր հարուցվեցին:
Իսկ Զեքերիա Օզի եւ Ջելալ Քարայի նկատմամբ ձերբակալման որոշում ընդունելուց րոպեներ առաջ երկու դատախազները Թուրքիայի Հոփայի սահմանակետով մտել են Վրաստան, սակայն թուրքական Anadolu-ն անհիմն պնդումներ է արել, թե նրանք անցել են Հայաստան:
Նշենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, թե նման անուն-ազգանուններով անձինք Հայաստան մուտք չեն գործել:

 

 

 
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ
Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը նոր ֆինանսական բիզնես է հիմնում: Վերջինս որոշել է կառավարել ռուս գործարարների, նրանց ժառանգների եւ իրավահաջորդների ունեցվածքը: Համաձայն Մոսկվայի «Սկոլկովո» հետազոտական դպրոցի տվյալների՝ (դպրոցի հիմնադիրը «Тройки диалог»-ի նախկին հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանն է) ռուս մեծահարուստ գործարարների միջին տարիքը 48-ն է: «Խոսքը ոչ միայն օլիգարխների, այլ նաեւ միջին մակարդակի գործարարների մասին է: Դրանք հարյուրավոր մարդիկ չեն, այլ տասնյակ հազարավոր են»,-Forbes-ին պատմել է Վարդանյանը, ով 2015 թ. ամռան սկզբին բացել է Phoenix Advisors եւ Multifamily office ընկերությունները: Դրանց աշխատանքով զբաղվում է «Ռենեսանս Կապիտալի» նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն, ով պատասխանատու է հիմնական հաճախորդների հետ հարաբերությունների համար: Տեղեկացվում է նաեւ, որ պատահական մարդիկ չեն կարող հայտնվել Multifamily office-ում ու Phoenix Advisors-ում: Հաճախորդները կընդունվեն միայն հիմնական սեփականատիրոջ խորհրդով: Մոտակա 7 տարիներին նրանց թիվը կսահմանափակվի 50 գործարարով, որոնց կարողությունը գերազանցում է 100 մլն դոլարը:

 

ՌՈՒԲԼԻՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Ամերիկյան դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում սակարկությունների ժամանակ իջել է 63 ռուբլուց: Հիշեցնենք, որ վերջին անգամ ամերիկյան արժույթը սակարկությունների արդյունքում նվազել էր օգոստոսի 5-ին: Սրա հետ մեկտեղ նաեւ թուլանում է միասնական եվրոպական արժույթը: Նկատենք, որ ռուսական ռուբլին ամրապնդվում է նավթի թանկացման ֆոնին:

 

ԴԻՄՈՒՄԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիս ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 751, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը՝ 268, որոնցից 153-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում: Վերջին խմբում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 61 (23%), կենսաթոշակի վճարման՝ 16 (6%) եւ ընտանեկան նպաստի նշանակման՝ 24 (9%) դիմումները: Իսկ ահա գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 75 (13%), հումանիտար օգնության՝ 49 (8%), կենսաթոշակի վճարման՝ 27 (5%), աշխատանքի տեղավորման՝ 33 (6%) եւ ընտանեկան նպաստի վերաբերյալ՝ 45 (8%) դիմումները: Հավելենք, որ հուլիս ամսվա ընթացքում պատասխանվել է 247 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունեցել է հետեւյալ պատկերը. 175 (71%)-ը պարզաբանվել է, 41 (17%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 25-ը (10%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 6-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:




Լրահոս