Հայ անեսթեզիոլոգներին նվիրաբերվել է 116 սարք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան կատարած հերթական այցի ժամանակ Kibelle-ի ներկայացուցիչները հայ անեսթեզիոլոգների համար նվեր են բերել 116 պուլսօքսիմետր։

Kibelle-ը բարեգործական ծրագիր է, որի կենտրոնը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ)։ Ծրագրի շուրջ համախմբված մանկաբարձական անեսթեզիոլոգների կամավոր խումբն ուսուցողական ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում։ 2006թ.-ից ամեն տարի նրանք Հայաստանում սեմինարներ և հանրապետության մարզերի ծննդօգնության բուժհիմնարկներում աշխատանքային շաբաթ են կազմակերպում։

Հայաստանի Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորումը (նախագահ` Դավիթ Մելքոնյան) այս կազմակերպության աջակցությամբ, օգտվելով միջազգային ուղեցույցներից, մշակել և հրատարակել է Մանկաբարձական անեսթեզիայի ազգային ուղեցույցը։

Վերջերս Kibelle-ը դիմել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո գործող Lifebox անգլիական կազմակերպությանը` Հայաստանին պուլսօքսիմետրեր տրամադրելու խնդրանքով։

Սարքն ապահովում է մարդու կյանքի անվտանգությունը վիրահատության ընթացքում։ Փոքրիկ սարքն անեսթեզիոլոգին ճշգրիտ տեղեկատվություն է տալիս սրտի բաբախի հաճախականության և սատուրացիայի` արյան մեջ թթվածնի հագեցվածության մասին։

Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած մասնագետները` Kibelle-Հայաստան ծրագրի ղեկավար Սայմոն Միլարը և Գորդու Յուիլը սեպտեմբերի 6-ին, ժամը 10.00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում հայ անեսթեզիոլոգների և այլ մասնագետների համար կկազմակերպեն սեմինար։ Նրանք կներկայացնեն նոր սարքը, կանցկացնեն մասնագիտական քննարկումներ։




Լրահոս