«Ոչ թալանին» նախաձեռնության հետ խնդիր չկա. Հայրիկյանն իր հանրահավաքի օրը փոխու՞մ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի մեծ հավաք-երթը` դեպի Բաղրամյան 26: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս նույն օրը նույն ժամին և նույն վայրում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Թե ինչու է Հայրիկյանը որոշել հենց նույն օրը, նույն ժամին և նույն վայրում հավաք անցկացնել, անհասկանալի է:

Armlur.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշեց, որ իրենց հարցով որևէ խնդիր չկա, ամեն ինչ կարգավորված է: Հարցին` հավաքի օրը փոխու՞մ են, ուրիշ վայրու՞մ են անելու, թե այլ ժամի, Հայրիկյանը հրաժարվեց պատասխանել: «Իրենց հետ ոչ մի խնդիր չկա: Մենք խնդիրները կարգավորելու կողմնակից ենք: Խնդիրը կարգավորված է: Մնացած մանրամասնությունները իրենցից ճշտեք: Մեր մասով մենք բոլոր հարցերը կարգավորել ենք»,- ասաց Հայրիկյանը և հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել` պատճառաբանելով, որ զբաղված է:

Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցություններ են ընթանում: Սակայն, արդյունքների մասին նախաձեռնության անդամը հրաժարվեց խոսել. «Մինչև օրվա վերջ պարզ կլինի: Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»:




Լրահոս