Ինչպես հայտնի է` այս տարվա հուլիսի 29-ին ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը հայտնվեց ԱԱԾ մեկուսարանում, ապա` կալանավորվեց: Պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, ՀՀԿ-ական երեք պատգամավորների ինտիմ տեսանյութերի տարածման սպառնալիքներն էին: Նույն տեղեկությունների համաձայն` խոսքը Արտակ Դավթյանի, Էդուարդ Շարմազանովի և Հովհաննես Սահակյանի մասին է: Իսկ Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով (շորթում. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով):
Կալանավորումից օրեր անց Տիգրան Առաքելյանը Օմբուդսմենի տեղակալի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Armlur.am-ի հետ զրույցում կալանավորի եղբայրը` Հունան Առաքելյանը, հայտնեց, որ Տիգրանն այս պահին էլ չի ընդունում մեղադրանքը: Մեր զրուցակցի տեղեկություններով, նա նաև հրաժարվում է ցուցմունք տալ. «Մենք դեռ ոչինչ չգիտենք, սպասողական վիճակում ենք: Ես նույնիսկ չգիտեմ` ինչ տեսանյութերի մասին է խոսքը, ու այդ տեսանյութի պահն էլ հարցական է` կա, թե ոչ: Մեզ ոչինչ չեն ասում, ոչինչ հասանելի չէ»:
Հունան Առաքելյանի փոխանցմամբ` քննիչն արգելել է եղբոր հետ տեսակցություններ ունենալ, իսկ նախկինում նման տեսանյութերի հետ կապված ինքը Տիգրանի հետ չի զրուցել. «Նախկինում ընդահանրապես նման թեմաներ չեն էլ եղել»:
Armlur.am-ի հարցին` արդյոք Տիգրան Առաքելյանը ինչ-որ մեծ չափերով գումարների մասին խոսել է իր հետ, Հունանը պատասխանեց, թե ավելի լավ է հիմա որևէ բան չերևակայել. «Հիմա պետք չի ինչ-որ բան հասկանալ, իմանալ կամ երևակայել: Կգա ժամանակը, բոլորի համար հասկանալի կլինի` ինչ է եղել, ինչ չի եղել: Էնպես չի, որ իր անցած անգամվա դատապարտվելը ճիշտ էր, այդ հոդվածներն էլ սխալ էին: Անցած անգամվա վատ դեպքը թող բոլորի համար ապացույց լինի, թե ինչ է կատարվում»,- ասաց Հունան Առաքելյանը` հրաժարվելով մեկնաբանել իր վերջին խոսքերի իմաստը:
Հավելենք, որ Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպանի` Սերգեյ Մանուկյանի հետ կապ հաստատելու բոլոր ջանքերն ապարդյուն էին: Արդեն տևական ժամանակ է` փորձում ենք փաստաբանից որևէ մեկնաբանություն, կարծիք կամ դիրքորոշում ստանալ: Թե ինչն է պատճառը, որ փաստաբանը որոշել է չխոսել, դժվար է ասել:
Տաթև Հարությունյան