Ինչ է պատմում Արտակ Դավթյանը՝ սեքս-սկանդալի մեջ հայտնվելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Ըստ տարածված լուրերի՝ Տ. Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է տարածել, ինչի պատճառով էլ նրան ձերբակալել են: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Տ. Առաքելյանին շորթման մեղադրանքով են կալանավորել:

Նշենք, որ նույն օրը Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:

Տիգրան Առաքելյանն առանձնազրույցի ընթացքում ասել է, որ որեւէ բողոք չունի մեկուսարանում պահման պայմաններից, նշել է, որ իր նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրվել, ունի փաստաբան, ում հետ արդեն տեսակցել է: Տեղեկություններ տարածվեցին նաեւ, որ Տիգրան Առաքելյանի տարածած ինտիմ տեսանյութերից մեկը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: Տեւական ժամանակ է՝ «ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի հետ կապված զրուցել Սահակյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նույն «թեմայով» տեսանյութ է տարածվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի վերաբերյալ: Ըստ այդմ` Տ. Առաքելյանը այդ տեսանյութերի դիմաց գումար է պահանջել պատգամավորներից: Երեկ «Ժողովուրդ»-ն այս տեղեկատվության հետ կապված մի քանի հարցեր է ուղղել Արտակ Դավթյանին:

-Պարո՛ն Դավթյան, ըստ մեր տեղեկությունների՝ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը Ձեզ հետ կապված ինտիմ տեսանյութեր է տարածել, ինչի պատճառով էլ նրան կալանավորել են: Արդյո՞ք ճիշտ են այդ տեղեկությունները, Դուք ճանաչո՞ւմ եք Տ. Առաքելյանին:

-Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ո՛չ Տիգրան Առաքելյանը եւ ո՛չ էլ իր տարածած տեսանյութերը, ու ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել նման տեղեկությունները: Ո՞վ է, ընդհանրապես, այդ Տիգրան Առաքելյանը:

-Նշվում է, որ Տ. Առաքելյանը Ձեզ հետ կապված ինտիմ տեսանյութ է ունեցել, որի մասին նա հայտնել է Ձեզ՝ դրա դիմաց գումար պահանջելով:

-Ես ընդհանրապես չեմ էլ ճանաչում, թե ո՞վ է, ի՞նչ է, ի՞նչ մեկնաբանեմ այդ տեղեկությունը, ինձ թվում է՝ ես շատ հստակ պատասխանեցի: Ես չգիտեմ, թե դա ի՞նչ անուն է, ի՞նչ է, ես այդ տեղեկությունը Ձեզանից առաջին անգամ լսեցի: Դե, հիմա ի՞նչ ասես, որ չեն կարող ասել: Կոնկրետ ինչ-որ ասում եք, դա ես առաջին անգամ եմ լսում Ձեզանից: Ես դա ի՞նչ մեկնաբանեմ: Ես իրեն ո՛չ գիտեմ եւ ո՛չ էլ ուզում եմ ճանաչեմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս