Սերժ Սարգսյանը կարողանում է անել իր սրտի ուզածը դատարկաբանող, ինքնահավան ընդդիմադիրների պատճառով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն խայտառակությունը, որին հայ հանրությունն ականատես եղավ նախօրեին սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի հանդիպման ընթացքում, եւ այն անհավանական, անհնար թվացող պոռթկումը, որը երեկ եղավ Բաղրամյան պողոտայում, լավագույնս ի ցույց դրեցին ահռելի վիհը, որն առկա է լճացած, ինքնասիրահարվածության, սնապարծության, ինտրիգների եւ կեղտոտ խաղերի մեջ վերջնականապես քայքայված, այսպես կոչված, ընդդիմության եւ անեղծ, սկզբունքային, արագահոս առվակի նման մաքուր ու զրնգուն երիտասարդության միջեւ:

Մինչ իրենց «հանրային փրկության ճակատի» մարտիկներ ներկայացնող քաղաքական գործիչները` ի դեմս Պարույր Հայրիկյանի, Հմայակ Հովհաննիսյանի, Ժիրայր Սէֆիլյանի եւ այլոց, չորս ժամ շարունակ միմյանց վրա միկրոֆոններով բղավելուց հետո փորձում էին համաձայնության գալ ընդամենը երկու էջանոց մի փաստաթղթի ընդունման շուրջ, «Ոչ թալանի» նախաձեռնության անդամներն առանց բարձրագոչ խոստումների, հռչակագրերի, հանրագրերի եւ այլ անիմաստ …«գրեր»ի կրկին բարձրացրին այդ նույն հանրության բողոքի ձայնը՝ ի հեճուկս եւ համոթ ինքնակոչ փրկիչների:
Իրականում այն, որ այսօր Սերժ Սարգսյանը կարողանում է անարգել կերպով անել ինչ ցանկանում է, հենց այս գործիչների եւ ընդդիմադիր ճամբարի մնացած «փրկիչների» պատճառով է: Տարիներ շարունակ դատարկաբանելով՝ ժամավաճառությամբ եւ վճռական պահին ձայնավաճառությամբ ժողովրդի վստահությունը բռնաբարած այս ընդդիմադիրների ապիկարությունն է, որ հուսահատեցրել է հայ ժողովրդին: Եթե փորձենք դիտարկել, թե ովքեր են այսօր փորձում պայքարել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ապահովող սահմանադրության դեմ, ապա կարող ենք ասել, որ այս չարաբաստիկ Սահմանադրությունն արդեն իսկ կարելի է ընդունված համարել:

Ամիսներ շարունակ հանրահավաք եւ անհնազանդության ակցիա հասկացությունները կրկեսի վերածած Անդրիաս Ղուկասյանը, բոլոր ժամանակների թիվ մեկ «ջուր պղտորող» Հմայակ Հովհաննիսյանը, բացառապես Ապրիլի 24-ը «հարամելու» նպատակ հետապնդող եւ դրանից հետո տեւական ժամանակ ոչինչ չանող Ժիրայր Սէֆիլյանը, ժողովրդին Բաղրամյան պողոտայում մենակ լքող եւ ոստիկանապետի հետ աղոթելու գնացող Րաֆֆի Հովհաննիսյանը, 2013-ին նախագահական նոր ընտրություններ անցկացնելու շանս ունեցող, սակայն այդ շանսից անբացատրելի պատճառներով հրաժարված Պարույր Հայրիկյանը, 2008-ի մարտի 1-ին տնային ինքնակալանքի տակ գտնվող Լեւոն Տեր-Պետրոյսանը եւ, ի վերջո, 2004-ի ապրիլի 12-ի գիշերը «թեյ խմելու» գնացած Ստեփան Դեմիրճյանը, այս մարդի՞կ են, որ պիտի կանգնեցնեն Սերժ Սարգսյանին, նրա՞նք են, որ պիտի «փրկեն» մեզ: Եթե այո, ապա մեր փրկությունը չփրկվելու մեջ է:




Լրահոս