ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն արդեն իսկ սպառել է իրեն. հակահարված տալու ժամանակն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի վերջին ռմբակոծություններից հետո, որոնց արդյունքում երեք խաղաղ բնակիչ զոհվեց, երկուսն էլ վիրավորվեցին, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում, սակայն, հերթական անգամ հավասարության նշան են դրել կողմերի միջեւ: «Մենք ամենավճռական արտահայտություններով դիմում ենք կողմերին, որպեսզի նրանք խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր պատճառելուց»,-ասված է հայտարարությունում:

Ինչպես միշտ նման դեպքերում, մեր արտգործնախարարության պաշտոնյաները պիտի հայտարարեին, թե քանի որ խաղաղ բնակչության շրջանում հենց հայկական կողմն է զոհեր տվել նախօրեին, ապա ինքնին հասկանալի է, թե ում է ուղղված միջնորդների հայտարարությունը, սակայն երեկվա հայտարարությամբ միջնորդները, փաստորեն, տեղ չեն թողել նման մեկնաբանության համար` հատուկ արձանագրելով. «Մենք չենք կարող վստահ ասել, թե ինչպես ծագեց բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին»։

Փաստորեն, այս հայտարարությամբ ակնհայտ է դառնում, որ ԵԱՀԿ միջնորդները չեն ցանկանում նյարդայնացնել ադրբեջանական կողմին` հստակ տեղեկացված լինելով, որ հենց վերջինս է գնդակոծությունների հեղինակն ու ծանր սպառազինություններ կիրառողը: Սա չափազանց մտահոգիչ փոփոխություն է միջնորդների գործելակերպում, որով նրանք, փաստորեն, բացահայտորեն արձանագրում են իրենց անկարողությունը սահմանային զարգացումների վերահսկողության հարցում: Նրանք առաջարկում են կողմերին «աշխատել ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի մշակման ուղղությամբ», մի բան, որին Հայաստանը վաղուց` 2011թ. Սոչիում կայացած հանդիպումից ի վեր, տվել է իր համաձայնությունը, այնինչ՝ Ադրբեջանը տեւական ժամանակ անգամ ֆորմալ իմաստով ընդդիմանում էր: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն արդեն իսկ սպառել է իրեն, եւ դա ժխտելն ու դրան ընդդիմանալը ինքնախաբեություն եւ ժամանակի անթույլատրելի կորուստ է մեզ համար:

Հայաստանի իշխանությունները, սկսած այս տարվա սկզբից, հայտարարում են, որ այսուհետ իրենց իրավունք են վերապահում Ադրբեջանին պատասխան հզոր կանխարգելիչ հարվածներ հասցնել, սակայն այդպես էլ դա չեն անում` չնայած հետզհետե աճող ագրեսիային եւ նորանոր զոհերին: Եթե պատճառը ԵԱՀԿ միջնորդների կողմից կոշտ քննադատության արժանանալու մտավախությունն է, ապա երեկվա հայտարարությունից հետո այն պետք է որ վերացած լինի: Եվ եթե այսքանից հետո էլ հայկական կողմը համարժեք կերպով չպատասխանի ադրբեջանական օրեցօր լկտիացող ագրեսիային, ապա դա կլինի սեփական թուլության բացահայտ արձանագրում:




Լրահոս