Սեպտեմբերի 28-ին՝ եկող երկուշաբթի, կմեկնարկի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս անգամ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները կմասնակցեն ԵԽԽՎ նստաշրջանին: Հայկական պատվիրակության անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել հանդես գալ հայտարարությամբ՝ այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի ու զոհերի մասին:
Պատվիրակության անդամ պատգամավորները նաեւ փորձելու են անհատական ելույթներով հանդես գալ: Ենթադրվում է, որ այս նստաշրջանը հայկական պատվիրակության համար առավել քան բարդ է լինելու, քանի որ կասկածից վեր է, որ ադրբեջանական պատվիրակությունը փորձելու է ԵԽԽՎ-ում շահարկել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի թեման: