Բարեգործական համերգ Ֆուկուոկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 11-ին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում Հայաստանի դեսպանության եւ “Ղարիբյան կռունկ” պարային համույթի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի երկրորդ տարելիցին:
Միջոցառումը մեկնարկեց Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի բացման խոսքով: Դեսպանը նշեց, որ 1988թ. դեկտեմբերին Հայաստանը ցնցած երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին: “Անցնելով նման սարսափելի փորձությունների միջով` հայ ժողովուրդը խորապես գիտակցում է աղետը ապրածների ցավը եւ ի սրտե աջակցություն է հայտնում Ճապոնիայի բարեկամ ժողովրդին”:
Հայ դասական երաժշտության կատարումներով հանդես եկան 2011թ. Ճապոնիայում հիմնված “Ղարիբյան բալետի ակադեմիայի” սաները:
Համերգի ամբողջ հասույթը փոխանցվեց երկրաշարժից եւ ցունամիից տուժած ծնողազուրկ երեխաներին:
Միջոցառումը, որին մասնակցեց մոտ 800 հանդիսատես, լուսաբանվեց ճապոնական լրատվամիջոցներով:




Լրահոս