Սոցիալդեմոկրատ հնչակյան կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
«Սոցիալդեմոկրատ հնչակյան կուսակցությունը ոչ թե հասարակական կազմակերպություն է, այլ քաղաքական ուժ, իսկ ցանկացած քաղաքական կուսակցության նպատակը ընտրություններին մասնակցելն ու թեկուզ որոշակի չափով հաղթանակ ապահովելն է», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Գալստյանը: Նա դժվարացավ հստակ ասել, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ դրա մասին դեռ վաղ է խոսել: «Սակայն, այո, մենք պատրաստվում ենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեր ուժերի ներածի չափով», եզրափակեց Գալստյանը: