ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Նախարարը բարձր է գնահատել արդարադատության նախարարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջեւ համագործակցության ներկայիս մակարդակն ու քննարկել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաեւ դատաիրավական եւ օրենսդրական բարեփոխումների աշխատանքներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե դիմորդը հարգելի պատճառով չի կարողացել ներկայանալ ընդունելության քննությանը, ապա նրան հնարավորություն տրվո՞ւմ է քննությունը մեկ այլ օր հանձնել:

Անի Իսկանդարյան (26 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Իսկանդարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարի բուհերի դիմորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 500-ով եւ կազմում է 11.803 դիմորդ: Ի դեպ, ավելի շատ աղջիկներ են դիմել, քան տղաներ: Ամենաշատը դիմել են հայոց լեզու եւ գրականություն առարկայից քննություն տալու համար՝ 6936 դիմում, այնուհետեւ մաթեմատիկա՝ 5451 դիմորդ, անգլերեն լեզու՝ 5500 դիմորդ, եւ ֆիզիկա՝ 1864 դիմորդ: Ցավոք, այս տարի ռադիոֆիզիկա եւ էլեկտրոնիկա, քիմիա, արվեստաբանություն, թարգմանչական գործ, իրանագիտություն եւ եկեղեցաբանություն մասնագիտություններով հայտերի ընդունումն ամենապասիվն է եղել:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատողն աշխատանքային տարվա ընթացքում 30 օր գտնվել է չվճարվող արձակուրդում, ապա նման դեպքում նրա ամենամյա արձակուրդն ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի:

Սաթենիկ Հովհաննիսյան (47 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի՝ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը չի ներառվում աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Այսինքն՝ այդ հոդվածի տրամաբանությունից ելնելով՝ աշխատողին տվյալ աշխատանքային տարվա համար ամենամյա նվազագույն արձակուրդ տրամադրելիս այն պետք է նվազեցնել չվճարվող արձակուրդին բաժին ընկնող ամենամյա արձակուրդի օրերի թվով (Ձեր պարագայում մոտ 1.7 աշխատանքային օր հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում եւ 2 աշխատանքային օր վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում):
Սակայն, մյուս կողմից, ՀՀ ԱՕ 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր»: Այս դեպքում կարծում ենք, որ ՀՀ ԱՕ 159-րդ հոդվածի տրամաբանությունը չխախտելու համար ճիշտ կլինի երկարացնել աշխատանքային տարին, այլ ոչ թե կրճատել ամենամյա արձակուրդի օրերը: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը որեւէ հստակ պատասխան չի տալիս այդ հարցին, եւ, ըստ էության, երկու տարբերակն էլ հնարավոր է կիրառել:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:




Լրահոս