ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից եւ 2000 թվականի մայիսի 1-ին Արամ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանն աստիճանաբար ողջ իշխանությունն հավաքեց իր բռի մեջ: Իշխանական համակարգն իրենով անելուն ուղղված Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին տարիները նշանավորվեցին Հայաստանի էներգետիկ ոլորտին վերաբերվող մի քանի խոշոր գործարքներով:

«Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին առաջին տեղեկությունները հայկական լրատվամիջոցներում հայտնվեցին 2001 թվականի գարնանը: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանին մոտ 100 մլն դոլար է պարտք, եւ որ մեր երկրի ռազմավարական դաշնակիցը պահանջել է մարել պարտքը: Իբրեւ պարտքի մարման տարբերակ դիտարկվել էր Հայաստանի մի շարք ձեռնարկություններ Ռուսաստանին հանձնելը: 2002-ի հուլիսի 17-ին ստորագրվեց «Գույք պարտքի դիմաց» անվանումը ստացած գործարքը: Արդյունքում՝ 98 մլն դոլարի պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «Հրազդանի ՋԷԿ»-ը, «Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը», «Մարսե գործարանը» եւ «Նյութաբանության ինստիտուտը»: Իհարկե, վերը բերված ցանկն ամբողջական չէր, պարզապես գործարքի մեջ ներառվող ձեռնարկություններից այդքանի անունը պաշտոնապես հրապարակվեց: Այն, որ այս գործարքը խայտառակություն էր Հայաստանի համար, ի սկզբանե հայտնի էր, եւ ամեն անգամ հաստատվում էր, երբ հայտնի էր դառնում, թե ինչպես է Ռուսաստանն այս կամ այն աֆրիկյան երկրի հարյուրավոր միլիոն դոլարների, երբեմն նաեւ միլիարդի հասնող պարտքեր ներում:
Իսկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու էր Ռոբերտ Քոչարյանը «գլուխը կախ» ռուսներին փաթեթով ձեռնարկություններ «նվիրում», հարկ է վերհիշել, թե Հայաստանում ինչ իրադարձություններ էին տեղի ունեցել «Գույք պարտքի դիմաց» գործարքին նախորդող շրջանում:
2000 թվականի աշնանը, երբ Հայաստանի քաղաքական դաշտը դեռ ուշքի չէր եկել հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում երկրի կառավարման համակարգում տեղի ունեցած ցնցումներից, Հայաստանի քաղաքական երկնակամարում նոր խաղացող հայտնվեց՝ ի դեմս նախկին լրագրող, քաղաքագետ Արկադի Վարդանյանի: Նա երկար տարիներ ապրել էր Մոսկվայում, այնտեղ բավականին հաջողված բիզնես գործունեություն ծավալել, Մոսկվայի կենտրոնում բազմապիսի անշարժ գույքերի սեփականատեր էր եւ այլն: 90-ականների վերջից էլ Վարդանյանը սկսել էր նաեւ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալել: Իսկ արդեն 2000-ի աշնանը հայտնի դարձավ, որ նա նաեւ քաղաքական ծրագրեր ունի: 2000-ի սեպտեմբերից նա մարզային այցելությունների շարք սկսեց, որին մասնակցում էին ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ եւ մտավորականներ: Հայաստանի քաղաքական դաշտում համոզմունք կար, որ Արկադի Վարդանյանը գործում է Ռուսաստանի իշխանությունների հովանավորությամբ, քանի որ Հայաստանի ընդդիմադիր մամուլից բացի՝ այդ շարժման քարոզչությանը մասնակցում էր նաեւ ռուսալեզու հայկական մամուլը, որը ավանդաբար հանդես էր գալիս իշխանամետ դիրքերից: Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ ՌԴ իշխանություններն առանց մեծ ջանքի կարող էին սաստել Վարդանյանին` հաշվի առնելով, որ նրա կապիտալի մի զգալի մասը Մոսկվայում էր: Ինչեւէ, Արկադի Վարդանյանի մարզային հանրահավաքները եզրափակվեցին հոկտեմբերի 30-ին` Ազատության հրապարակում կայացած բազմամարդ եւ հզոր հանրահավաքով, որը ավարտվեց երթով դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք, որ այդ ընթացքում ցուցարարները նախագահական նստավայրի ուղղությամբ «կարմիր քարտեր» նետեցին` այդպիսով ազդարարելով, որ պահանջում են Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Նույն օրը՝ գիշերը, Արկադի Վարդանյանը ձերբակալվեց` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու մեղադրանքով: Նա մինչեւ 2001-ի փետրվարը պահվեց կալանքի տակ, իսկ երբ ազատ արձակվեց, անմիջապես լքեց Հայաստանը:
Վարդանյանը փաստացի ԱԱԾ-ի մեկուսարանից միանգամից գնացել էր օդանավակայան եւ ընտանիքի հետ մեկնել Մոսկվա: Հետագայում նա մասնավոր զրույցներում չէր թաքցնում, որ ռուսաստանյան իշխանություններից նեղացած է` իրեն այդքան հեշտությամբ Ռոբերտ Քոչարյանին «հանձնելու» համար: Ի վերջո, նա Մոսկվայում ունեցած գույքը վաճառեց եւ բնակություն հաստատեց Իսպանիայում: 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո նա սկսեց պարբերաբար գալ Հայաստան եւ վերջնարդյունքում՝ 2013-ի դեկտեմբերին, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման իր թիկնապահի` Արսեն Ավետիսյանի հոր մահափորձը նախապատրաստելու մեղադրանքով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնավորեցման գործընթացը տեղի ունեցավ «Գույք պարտքի դիմացին» զուգահեռ եւ գրեթե միաժամանակ էլ ավարտվեց: 2002-ի գարնանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառվեց «Midland Resources Holding» օֆշորային ընկերությանը: Հետագայում ՀԷՑ-ի բաժնետոմսերը դարձան ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի սեփականությունը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ին «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԷՑ-ի իր բաժնետոմսերը վաճառեց ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը:
«Սեւան-Հրազդան Կասկադ»-ը համարվում է Հայաստանի էներգետիկ համակարգի ադամանդը: Այն իր մեջ ներառում է Հրազդան գետի վրա կառուցված յոթ ՀԷԿ-եր, որոնց տարեկան հզորությունը 550 ՄՎտ է, այսինքն՝ ավելի հզոր է, քան Մեծամորի ատոմակայանը: Ռոբերտ Քոչարյանը 2003-ի մայիսին «Սեւան-Հրազդան կասկադը» ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի դիմաց Ռուսաստանի հանդեպ ունեցած 25 մլն դոլարի պարտքի դիմաց տվեց ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին: Գործարքը տեղի ունեցավ նախագահական ընտրություններից հետո` ԱԺ ընտրություններից երկու շաբաթ առաջ: «Սեւան-Հրազդան կասկադը» ռուս սեփականատիրոջ կողմից անվանափոխվեց, եւ այժմ այդ համալիրի իրավաբանական անվանումն է «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» :
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ»-ը 2006-ի ապրիլին ռուսական «Գազպրոմին» վաճառելով՝ Ռոբերտ Քոչարյանը փաստացի ավարտեց Հայաստանի էներգետիկ ոլորտը Ռուսաստանին հանձնելու գործընթացը: Գործարքի վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ էներգաբլոկը ռուսական կողմին վաճառվել էր 248,8 մլն դոլարով, որից 188 միլիոն պետք է հատկացվեր Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գինը սուբսիդավորելու համար: Այլ կերպ ասած՝ այդ գումարը կրկին վերադարձվելու էր ռուսական «Գազպրոմին»: Այս գործարքից Հայաստանի պետբյուջե է փոխանցվել միայն 60,8 մլն դոլար: Ի դեպ, այս գործարքից ընդամենը մեկ տարի հետո՝ 2007-ի մայիսին, Հայաստանում պետք է տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, որոնք Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի համար առավել քան կարեւոր էին, քանի որ դրանց արդյունքում պետք է որոշվեր, թե նրանք իշխանությունն ինչ տարբերակով էին պահպանելու, կամ նույն է թե` կիսելու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրի քաղաքի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը վերջին շրջանում հաճախակի է լինում Գյումրիում: Ըստ մեր զրուցակիցների՝ Սարգսյանը Գյումրիում բիզնես գործունեություն ծավալելու մտադրություններ ունի: Ընդ որում, նա Գյումրի է գնում ծառայողական ավտոմեքենայով, որին նաեւ ուղեկցում են Գյումրիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ` պարզելու համար, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը, ու ինչու է հաճախ լինում Գյումրիում: «Ես մեկ տարուց ավել է, ինչ Գյումրի չեմ գնացել, անցած տարի եմ մի անգամ գնացել թաղում ու հետ եմ եկել: Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ի՞նչ ռեստորան, ի՞նչ բիզնես, չեմ կարողանում հասկանալ: Ես անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու են մարդիկ նման բաներ հայտարարում, երբ որ իրականում նման բան չկա: Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում ինչ-որ բիզնեսի մասին»,- վստահեցրեց Ալիկ Սարգսյանը:

 

ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչու ՀՀԿ-ն մինչ օրս քարոզչական հիմնադրամ չի բացել: Նա պատասխանեց, որ դա կանեն առաջիկայում: «Սահմանված ժամկետներում, սահմանված գրաֆիկի եւ օրենքի համաձայն՝ ունենալու ենք ե՛ւ հիմնադրամ, ե՛ւ ծախսեր, ինչի մասին տեղեկությունը կներկայացնենք: Աշխատանքային կարգով կլուծենք, այդտեղ շտապելու որեւէ խնդիր չունենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ երեկվա դրությամբ որեւէ կուսակցություն դեռ հիմնադրամ չէր ստեղծել: Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ քարոզչություն եւ հակաքարոզչություն իրականացնող կուսակցությունները կարող են հիմնադրամներ բացել, որոնց միջոցով առավելագույնը կարող են քարոզչական նպատակներով ծախսել մինչեւ 100 մլն դրամ:

 

ԶԵՆՔ ԿՑԵՔ
«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող «911» ծառայության աշխատակիցներին «գործուղելու» է սահմանային գյուղերում հերթապահություն իրականացնելու: Տավուշի մարզի Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հերթապահության մասին տեղյակ չէ: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ ավելի ճիշտ կլիներ՝ տեղի բնակչությանը զենք բաժանեին: «911-ի ծառայողները չեն կարողանա ողջ տարին հերթապահել: Կարելի է՝ տեղի բնակչությանը օրենքով զենք կցել: Նրանք ողջ օրն իրենց գյուղում են: 911-ի տղաներն ինչքան էլ նվիրվեն, չեն կարողանա ամեն ժամ այդտեղ լինել, մարդ են, չէ՞, տուն ունեն, տեղ ունեն»,- ասաց Եգանյանը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Նախագահները ստորագրել են շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ ՄԱԿ ստեղծման 70-ամյակի առիթով հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ դիմումը: Խորհրդի նիստում ընդունվել են նաեւ մինչեւ 2020 թվականի ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020 թվականների արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրը:

 

ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՆ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռքբերման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երեւույթների, կոռումպացված աշխատողների եւ անբարեխիղճ սպառողների դեմ եւ ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաեւ՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: 3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է եւ չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ»:




Լրահոս