Հայաստանի ատոմային էլեկտրակայանի նոր` երրորդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ է 5 միլիարդ դոլար: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի անունից ստացված գրությունից:
Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին խոսվում է ավելի քան յոթ տարի: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս թեման պաշտոնական լրահոսում մի տեսակ մոռացության է մատնվել: Ուստի մենք ՀՀ կառավարությունից փորձեցինք պարզել, թե ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից այս պահին որքանն է հնարավոր եղել հայթայթել: Երվանդ Զախարյանի ստորագրությամբ տրված պատասխանում նշված է. «2010 թ. ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվել է «ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկ(ներ) կառուցելու համագործակցության մասին» համաձայնագիրը, որով ՌԴ-ն հանդիսանում է ներդրող եւ ներդրման մասը հավասար է «ռեակտորային կղզյակի» սարքավորումների արժեքին` ընդհանուր ներդումների մոտ 35 տոկոսը»:
Այլ կերպ ասած՝ անցած տարիների ընթացքում ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ միջոցներից մինչ օրս հաջողվել միայն ռուսական կողմից կոնկրետ խոստում ստանալ` ռեակտորը եւ կից սարքավորումները մատակարարելու տեսքով, որոնց արժեքը կկազմի մոտ մեկուկես միլիարդ դոլար: Իսկ շինարարության համար անհրաժեշտ մնացած ֆինանսական միջոցների հայթայթելու մասին, ստացվում է, որ նորություններ չկան:
Նշենք, որ հիշատակված համաձայնագրի ստորագրումից անցել է ավելի քան հինգ տարի, բայց նոր էներգաբլոկի կառուցման գործընթացն այդպես էլ տեղից չի շարժվում: Նաեւ այս փաստի պատճառով է, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե ռուսական կողմը հրաժարվել է ֆինանսավորել Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Երվանդ Զախարյանը պատասխանել է. «ՌԴ-ն չի հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից: Պարզապես հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը մեզ հնարավորություն եւ ժամանակ է տալիս եւս մեկ անգամ վերլուծել միջուկային տեխնոլոգիաների միջազգային շուկայի առկա եւ սպասվող առաջարկները՝ մասնավորապես միջին հզորության էներգաբլոկի հետ կապված»:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի վերը բերված պատասխանից ակնհայտ է դառնում, որ նոր էներգաբլոկի կառուցման համար պակասող 3,5 միլիարդ դոլարը հայթայթելու հարցում ՀՀ կառավարությունը ոչ մի առաջընթաց չի արձանագրել: Պարզապես ՀԱԷԿ-ի երկրորդ` գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու հանգամանքը Հայաստանի իշխանություններին հնարավորություն է տալիս այս խնդրի լուծումը եւս մի քանի տարով հետաձգել: Այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններին չի հաջողվել անցած տարիներին այդ խնդիրը լուծել, շատ պարզ բացատրություն ունի: Բանն այն է, որ Հայաստանն ակնկալում էր այդ գումարը ստանալ եվրոպական կառույցներից: Ուստի քանի դեռ Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու շուրջ, ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության խնդիրը շարունակում էր օրակարգում մնալ:
Բայց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, էներգաբլոկի շինարարության հարցը մեխանիկորեն օրակարգից դուրս եկավ:
Եվրոպական կառույցների մոտեցումը լրիվ հասկանալի է, ինչու պետք է նրանք ֆինանսավորեն մի նախագիծ, որի արդյունքում Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից կդառնա անշրջելի: Իսկ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրեր, ապա հնարավոր կլիներ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը կառուցել առանց ռուսական կողմի ներգրավվման: Բանն այն է, որ Ռուսաստանը վերը նշված համաձայնագրով, որը ստորագրվել է 2010-ին, խոստացել է Հայաստանին հատկացնել ՋՋԷՌ-1000 տեսակի ռեակտոր, որի հզորությունը հազար մեգավատ է:
Բայց Ֆրանսիան կարող է տրամադրել 600 մեգավատ հզորությամբ, որը ռուսական ռեակտորից անհամեմատ էժան կարժենա, եւ Հայաստանի էներգետիկ հզորությունն էլ դրանից չի տուժի, քանի որ այն ամեն դեպքում ՀԱԷԿ-ի ներկայիս 400 մեգավատ հզորությամբ էներգաբլոկից մեկուկես անգամ ավել հոսանք կարտադրի: Այլ կերպ ասած՝ առաջիկա տարիներին Հայաստանը գործնականում պետք է մոռանա ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու մասին, քանի որ դրա հիմքում խորքային քաղաքական խնդիրներ են ընկած, որոնք Հայաստանի ներկա իշխանությունները ի վիճակի չեն լուծել: Հայաստանի ներկա իշխանությունները ի վիճակի չեն Ռուսաստանին ոչ ասել, իսկ եվրոպացիներն էլ չեն ցանկանում «հենց այնպես» նման լուրջ գումարներ ներդնել:
Ամենեւին էլ պատահական չէ, որ հենց Ռուսաստանը խոստացավ ֆինանսավորել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Այս նպատակով ռուսական կողմը խոստացել է Հայաստանին տրամադրել 270 մլն դոլարի «արտահանման վարկ» եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ: Այլ կերպ ասած՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման աշխատանքների իրականացումը, այդ թվում նաեւ անհրաժեշտ նյութատեխնիկայի ապահովմամբ հանդերձ, կիրականացնի ռուսական կողմը, ինչը կձեւակերպվի որպես վարկ:
Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան՝ Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ Հայաստան են ժամանել շուրջ երկու հարյուր ատոմային էներգետիկայի ռուս մասնագետներ, որոնք զբաղված են ՀԱԷԿ-ի գործող վիճակի գնահատմամբ: Հիշեցնենք, որ այդ աշխատանքները պետք է ավարտվեն 2017 թվականին, եւ դրանց արդյունքում ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը պետք է երկարացվի մինչեւ 2027 թվականը:
Վահագն Հովակիմյան