ՓԱԿ ՆԱՄԱԿՆԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Վանաձորում քաղաքացիական ակցիա էր: Մի խումբ երիտասարդներ` «Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունից, հնարավորություն էին տալիս մարդկանց, հասարակ քաղաքացիներին` նամակ գրել Սերժ Սարգսյանին: 
Երիտասարդները քաղաքացիներին տրամադրում էին թուղթ, գրիչ, ծրար, այն ամենը, ինչ հարկավոր է «գերագույնին» նամակ ուղարկելու համար: Ցանկացողները շատ էին, նույնիսկ հերթեր էին գոյանում, մարդիկ փորձում էին այս կերպ իրենց ձայնը հասցնել Ս. Սարգսյանին, ոմանք էլ անհույս ասում էին. «Էնա դեմ ենք, էլի, էլ նամակ խի՞ գրենք», «Մեկ ա՝ Սերժը չի կարդալու», «Սերժն ո՞վ ա, որ իրան էլ նամակ գրեմ»: Կային նաեւ քիչ թվով մարդիկ, որոնք սատարում էին Ս. Սարգսյանին եւ հայտնեցին դրա մասին:  Մեկ ժամ չանցած` նամակների համար նախատեսված տուփի մեջ հայտնվեց մոտ 30 նամակ: Գրում էին իրենց բողոքները, առաջարկությունները, մտքերը եւ նշելով հասցեն ու անուն-ազգանունը՝ գցում տուփի մեջ:
«Համարյա ոչ ոք անտարբեր չի անցնում, շատերն են նամակի միջոցով ուզում իրենց ձայնը հասցնել Սերժ Սարգսյանին: Իսկ նրանք, ովքեր նամակ չեն գրում, գոնե մեր կողքով անցնելիս նկատում են պաստառի վրա փակցված «Փակ նամակ Սերժ Սարգսյանին» գրությունը,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության աշխատակից Արթուր Մանուկյանը եւ հավելեց,-մենք նամակներն ուղարկելու ենք Բաղրամյան պողոտա` նախագահական նստավայր, եւ հետեւելու ենք, որ դրանք տեղ հասնեն, ուղարկելու ենք փոստով, ու եթե փոստի աշխատակիցները նամակները չհասցնեն, պատասխան ենք պահանջելու»:
Հուսանք, որ գոնե նմանատիպ ակցիաներից հետո ժողովրդի ձայնը կհասնի «վերեւներին», գոնե այս ամենից հետո «գերագույնի» եւ նրա ենթակաների հայացքները կուղղվեն դեպի ժողովուրդը…
ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս