Ինչով է հայտնի և ինչպիսի անցյալ է ունեցել Զեյթունում տատին սպանած երիտասարդը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական սպանությունը Երևանում տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Քանաքեռ-Զեյթունի Կամարակի նրբանցքներից մեկի տներից մեկում երեկ երեկոյան հայտնաբերվել է 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի արնաշաղախ դին՝ կողքին շշի բեկորներ:

ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ սպանվածի տունը հայտնաբերվել է ամբողջությամբ խառնված վիճակում: Տեղեկացանք նաև, որ ոստիկանություն ահազանգողը եղել է մի տղամարդ, ով հայտնել է, որ հարևանի դստեր` Էմմայի խնդրանքով` բացել է նրանց տան դուռը և մտնելով ներս` հայտնաբերել վերջինիս մոր` դին:

Պարզվել է, որ նոյեմբերի 4-ին` ժամը 22.30-ին, Ս. Կարապետյանին սպանել է վերջինիս թոռը` 1987 թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Կարապետյանը, ով ձերբակալվել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (շահադիտական դրդումներով սպանությունը՝ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Դեպքի վայր ժամանած ArmLur.am-ի թղթակցին հաջողվեց զրուցել կասկածյալի մոր` Շուշանիկ Ռուստամյանի հետ, ով ասաց` իրենք անորոշության մեջ են, այս պահին որևէ բան ասել չեն կարող: Կապարակնքված դռան դիմաց կանգնած կինը վրդովված նշեց, որ պատկերացում չունեն՝ ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ:

Սպանվածի տանն էին նաև նրա երկու տարեց դուստրերը, ովքեր մեր թղթակցին հայտնեցին, որ իրենց մայրը միայնակ էր ապրում, սակայն իրենք պարբերաբար այցելում էին նրան. «Երեկ հենց իմացել, իսկույն այստեղ ենք եկել: Հիմա մենք էլ բոլորի պես շիվարած ենք, չգիտենք՝ ինչպես կարող էր նման բան պատահել: 90 տարեկան կնոջն ի՞նչ պետք է լիներ, որ ինչ-որ մեկը ցանկանար սպաներ նրան»:

Մեր հարցին՝ հավանական համարո՞ւմ են վարկածը, որ սպանությունը կարող էր նրանց եղբոր որդին կատարել, մեր սպանվածի դուստրերը դժվարացան պատասխանել. «Է՛հ, ի՞նչ ասենք: Ի՞նչ կարող ենք ասել»:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ կասկածյալը նախկինում դատապարտվել է մարդու առևանգման մեղադրանքով: Նա երկար ժամանակ բնակվելիս է եղել Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում: Վաղ հասակում կորցրել է հորը, ապա՝ տեղափոխվել զառամյալ տատի մոտ և իր վրա վերցրել վերջինիս խնամքը:

Եվ այսօր, պարզվում է, նա կասկածում է իր խնամքի տակ գտնվող անձին սպանելու մեջ:




Լրահոս