ՍԽԱԼ ԲՈՒԺՈՒՄ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության կատարած բացահայտումների համաձայն` հայաստանյան շատ բուժհաստատություններում օգտագործվում են չստուգաչափված, այսինքն` անարժանահավատ տվյալներ տվող սարքավորումներ:
Այսօր մեր երկրում բազմաթիվ ախտորոշիչ ու բժշկական սարքավորումներ հնացած են, տեխնիկապես եւ բարոյապես մաշված: Որոշ սարքավորումներ էլ, թեկուզ հնացած ու մաշված չեն, աշխատանքի ընթացքում կարգաբերումից շեղված են եւ ժամանակին չեն կարգաբերվում, աշխատում են չստուգաչափված վիճակում:
Այս իրավիճակում, օրինակ, արյան մեջ այս կամ այն նյութի պարունակության սխալ ցուցանիշից ելնելով, չիմանալով այդ սխալի մասին կամ նույնիսկ չպատկերացնելով շեղման աստիճանը՝ բժիշկները հիվանդներին հաճախ սխալ ախտորոշում են տալիս եւ սխալ ախտորոշման հիման վրա, բնականաբար, նշանակում սխալ բուժում: Այս պատճառով է նաեւ, որ շատ հիվանդներ գանգատվում են, որ մեր երկրում բժշկություն չկա կամ «բժիշկն աչքը բուժելու փոխարեն հոնքն էլ հետը հանեց»: Կարծում ենք` սա միաժամանակ այն բազմաթիվ պատճառներից մեկն է, որ մեր շատ հայրենակիցներ հեռանում են Հայաստանից` մտահոգված նաեւ իրենց եւ իրենց սերունդների առողջությամբ ու կյանքով` նկատի ունենալով, որ մեր երկրում պատշաճ բուժօգնությունը հաճախ երաշխավորված չէ:
Երեւանի տարբեր բուժհաստատությունների ախտորոշիչ ու բժշկական տեխնիկայի նորոգմամբ, կարգաբերմամբ զբաղվող «Մեդտեխնիկա+» ընկերության տեխնիկական ծառայության պետ Տիգրան Ղուկասյանի տեղեկացմամբ՝ այն կազմակերպությունը, որը տվյալ բուժհաստատությունում նորոգում է բուժտեխնիկան, հետո ստուգում է այն եւ ընդունման-հանձնման ակտում գրում, որ ստուգված է ըստ տեխնիկական փաստաթղթերի. «Միայն նորոգումից հետո ենք այդ բաները ստուգում»:
Ստացվում է, որ հիշյալ սարքավորումների ճիշտ աշխատանքը, կարգաբերումից շեղված լինել-չլինելը ստուգվում է միայն այն ժամանակ, երբ դրանք փչանում եւ նորոգվում են: Ըստ ծառայության պետի՝ մնացած դեպքերում, եթե բուժհաստատությունում կա սարք, որը խնդիր ունի կամ կասկած է առաջացել աշխատանքի ճշտության վերաբերյալ, տնօրինությունը կարող է տանել Պետստանդարտ, որ այնտեղ ստուգեն: Բայց խնդիրն էլ հենց այդ է՝ տանո՞ւմ են արդյոք…
Տ. Ղուկասյանից տեղեկացանք նաեւ, որ ախտորոշիչ ու բժշկական տեխնիկայի խափանման դեպքերը հաճախակի են լինում, հատկապես խափանվում են ակտիվորեն շահագործվող սարքավորումները` կարդիոգրաֆներ, անալիզատորներ, ֆիզիոթերապեւտիկ սարքեր, որոնցով բուժում է իրականացվում: «Հիմա բուժհաստատություններն անցնում են տեխնիկական սպասարկման կարգի, ինչպես նախկինում էր, այսինքն` առանց սպասելու` սարքը կփչանա, թե չի փչանա, մասնագետը պետք է շաբաթը մեկ գնա, պարամետրերը ստուգի, դուրս գա,-ասաց հիշյալ ծառայության պետը՝ հավելելով,-դրա համար բուժհաստատությունը պետք է գումար փոխանցի այն կազմակերպությանը, որի հետ այդ ծառայության իրականացման համար պայմանագիր ունի: Արդեն մոտ մեկ ամիս է` ցուցում է տրված բուժհաստատություններին, որ այդ նպատակով համապատասխան կազմակերպություններից նշված ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ հայտարարեն: Դա պարտադիր է, բայց գումար չունեն, պատկերացրե՛ք՝ մեկ սարքի սպասարկումը, կոպիտ եմ ասում, արժե 20.000 դրամ, 100 հատ սարք ունենան, հաշվե՛ք, թե որքան գումար է ստացվում: Մի շարք բուժհաստատություններ ամսական այդքան գումար պետք է վճարեն միայն սպասարկման համար: Բայց այդ գումարը որտեղից պետք է ձեռք բերեն՝ չգիտեմ, խնդիրը բաց է մնում»:
Ի՞նչ են մտածում այս ուղղությամբ պատասխանատու մարմինները: ՀՀ առողջապահության նախարարին ուղղված մեր հարցման կապակցությամբ նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը պատասխանել է. «Ախտորոշման եւ բուժման ժամանակ կիրառվող եւ չափման միջոց հանդիսացող սարքավորումների ստուգաչափումը իրականացվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ընդ որում, համաձայն հիշյալ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի՝ չափման միջոց արտադրող, նորոգող եւ կիրառող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են չափման միջոցը ներկայացնել ստուգաչափման, իսկ համաձայն նույն օրենքի հոդված 16-ի 3-րդ մասի՝ չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ»:
Ընդգծենք, որ խնդիրներից մեկն էլ հենց սա է. չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք պարտավոր են չափման միջոցը ներկայացնել ստուգաչափման, շատ հաճախ կա՛մ չեն ներկայացնում, կա՛մ ժամանակին չեն ներկայացնում: Արդյունքում՝ նման ախտորոշիչ սարքավորումներով ստացվող ցուցանիշները կամ, ինչպես ասում են, «անալիզի» պատասխանները գերազանցում են թույլատրելի շեղումը. իրական ցուցանիշներից կա՛մ աննորմալ պակաս են ցույց տալիս, կա՛մ ավելի: Դրա հիման վրա էլ բժիշկները հաճախ անօգուտ բուժում են նշանակում: Իսկ բուժհաստատությունների ղեկավարները կամ սարքավորումների պատասխանատուները համապատասխան մասնագետի օգնությանն են դիմում հիմնականում այն ժամանակ, երբ այս կամ այն սարքավորումը պարզապես փչանում ու դադարում է աշխատել:

շարունակելի
 ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս