Բոլորը գիտեն կամ զգում են, որ Լավրովը եկել Է ինչ-որ բան «տանելու». «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ էր Հայաստան ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ո՛չ երեկ Երևանում կայացած նրա հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններում, ո՛չ էլ մամլո ասուլիսում հնչած հայտարարություններում այդ հարցի պատասխանը, բնականաբար, չտրվեց։ Նրա այցելության հետ կապված փորձագիտական, քաղաքական շրջանակներում քննարկվում են բազմաթիվ, հաճախ հակադիր ու իրարամերժ կարծիքներ, որոնց, սակայն, միավորում Է այն, որ Լավրովը Հայաստան Էր եկել ինչ-որ լուրջ առաքելությամբ՝ Հայաստանի իշխանությանն ինչ-որ բան համոզելու/պարտադրելու կամ Հայաստանից ինչ-որ զիջում ստանալու/կորզելու համար։ Լավրովի այցին նախորդած ու դրա ընթացքում հնչող այս գնահատականներն ու կարծիքները լավագույնս ցույց են տալիս հայ ռուսական հարաբերությունների իրական որակը, ավելի ճիշտ՝ դրանցում որակի բացակայությունը։

Բոլորը, այդ թվում՝ անգամ Հայաստանի իշխանական շրջանակների ներկայացուցիչները Լավրովի այցից ոչ թե ոգևորված են, այլ անհանգստացած, բոլորը գիտեն կամ զգում են, որ Լավրովը եկել Է ինչ-որ բան «տանելու»։ «Տանելը», իհարկե, պետք Է հասկանալ փոխաբերական իմաստով։ Ավելի տեղին են, թերևս, «թույլ չտալ» կամ «կանխել» արտահայտությունները։ Ներկայումս Հայաստանի շուրջ կատարվում են բավական դինամիկ զարգացումներ՝ սկսած Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո առաջացած նոր հնարավորություններից, մինչև ՆԱՏՕ-ի ակտիվացում մեր տարածաշրջանում (ի դեպ, հենց երեկ, գրեթե Լավրովի այցին զուգահեռ՝ Երևանում ընթանում Էր «ՆԱՏՕ– Հայաստան համագործակցություն, նոր նպատակներ և հեռանկարներ» բազմիմաստ խորագրով խորհրդաժողովը, որի ընթացքում բավական ուշագրավ հայտարարություններ են հնչել Հայաստան֊ ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ)։ Այդ և բազմաթիվ այլ իրողություններ Հայաստանի համար նոր հնարավորություններ ու հեռանկարներ են ստեղծել, որոնց իրացումը բխում Է Հայաստանի պետական շահերից՝ միաժամանակ հակադրվելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին։ Այնպես որ, Լավրովի այցի ամենամեծ խնդիրն այն Է, որպեսզի հանկարծ Հայաստանի իշխանությունն անգամ չմտածի օգտագործել նոր հնարավորությունները՝ Հայաստանի շահերը սպասարկելու նպատակով։ Թե կոնկրետ ի՞նչ դրսևորումներ կստանան այս այցի արդյունքները, տեսանելի կլինի առաջիկայում՝ Հայաստանի իշխանությունների գործողություններից, որոշ դեպքերում՝ նաև գործողությունների բացակայությունից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս