Եվ այսպես` «ոչ մի զադնի» կարգախոսով փետրվարի 20-ից Ազատության հրապարակում հանրահավաքներ անող եւ վերջին քսան օրերին հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ մարտի 31-ին կդադարեցնի հացադուլը, իսկ արդեն ապրիլի 1-ից մինչեւ 5-ը կշրջի Հայաստանի մարզերում: Րաֆֆու այս որոշումը շատերի համար անսպասելի էր, քանի որ նա մինչ այդ (ընդ որում` ոչ մեկ անգամ) հայտարարել էր, թե չի դադարեցնի հացադուլը եւ չի լքի Ազատության հրապարակը, քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ չի հայտարարել: Սակայն, ինչպես տեսանք, Րաֆֆի Հովհաննիսյանը հավատարիմ մնաց ինքն իրեն` հերթական անգամ հաստատելով, որ հակասական եւ անկանխատեսելի գործիչ է, որի եւ ոչ մի հայտարարություն չի կարելի դիտարկել որպես անվերապահ եւ անշրջելի դիրքորոշում: Հատկապես Սերժ Սարգսյանի վերջին նամակից հետո, որտեղ նա կոչ էր արել Ր. Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը եւ մեկ-երկու օր կազդուրվելուց հետո առանց շոուների նստել քննարկման սեղանի շուրջ, ինչին Հովհաննիսյանը պատասխանել էր հացադուլը չդադարեցնելու եւ բացառապես Ազատության հրապարակում հանդիպելու անդրդվելի վճռականությամբ, երեկվա նրա որոշումը, մեղմ ասած, տարակուսելի է եւ, ցավոք, ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տվող: Բնականաբար` Րաֆֆու կողմնակիցները կփորձեն հացադուլի դադարեցումը ներկայացնել որպես մարտավարական հնարք: Հավանաբար հենց այդ նպատակով երեկ արվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին «գլուխ ջարդելու» շուրջ հրապարակային «ռազբորկայի» հրավերքը` դրանով փորձելով ապահովել «թամաշան», որպեսզի ժողովուրդը թեկուզ մի կարճ ժամանակ չհարցնի, թե ինչու Րաֆֆին «զադնի դրեց»: Բայց դա, իհարկե, շատ կարճ ազդեցություն կունենա (եթե այս ընթացքում չլինեն հանրության ուշադրությունը հիմնական հարցից շեղող սադրանքներ): Ու թեեւ «Ժառանգության» առաջնորդը երեկ հայտարարեց, թե այդ մարզային շրջայցը, ապա Ազատության հրապարակում կայանալիք հերթական «հաղթական» հանրահավաքը միտված են ապրիլի 9-ի երդմնակալությանը վերաբերող միջոցառումների նախապատրաստությանը, ակնհայտ է, որ երդմնակալության հետ կապված ընդդիմության հիմնական քաղաքական միջոցառումն արդեն իսկ տապալված է. Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանն այդ օրը կարող է երդվել միայն իր դիակի վրայով: Մինչդեռ հացադուլը դադարեցնելուց հետո դիակի թեման դուրս է գալիս օրակարգից: Եթե իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատի չէր ունեցել քաղաքակա՛ն դիակ հասկացությունը:
Հ.Գ. Երեկվա հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների հետ պարել է Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի նախօրեին Ազատության հրապարակում իր վերջին պարը պարեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿԻ ՎՐԱՅՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ