Տարոն Մարգարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Նրա ուղերձում ասվում է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
Մոտ երկու տասնամյակ առաջ՝ 1996-ին ներդրվելով, տեղական ինքնակառավարման համակարգը զգալի առաջընթաց է արձանագրել ու այս ընթացքում նաև ապացուցել կառավարման այս համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում մեր բնակչության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ՝ այդպիսով նաև ավելացնելով հանրությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ ՏԻՄ-երի պատասխանատվությունը:

Վստահությանը զուգահեռ ավելանում է նաև տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս շատ ավելի լավ պատկերացնելու տեղական նշանակության խնդիրներն ու հնարավորին արագ և ճիշտ լուծումներ գտնելու դրանց համար՝ նաև ապահովելով գործընթացների առավել թափանցիկությունը:

Մարդիկ այսօր առաջին հերթին հենց տեղական ինքնակառավարման մարմնին են դիմում իրենց հուզող ու հետաքրքրող հարցերով և, ի պատիվ համակարգի աշխատողների՝ պետք է փաստենք, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները՝ հնարավոր լուծումներ տալով բարձրացված հարցերին կամ էլ օգտակար խորհրդատվությամբ նպաստելով այս կամ այն հարցի կարգավորմանը:

Հարգելի բարեկամներ,

Համոզված եմ, որ այսուհետ էլ դուք նույն նվիրվածությամբ շարունակելու եք ձեր աշխատանքը՝ նպաստելով համակարգի ամրապնդմանն ու կատարելագործմանը, ի շահ և ի բարօրություն մեր ազգաբնակչության»:




Լրահոս