«ԱՇՏԱՐԱԿ»-ԻՆ ԽՆԱՅԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Ա. Միրզոյան) օրեր առաջ ավարտեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունն «Աշտարակ կաթ» ՓԲ ընկերության դեմ: Դատարանն ամբողջությամբ մերժեց ԻԱԿ-ի հայցը:
«Առավոտ»-ը հիշեցնում է, որ 2011թ. նոյեմբերի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել էր «Աշտարակ կաթ» ՓԲ ընկերությանը՝ խնդրելով հայտնել.
1. կազմակերպության կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց,
2. տրամադրել ցանկը, թե կազմակերպության կաթնամթերքներից որն է բնական կաթից, որը՝ ոչ,
3. որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի տեղեկացմամբ՝ նույնաբովանդակ հարցմամբ ԻԱԿ-ը 2011թ. նոյեմբերի 18-ին դիմել էր նաեւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին: Երկու ընկերություններն էլ ԻԱԿ-ի հարցումը թողել էին անպատասխան: 2011թ. դեկտեմբերի 6-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ էր դիմել «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին, սակայն կրկնակի հարցմամբ էլ պահանջվող տեղեկությունները չէին տրամադրվել:
2011թ. դեկտեմբերի 19-ին ԻԱԿ-ը վերոհիշյալ կազմակերպությունների անգործությունը վիճարկեց դատական կարգով՝ հայցով դիմելով ՀՀ վարչական դատարան եւ խնդրելով պարտավորեցնել կազմակերպություններին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաեւ տեղեկությունները չտրամադրելու համար ընկերությունների տնօրեններին ենթարկել վարչական պատասխանատվության: Երկու դեպքում էլ դատարանը գործը վարույթ էր ընդունել միայն կազմակերպությունների տնօրեններին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով:
Ուշադրության արժանի է այն, որ «Դուստր Մարիաննա»-ի գործով ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Ա. Դարբինյան) 2013թ. փետրվարի 19-ի վճռով ամբողջությամբ բավարարել է ԻԱԿ-ի հայցը՝ «Դուստր Մարիաննա» ընկերության տնօրենին տեղեկություն չտրամադրելու համար ենթարկելով վարչական պատասխանատվության եւ պարտավորեցնելով փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը: Իսկ «Աշտարակ կաթ»-ի գործով ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Ա. Միրզոյան) մարտի 26-ի դատական ակտով ամբողջությամբ մերժել է ԻԱԿ-ի հայցը: Այսինքն՝ ՀՀ վարչական դատարանում նույնաբովանդակ հայցերով երկու հակասական վճիռներ են կայացվել:




Լրահոս