«ԱՅՆՔԱՆ ԵՄ ԾԻԾԱՂՈՒՄ՝ ՄԵՌՆՈՒՄ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, հումորիստ Արթուր Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 1-ն իր համար տոն է: Դերասանը փորձում է անգամ շատ ծանր ու դժվար հարցերին հումորով նայել: Կատակներ հաճախ է անում, բայց կյանքում բավական լուրջ մարդ է, բոլորի հետ չէ, որ հումորը ստացվում է:
Արթուրն ինքն էլ լավ հումորի կողմնակից է. «Քայքայվում եմ տեղում, այնքան եմ ծիծաղում՝ մեռնում եմ: Ինձ համար իսկական հումորն այն է, որ ես այդ պահին չէի էլ սպասում, թե կատակ կանեն, մեկ էլ անում են: Հիշեցի Աշոտ Ղազարյանի կատակներից, երբ խմող մեկը մորն ասում է՝ արաղը բե՛ր խմենք: Մայրն էլ պատասխանում է, թե արաղ չկա: Աշոտն էլ զարմացած հարցնում է՝ բա երկու յաշիկ բերեցի, ի՞նչ եղավ: Մայրն էլ, թե` բա պապան մեռավ, թաղմանը խմեցինք, էգնահողին խմեցինք, ու պաուզա… Այդ պահին մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ Աշոտը կարող էր ասել՝ պապան մեռե՞: Ա՛յ նման բաների վրա քայքայվում եմ: Լիաթոք ու բարձրաձայն ծիծաղում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ դահլիճում եմ, իմ կոլեգաներից շատերը, նաեւ հանդիսատեսը, հասկանում են, որ ես դահլիճում նստած եմ»:
Դերասանի համար անտանելի է, երբ ասում են` մի ուրախ բա՛ն պատմիր: Իր ընկերներից շատերը գիտեն, եթե «բացվեց», երեկոն կվերցնի իր վրա, սակայն շատ հաճախ հումորիստն ուզում է, որ իրեն ուրախացնեն. «Չեմ սիրում, երբ ինձ հրավիրում են հարսանիքի, կնունքի, ծնունդի ու սպասում՝ երբ մի բան պիտի անեմ կամ ասեմ: Ես էլ մարդ եմ, ես էլ եմ եկել ուրախանալու»: Վերջում պարոն Հակոբյանը շնորհավորեց մեր ազգին ու կեսկատակ ասաց. «Ապրիլի 1-ից ուսումը դառնում է անվճար, աշխատավարձերը տասնապատկվում են, մենք ոչ մի տեսակի վիզայի կարիք չենք ունենում, ապրիլի 1-ից մենք դառնում ենք Միացյալ Նահանգների տերն ու տիրակալը»:




Լրահոս