Լոռիում ուսուցիչներն առանց մրցույթի են նշանակվում. ինչ խախտումներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչությունը եւ Երեւանի քաղաքապետարանը ստուգումներ են իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում: Բացի այս, տեսչությունը 2015 թվականի ընթացքում ստուգումներ է իրականացրել նաեւ ՀՀ որոշ մարզերում եւ արձանագրել լուրջ խախտումներ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ է կրթության պետական տեսչությունը ստուգումներ իրականացնում հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում:

-Նախարարի կողմից հաստատված աշխատանքային ծրագրով ներկայումս ստուգումներ ենք անցկացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գտնվող մանկապարտեզներում եւ դեկտեմբերին այն կշարունակենք Շենգավիթ վարչական տարածքում: Արդեն երկու շաբաթ է, ինչ այդ ստուգումներն անց են կացվում եւ կավարտվեն այս ամսվա վերջին: Արդյունքները դեռ խմորման մեջ են:

-Հայտնի՞ է, թե քանի մանկապարտեզ է ստուգվել, եւ այս ընթացքում ի՞նչ բնույթի խախտումներ են արձանագրվել:

-Արդեն 15-րդ մանկապարտեզում է ստուգում իրականացվում: Սովորաբար, երբ արտառոց խախտում է լինում, տեսուչներն անմիջապես զանգահարում եւ զեկուցում են այդ մասին: Կարծում եմ, որ առօրյա թերություններ կլինեն, արտասովոր ոչինչ չկա: Սնունդը, ֆինանսական կողմը մեր գործառույթների մեջ չեն մտնում: Ստուգում ենք նշանակումները, արդյոք կադրերը մասնագե՞տ են, թե՞ ոչ, սահմանված կարգո՞վ են նշանակվել, թե՞ ոչ, ուսումնական պլանից շեղումներ կա՞ն, թե՞ ոչ:

-Պարո՛ն Կարապետյան, այս տարվա ընթացքում Երեւանի ո՞ր վարչական շրջաններում եք ստուգումներ իրականացրել:

-Մեր տեսչությունն այս տարի առաջին անգամ է մանկապարտեզ ստուգում: Տեսուչները զբաղված էին, նոր են մարզերից վերադարձել: Ժամանակացույցով է նշված, որ մենք պետք է նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մանկապարտեզներ ստուգենք: Դա արդեն հաստատված ծրագիր է:

-Իսկ տարվա ընթացքում ո՞ր մարզերում եք ստուգումներ իրականացրել:

-2015 թվականի գարնանը ուսումնասիրություններ են իրականցվել Լոռու մարզի թվով 48, Գեղարքունիքի մարզի թվով 44 դպրոցներում: Ստուգվել են նաեւ Արարատի, Գավառի, Գորիսի եւ Դիլիջանի քաղաքապետարանների կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումները, այդ թվում նաեւ մանկապարտեզները: Ուսումնասիրության ենթարկված թվով 22 մանկապարտեզներից 21-ում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ, եւ կազմվել է 21 ակտ:

-Հիմնականում ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել:

-Օրինակ՝ 8 մանկապարտեզներ չեն ունեցել կրթական գործունեության թույլտվություն, լիցենզիա: Թվով 12-ում մանկապարտեզի կանոնադրությունը համապատասխանեցված չէր գործող օրենսդրությանը, թվով 12-ում մանկավարժական աշխատողների նշանակումը իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով, 11-ում խմբերում սաների թիվը գերազանցել է սահմանված նորմատիվը, 7-ում խմբերը չեն համալրվել՝ ըստ նախադպրոցական տարիքային փուլերի եւ այլն: Իսկ Լոռու մարզի ստուգված 48 դպրոցներից թվով 27-ում կազմվել է 27 արձանագրություն: 19 դպրոցներում 33 անձ խախտումներով է նշանակվել աշխատանքի, 2-ում ուսուցիչը ընդունվել է աշխատանքի առանց մրցութային հիմունքի: Գրեթե բոլոր մարզերում գերակշռում են տնօրենի կողմից կադրերի նշանակումը եւ ուսումնական պլանի խախտումները:

-Նման դեպքերում ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենի նկատմամբ:

-Մեր կողմից արձանագրված խախտումները տեղեկանքի ձեւով ուղարկվում են համապատասխան լիազոր մարմիններին՝ քաղաքապետարան, մարզպետարան: Արդեն լիազոր մարմնի ղեկավարն է որոշում պատժի տեսակը, ապա արդյունքում մեզ տեղեկացնում է, թե տվյալ անհատի նկատմամբ ինչ պատիժ է կիրառվել:

-Ո՞ր մարզում են խախտումներն ամենից շատ եղել:

-Լոռու մարզում: Տվյալ մարզի դպրոցներում հայտնաբերված թերությունների մասով մենք հանդիպել ենք նաեւ մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, իսկ վերջինս հանձնարարություն է տվել, շատ շատերին նույնիսկ պատժել է, նկատողություն է տվել: Այնտեղ բազմաթիվ ուսուցիչներ ոչ սահմանված կարգով են ընդունվել աշխատանքի, առանց մրցույթի: Այս մարզի դպրոցներում նաեւ աշակերտների գրավոր աշխատանքների մասով է անմխիթար վիճակ: Սա ուղղակի մտահոգող խնդիր է: Այս մասին զեկուցել ենք նաեւ նախարարին:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս