Քաղաքական դաշտի խաղացողները փոխվել և փոխվում են, սակայն ընտրակեղծարարությունը կրկին կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում երբվանի՞ց սկսեցին ընտրությունները կեղծել. այս հարցը վերջին օրերին բազմիցս արծարծվել է, բայց իրավիճակի գագաթնակետը եղավ այն, որ իշխանության ներկայացուցիչները եւս սկսեցին 90-ականների ընտրակեղծիքների մասին խոսել: ՀՀ իշխանության առանձին ներկայացուցիչներ այնպիսի պաթոսով են 90-ականների կեղծիքների մասին խոսում, որ կարելի է կարծել, թե իրենք են Հայաստանի ժողովրդավարության պաշտպանները, եւ իրենց այսօրվա դիրքն այդ նույն կեղծիքների շնորհիվ չի ապահովվել:

Ներկա իշխանավորների մոտ կարծես հիշողության կորուստ է եղել, եւ մոռացել են, որ, օրինակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որպես Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, գրավոր հրամանով է իր ենթականերին պարտադրել ներկա լինել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը: Կամ նույն Գալուստ Սահակյանը արժանիորեն կարող է համարվել բոլոր ժամանակներում Աջափնյակում ընտրություններ կեղծողների կենդանի հուշարձան: Նույնը կարելի է ասել Սերժ Սարգսյանի եւ նրա բոլոր, այսպես կոչված, հին թիմակիցների մասին:

Ուստի ժամանակն է, որպեսզի ընտրակեղծարարության հիմքերի հարցին ավելի հանգամանալից պատասխան տրվի:

Այսպես՝ այն դիտարկումը, որ նախագահական ընտրություններից միակը, որը ազատ, արդար եւ թափանցիկ է եղել, դրանք 1991-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն են, անվիճելի իրողություն է: Սակայն դա չի նշանակում, որ այդ ընտրությունների ժամանակ կեղծիքներ եւ ընտրախախտումներ չեն եղել: Սակայն նույնիսկ այն գործիչները, ովքեր ատում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընդունում էին, որ նա ընտրված նախագահ է: Այսինքն՝ այս դեպքում միանշանակ կարելի էր ասել, որ տեղի ունեցած ընտրակեղծիքներն ու ընտրախախտումներն արդյունքների վրա չեն ազդել:

1995-ի ԱԺ ընտրությունները եւ սահմանադրական հանրաքվեն, 1996-ի սեպտեմբերի նախագահական ընտրություններն անկախ Հայաստանի պատմության առաջին ընտրություններն էին, որոնց ընթացքում կիրառվեցին լայնամասշտաբ ընտրակեղծիքներ, թաղային խուժանը սկսեց միջամտել ընտրություններին` դրանց ընթացքում դառնալով որոշիչ գործոն: Սակայն այդ ընտրակեղծիքների առանձնահատկությունն այն է, որ դրանք համակարգված բնույթ չէին կրում, ավելին՝ ընդդիմությունը եւս ընտրակեղծիքի որոշակի ռեսուրսներ էր տիրապետում: Այսօր շատ քչերի մտքով կարող է անցնել, որ 1996-ին Ռուբեն Հայրապետյանը, որը քրեական աշխարհի հետ սերտ կապեր ուներ, ֆինանսապես եւ այլ եղանակներով աջակցում էր այն ժամանակ նախագահի ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանին: Այսինքն՝ 1995-ի եւ 1996-ի ընտրությունների արդյունքների աղճատված լինելու մասին գնահատականները համապատասխանում են իրականությանը: Բայց դրանց արդյունքում միակ շահողը եղան բուն ընտրակեղծարարները, որոնք իրենց «ծառայության» դիմաց որոշակի լծակներ ստանալուց հետո եւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի հետ «դաշնակից» դառնալով՝ Հայաստանի քաղաքական իշխանությանը հետեւողական ասպարեզից հեռացրեցին:

Իհարկե, 1999-ի մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները Հայաստանում իրավիճակը փոխեցին, եւ իշխանության ղեկին էին գտնվում հիրավի ընտրողների քվեն ստացած գործիչները: Սակայն դա ժամանակավոր բնույթ կրեց եւ հոկտեմբերի 27-ից հետո ընտրակեղծարարների բանակը կրկին իշխանությունը վերադարձրեց իրեն: Ի դեպ, Հայաստանի անկախության տարիներին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից միայն 1999-ի վերաբերյալ կարելի է ասել, որ արդյունքները համապատասխանում էին ընտրողների տրամադրություններին, եւ որ ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները չէին ազդել արդյունքների վրա:

2003-ի նախագահական եւ ԱԺ ընտրությունները, ինչպես նաեւ սահմանադրական հանրաքվեն անցան հախուռն ընտրակեղծարարության պայմաններում: Այսինքն՝ ողջ իշխանական համակարգը լծված էր ընտրությունները կեղծելու գործին, սակայն դա համակարգված չէր իրականացվում: Պետական պաշտոնյաները, քրեական հեղինակությունները, իրավապահ համակարգը եւ մյուսները, ով ինչպես կարողանում, կեղծում, ահաբեկում էր: Սակայն, միեւնույն է, իշխանություններին մի կերպ հաջողվեց իշխանությունը պահպանել:

Նկատենք, որ իշխանական համակարգում հենց 2003-ի ընտրություններից հետո սկսեցին ընտրակեղծարարության համակարգի կառուցման աշխատանքները: Ընտրական հանձնաժողովներում միայն որակավորում ունեցող անդամներ նշանակելու համակարգը ներդնելով՝ ընդդիմությանը զրկեցին տեղամասերն ամբողջությամբ վերահսկելու հնարավորությունից, իսկ քվեարկած ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումն արգելելով՝ ընդդիմությունն այլեւս չէր կարող ապացուցել, որ մի քանի հարյուր հազար բացակա ընտրողների փոխարեն քվեաթերթիկներ են լցոնվում: Ընտրակեղծարարության համակարգը տեխնիկապես փորձարկվեց 2005 թվականի նոյեմբերի 27-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Հանրաքվեն անցավ տեղամասերի դատարկության պայմաններում, բայց պաշտոնապես գրանցվեց, թե իբր մեկուկես միլիոն մարդ է մասնակցել, որից ավելի քան 1 մլն 400 հազարն այո են քվեարկել:

Ընտրակեղծարարության համակարգի գործունեության համար առանցքային դերակատարություն ուներ, այսպես կոչված, «երկրորդ» խաղացողի գործոնը, եւ այդ նպատակով 2006-ի փետրվարին իշխանությունները ստեղծեցին ԲՀԿ-ն: 2007-ի եւ 2012-ի ԱԺ ընտրություններում իշխանություններին հաջողվեց ընտրակեղծարարության համակարգի միջոցով ստանալ իրենց ցանկալի արդյունքները: ԱԺ մանդատները փաստացի կիսվեցին երկու իշխանական ուժերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, իսկ մնացածին «փշրանքները» բաժին հասան:

Սակայն ժամանակները փոխվել են, քաղաքական դաշտի խաղացողները եւս փոխվել ու փոխվում են: Եւ այս իմաստով դեռ վաղ է ասել, թե դեկտեմբերի 6-ի հանրաքվեն եւ 2017-ի խորհրդարանական ընտրություններն ինչ ընթացք կունենան, բայց որ կրկին գործելու է ընտրակեղծարարության արդեն պետական դարձած համակարգը, միանշանակ է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս