Երևանում ամառվա հրդեհներից այրված խոտածածկ տարածքներում ծառեր են տնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծառատունկ-շաբաթօրյակին 1500 ծառ է տնկվել ամռանը հրդեհներից այրված կանաչ տարածքներում՝ Բուսաբանական այգում, Ծիծեռնակաբերդում, Փարոսի անտառ-պուրակում։ Բուսաբանական այգու ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ որդիների հետ։

Ի դեպ, ամառվա հրդեհներից տուժած կանաչ տարածքները նախկինում առավելապես ոչ թե ծառապատ, այլ բացատային՝ թփերով պատված ու խոտածածկ տարածքներ են եղել, որտեղ այս ծառատունկին տնկվել են չորադիմացկուն ծառատեսակներ։
«Այս տարածքները մայրաքաղաքի բուֆերային գոտիներն են, այսինքն՝ փոշեկլանող և քամիները թուլացնող նշանակություն ունեն։

Ծիծեռնակաբերդի տարածքը, Փարոսի անտառ-պուրակը, Բուսաբանական այգին ծառերով են համալրվում յուրաքանչյուր ծառատունկին, ինչը այս տարի որպես հրդեհված կանաչապատ տարածքների վերականգնման լրացուցիչ ծրագիր ենք իրականացնում։ Տնկվում են և՛ դեկորատիվ և՛ պտղատու ծառեր. քաղաքապետարանի տնկարանից ու մարզերից բերված տնկիներ են, որ իրենց հատկանիշներով լիովին համապատասխանում են տեղանքների բնակլիմայական պայմաններին ու նշանակությանը։

Տնկվում են սաֆորա, թխկի, սոսի, բալենի, ծիրանենի, դեղձենի»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը և նկատել, որ, օրինակ, «Փարոս»-ի անտառ-պուրակում նախորդ ծառատունկի կպչողականությունը գրեթե 90 տոկոս է։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս