Մարզպետի հեռուստաընկերությունը գործարկվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 10 օր է, ինչ թվային հեռարձակմամբ եթեր է դուրս գալիս «Տավուշ» մարզային հեռուստաընկերությունը, որն այս տարեսկբից չէր գործում: Հ/ը-ն ձեւավորվել է Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հենքի վրա, որի տնօրեն Վարդան Անանյանն էլ հենց զբաղեցնում էր մարզային հ/ը տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակից հեռուստաընկերությունն իր աշխատակիցներին աշխատավարձի պարտքեր ունի, որոնք մինչ այժմ չեն վճարվել: Թեեւ «Տավուշ» հ/ը-ն մարզային է կոչվում, սակայն դրա հաղորդումները մարզի տարածքի կեսում չեն հեռարձակվել:

Նշված ժամանակաշրջանում հ/ը փաստացի սեփականատերը Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանն էր: Հետո հեռուստաընկերության փաստացի, միակ սեփականատերը դարձավ Տավուշի ներկայիս մարզպետ Հովիկ Աբովյանը:

Այժմ Իջեւան քաղաքի թիվ 5 մանկապարտեզի հարակից տարածքում մարզային հ/ը-ի ստուդիա է ձեւավորվում, կատարվում են տարածքի նորոգման աշխատանքներ: «Տավուշ» հ/ը-ի տնօրեն, վանաձորցի փորձառու հեռուստաօպերատոր Ժան Գալստյանը հայտնեց, որ իրենք առայժմ հեռարձակում են այլ հեռուստաընկերության հաղորդումներ, սակայն առաջիկայում՝ աշխատողներ ընդունելուց հետո, արդեն սեփական հաղորդումներ կպատրաստեն եւ կհաղորդեն: Ուշագրավ է, որ մարզպետին պատկանող մարզային հ/ը-ն իր գործունեությունը վերսկսում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս