ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿՐՃԱՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, ՈՒՐԱԽԱՑԵՔ ԴՐԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 2016 թվականի բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Իբրեւ հիմնավորում նա մատնանշել էր այն հանգամանքը, որ եկող տարվա բյուջեի ծախսերի մոտ կեսը, իսկ ավելի կոնկրետ՝ 45,4 տոկոսը, նախատեսված է առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների ֆինանսավորման համար: Իրականում, սակայն, եթե բյուջետային ծախսերից հանում ենք կենսաթոշակների գումարները, որոնք 2016-ի համար 293 միլիարդ 692 մլն դրամ են կազմում, ապա բյուջեի սոցիալական բաղադրիչից բան չի մնում:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ կենսաթոշակների գումարը չի համարվում սոցիալական քաղաքականության իրագործում, քանի որ այս դեպքում պետությունն ընդամենը մարդկանց վերադարձնում է տարիներ շարունակ նրանց կողմից վճարված գումարները: Իսկ ծերության թոշակների համար նախատեսված գումարը 2016 թվականի պետական բյուջեի 22 տոկոսն է կազմում: ՀՀ կառավարությունը 2016 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսում, հատկապես սովորական կենսաթոշակ ստացող տարեցների դեպքում: Հաշվի առնելով հենց նույն 2016 թ. բյուջեի նախագծով նախատեսվող 4,5 տոկոսանոց գնաճը` ստացվում է, որ կառավարությունը խոստանում է, որ նրանց սոցիալական վիճակը եկող տարի էլ ավելի կվատթարացնի:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ (Մարտունու ընտրատարածքից): Ըստ մեր տեղեկությունների՝ մի քանի օր առաջ ՀՀԿ-ականների շրջանում քննարկվել է այն հարցը, թե ինչպես են իրականացվելու սոցիալական ծրագրերն այն դեպքում, երբ 2016 թվականի բյուջեի հատկացումներն անգամ դրա նվազագույն հնարավորությունը չեն տալիս:
ՀՀԿ-ականներից շատերը մտավախություն են հայտնել, որ դա կարող է հանգեցնել սոցիալական բունտի: «Ժողովուրդը» Հ. Հակոբյանից փորձել է պարզել ՀՀԿ-ականների մտավախության աստիճանը հնարավոր սոցիալական բունտի շուրջ:
-Ի՞նչ բունտի մասին է խոսքը, մենք արդեն հստակ ներկայացրել ենք, թե բյուջեով ինչ է նախատեսված ու ինչ է արվելու: Ես բազմիցս ասել եմ, որ մեր բյուջեն կլցվի, երբ մենք շատ աշխատողներ ունենանք:
-Բայց Հայաստանը նաեւ աշխատատեղերի խնդիր ունի, ՀՀ քաղաքացին չի կարողանում իր համար աշխատանք գտնել, ինչպե՞ս եք այդ դեպքում պատկերացնում բյուջեի «լցնելը»: Ստացվում է՝ մի քանի տարի շարունակ նման բյուջե՞ ենք ունենալու:
-Սա նշանակում է, որ մենք մի քանի տարիների ընթացքում չենք կարողանալու ավելացնել մեր բյուջեի ռեալ եկամուտները:
-Փաստորեն, դա էլ կարող է բերել սոցիալական բունտի:
-Սոցիալական բունտը ո՛չ լրագրողներն են որոշում, ո՛չ էլ պատգամավորները, դա հասարակության որոշման խնդիրն է: Ես մի անգամ հայտարարել եմ, որ այժմ կառավարությունը շատ լավ ծրագիր է իրականացնում աշխատատեղեր ստեղծելու, զբաղվածությունը ավելացնելու եւ նյութական բարիքներ ստեղծելու գյուղատնտեսության ոլորտում: Շատ-շատ մեծ համայնքների հանրապետության տարածքով մեկ տրամադրվում են տեխնիկաներ` շատ էժան գնով, որպեսզի հողի մշակումը ավելացվի, իսկ հողի մշակումն ինչ է, դա բարիք է, եւ այդ նույն սկզբունքը փորձում են իրականացնել քաղաքաբնակ վայրերում, որտեղ որ իսկապես դժվար է: Իսկապես դժվար է քաղաքաբնակ վայրերում գործարաններ, արտադրամասեր ստեղծել, որտեղ մարդիկ կաշխատեն, բայց այդ ծրագիրը կա:
-Գեղեցիկ ծրագրեր, մտքեր մշտապես էլ հայրենի կառավարությունը ներկայացրել է, սակայն դրանք կյանքի չեն կոչվում, հասարակությունը դրանց արդյունքը չի զգում, ինչո՞ւ բացի թղթի վրա գրելուց՝ որեւէ կոնկրետ գործողություն չի իրականացվում՝ հանրության շահերից ելնելով:
-Գյուղատնտեսությունը կյանքի կոչվում է, որովհետեւ այնտեղ կա հնարավորություն անելու, քաղաքայինը դեռեւս արտառոց չի երեւում, ես էլ ասում եմ՝ կանցնի երկու տարի, կերեւա: Նշեմ նաեւ, որ այս բյուջեով սոցիալական որեւէ ծրագիր չի պակասել, ընդհակառակը, սոցիալական ոլորտում հատկացումն ավելացել է 15 միլիարդով: Այդքան չափով ավելացել են սոցիալական ծախսերը ու ավելացել է չաշխատող մայրերին ծննդաբերության համար նպաստ տրամադրելու ծարագիրը՝ 4 միլիարդ դրամով: Այսինքն՝ կառավարությունը սոցիալական ծախսերը չի պակասեցրել: Եթե ծրագրերը չեն պակասել, ավելին` դրանց թիվն ավելացել է, ինչ բունտի մասին կարող է խոսք լինել:
-Թոշակառուն կարող է…
-Իսկ երբ անցած տարի 10-13 տոկոսով բարձրացում եղավ թոշակների, ասում էին՝ էլի բունտ է լինելու, բայց չեղավ:
-Ստացվում է՝ առաջարկո՞ւմ եք առանց որեւէ բողոքի «յոլլա» գնալ:
-Ինչ ստեղծել ենք, դա էլ պետք է անենք, աշխատում ես քո ստեղծածով, այդպես պետք է բոլորս ապրենք: Ես արդեն ասեցի՝ տնտեսության որեւէ տեղ չի ավելացել, բայց թոշակ կրճատե՞լ ենք, նպաստները կրճատե՞լ ենք, ո՞րն ենք կրճատել, ասեք՝ տեսնեմ:
-Այսինքն՝ պետք է կրճատեի՞ք, պետք է գո՞հ լինի ՀՀ քաղաքացին, որ աշխատավարձի կրճատումներ չե՞ք արել:
-Ձեր ասած տրամաբանությունն ու իմ ասածը ուղիղ համապատասխանում են, Դուք ասում եք՝ բունտ կլինի, ես էլ ասում եմ՝ կրճատում չի եղել, ինչի՞ մասին է խոսքը, ավելացում է եղել, աշխատավարձի կրճատում չի եղել, իրականությունը սա է:

 

 

 

 
ՀՀԿ-Ն ԲՈԼՈՐԻՆ «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» Է ՀԱՆՈՒՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմությունը, չունենալով մարդկային ռեսուրսներ սահմանադրական հանրաքվեի վերահսկողության համար, սկսել է պրովոկացիաներ անել: Ըստ ՀՀԿ-ականի՝ իրենց թիմակիցները շատ են, ու բոլորն այս ժամանակահատվածում զբաղված են այո-ի քարոզարշավով, իսկ ընդդիմությունը, չկարողանալով իր ուզածին հասնել, սկսել է դեմագոգիայով զբաղվել:

-Պարո՛ն Բաղդասարյան, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները «Նույնականացման քարտերի մասին» օրենքի փոփոխությամբ ապացուցում են, որ իրենք ձայների խնդիր ունեն ու հենց այս օրենքի միջոցով են իրականացնելու ընտրակեղծիքները: Ինչո՞ւ չեք լսում ընդդիմության հորդորները` այս վիճահարույց օրինագծի քննարկումները հետաձգելու եւ ապացուցելու համար, որ դուք իրապես ցանկություն ունեք առանց ընտրակեղծիքների հանրաքվեն անցկացնել:
-Սկզբում հայտարարում էին 24 ժամյա ռեժիմ, հայտարարում էին, թե հրատապ է, նշում էին, որ ցանկանում են քննարկել, մենք էլ դա արտահերթով ենք անում, ժամանակ կար քննարկելու, ու սա միանշանակ լուծում է տալու այդ խնդրին: Սա պարզապես շահարկում է, սա դեմագոգիա է, ինչը Դուք լսում եք, սա ընդամենը արվում է՝ հանրության ուշադրությունը շեղելու համար: Թանաքն են մեջտեղ բերում, որպեսզի ժողովրդին զզվացնեն, նրանք այլեւս չգան ընտրության, սրանք պրովոկացիաներ են: Մենք շատ հստակ ասում ենք, որ մենք իրավունք չունենք 182 հազար ՀՀ քաղաքացիների զրկել իրենց ընտրական իրավունքից: Եթե տեխնիկապես դա հնարավոր լիներ, մենք դա կանեինք, իսկ մենք ասում ենք, որ առանձին ցուցակով են նշվելու նույնականացման քարտերով քվեարկածները: Ծրագրերը կան, իրենք կարող են ստուգել: Հիմա մենք մեղավո՞ր ենք, որ իրենք մարդկային ռեսուրս չունեն ու ամեն ինչը սարքում են մատի փաթաթան:
-Հայտարարում եք, որ ընդդիմությունը մարդկային ռեսուրս չունի, իսկ ընդդիմությունն էլ նշում է, որ Դուք օգտագործում եք իշխանական լծակները` ստիպելով, որ պետական գերատեսչություններում, նախարարություններում, դպրոցներում, մանկապարտեզներում աշխատող քաղաքացիները համագործակցեն այո-ի շտաբի հետ:
-Ընդամենը հարկավոր է հանձնաժողովներում ունենալ իրենց անդամին, ամեն մեկն էլ կարող է ինչ-որ բան մեկնաբանել, եթե մանկապարտեզի, դպրոցի ներկայացուցիչն այո-ի թիմի անդամ է, եթե իրենք ցանկանում են այո ասել, մենք ի՞նչ կարող ենք անել: Եթե դա Սահմանադրության խախտում է, ասեք, մենք էլ իմանանք: Մեր թիմն է, իսկ մենք էլ քարոզչություն ենք իրականացնում, իրենք էլ մեզ օգնում են այդ քարոզչությունն իրականացնելու համար, ես կարծում եմ այդտեղ որեւէ բան չկա, քանի որ այս ժամանակահատվածում բոլորն էլ իրենց թիմերի հետ քարոզչություն են իրականացնում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԵՐԻՑՅԱՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՐԵՑ
Երեկ, երբ ՀՀ ԱԺ-ում լրագրողները ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվել են, թե որքան է կազմում նրա ամսական աշխատավարձը, նա պատասխանել է՝ 1 մլն 300 հզ. դրամ: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Ն. Երիցյանի պաշտոնական հայտարարագրում այլ տվյալներ են նշված: Ըստ նրա կողմից ներկայացված փաստաթղթի՝ 2014-ին Երիցյանի ամսական աշխատավարձը կազմել է 2 մլն 150 հզ. դրամ: Հիշեցնենք, որ հայտնի թանկարժեք բիոզուգարանների գաղափարի հեղինակը հենց Ն. Երիցյանն էր, որն այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Երկու բիոզուգարանների համար, որոնք այդպես էլ չգործեցին, ՀՀ պետբյուջեից ծախսվեց 125 մլն դրամ: Սակայն Երիցյանը չէր զլանում հայտարարել, թե զուգարանների գնումը «դարի գործարքն» է: Եւ ամենեւին զարմանալի չէ, որ Երիցյանը ունակ է սխալ ասել նաեւ սեփական աշխատավարձի մասին տեղեկությունը:

 

ՀԵՐՄԻՆԵԻ ՊԱՇՏՊԱՆԸ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը պետք է հրաժարական տա՝ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի ընդունումը քաղաքական հանձնաժողովում կանխել չկարողանալու համար: Գ. Սահակյանն ասաց, որ Նաղդալյանը «մեղք» չունի. «Դա պարտություն չէր ԵԽԽՎ-ում, դա հանձնաժողով էր, որտեղ տարբեր անդամներ կան՝ 24-ը դեմ են քվեարկվել, իսկ հայտնի պատճառներն արդեն ասվել են, ես կողմնակից չեմ, որ պատճառաբանություններ բռնենք, պետք է պայքարենք, իսկ այդ պայքարը բավականին դժվար պայքար է: Դա կապված չէր Հերմինե Նաղդալյանի հետ, ոչ, որեւէ պատիժ չկա, մենք տարբեր ժամանակահատվածներում էլ ասել ենք, որ պետք է տարբեր խմբերում այդ հարցը բարձրացվի, որպեսզի մենք աջակիցներ ունենանք»:

 

«ՄԱՐԴ ՈՒ ԿԻՆ ՄԻ ՄԱՐՄԻՆ»
Դեռեւս 2014 հոկտեմբերի 31-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իր եւ կնոջ` Լարիսա Միքայելյանի միջեւ կնքված ամուսնական գույքի բաժանման պայմանագիրն առոչինչ ճանաչել, եւ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցը: Սակայն ավելի ուշ երկու ընկերություններ դիմել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան եւ բողոքարկել վերը նշված գործով կայացված վճիռը՝ պատճառաբանելով, որ այդպիսով դատարանը խախտել է իրենց իրավունքները: Արդյունքում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճիռը բեկանել եւ ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Ի դեպ, Ն. Ազիզյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում: Սակայն վճռաբեկը նրա բողոքը մերժել է: Մի խոսքով, նախկին պատգամավորի եւ նրա կնոջ գույքի բաժանման պատմությունը ոչ միայն չի ավարտվում, այլեւ նոր զարգացումներ է ստանում: Հիշեցնենք, որ Ազիզյանը եւս ընկել է հայաստանյան բանկերի ճիրանը եւ չի կարողանում ազատվել:




Լրահոս