Նոր գիրք՝ հայ-ադրբեջանական պատերազմի և մերօրյա հերոսների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը։ Այն հրատարակվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Մերօրյա հերոսը» ծրագրի շրջանակներում։

Գրքում ներկայացված են հայ-ադրբեջանական պատերազմի 1988-1994թթ. և ներկայիս՝ 2014-2015թթ. շրջափուլերը։ Մատնացույց են արվում հակամարտության ծագման պատճառներն ու հայաստանանպաստ լուծման հնարավոր ուղիները։ Գրքի «Հուշամատյանը» ներառում է 2014-2015թթ. պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 10 զինծառայողների (Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Զորիկ Գևորգյան, Սարգիս Մովսիսյան, Վարդան Մկրտչյան, Արշակ Հարությունյան, Էդուարդ Հայրապետյան, Հակոբ Խաչատրյան, Սամվել Հակոբյան) կյանքի և սխրանքի նկարագրությունը։

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի հեղինակ Էդգար Էլբակյանը նշում է, որ ներկայիս պատերազմն իր բնույթով էապես տարբերվում է 1988-1994թթ. պատերազմից։ Վերջինս ավելի լայնածավալ էր, համընդգրկուն։ Ըստ այդմ, թե′ հասարակական մոբլիլիզացիան, թե′ լուսաբանումը (այդ թվում՝ հերոսների կյանքը և գործը) ավելի լայն մասշտաբներ ունեին, և ընթերցողի, ազգի համար ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի էր։ «Այսօր պատերազմը մի փոքր այլ է՝ դիրքային, դիվերսիոն, սակայն տերմինները՝ մի կողմ, այն ավելի կցկտուր բնույթ է կրում, հասարակական քննարկումների կիզակետն էլ հաճախ պատերազմը չէ։ Տեղեկատվական հոսքերի առատության պայմաններում, որ բնորոշ է 21-րդ դարին, պատերազմի, հերոսների մասին նյութերն ընդամենը լրատվական փոքրիկ միավորներ են դառնում՝ հերթական լուրը՝ հերթական դիվերսիայի, զոհի մասին, և վերջ։ Մենք զգացինք վտանգ, որ այդ հոսքի մեջ կորչում է և′ պատերազմի լուսաբանումը, որ ապագայում շատ է պետք գալու հետազոտողներին՝ քաղաքագետներին, ռազմագետներին, և′, իհարկե, կարող են կորչել նաև պատերազմի հերոսների կյանքի, սխրանքի մասին պատմությունները։ Ու որոշեցինք լրացնել այս բացը։ Նախ սկիզբ առավ գաղափարը, հետո նաև՝ գիրքը»,- պատմում է Էդգար Էլբակյանը։

Իսկ ինչու են ընտրվել հենց այդ 10 հերոս զինծառայողները։ Էդգար Էլբակյանը ցավով նշում է, որ մեր մարտական կորուստներն ավելի շատ են, սակայն ընտրվել են 2014թ․-ին և 2015թ․-ին զոհված 5-ական հերոսներ, որոնք զոհվել են գիտակցաբար թշնամու դեմ մարտի մեջ մտնելով՝ վերջինիս դիվերսիոն հարձակումը կանխելու նպատակով։ Հեղինակը շեշտում է, որ ընտրման այս սկզբունքը ոչ մի կերպ ստվեր չի գցում մյուս դիրքապահների նվիրական գործի վրա։

Կապ է հաստատվել բոլոր 10 հերոսների ընտանիքների հետ։ Էդգար Էլբակյանը, շփվելով հերոսներ ծնած ընտանիքների, հարազատների հետ, նշում է, որ բոլորի մոտ նկատել է ընդգծված հարգանք իրենց տղայի ընտրության նկատմամբ։ Իրենց որդին գիտակցված մարտի է մտել, չի փախել և հանուն հայրենիքի զոհել է կյանքը. և սա հաշվի առնելով՝ նրանք իրենց պարտքն են համարում հարգել և′ իրենց զավակի որոշումը, և′ հայերնիքը, որի համար նա զոհվել է։

«Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի անդամները մինչ գիրքը հրատարակելն այցելել են ՊԲ այն զորամասեր, որոնց մարտական դիրքերի ուղղությամբ տեղի էին ունեցել 2014-2015թթ. դիվերսիոն ներթափանցման փորձերը, և հրամկազմի ու զինվորների հետ հարցազրույցների միջոցով հավաքագրել են տեղեկություններ զոհված տղաների մասին։

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի միջոցով հասարակությանն է ներկայացվում այսօրվա զինվորի կերպարը՝ որպես ժամանակակից հերոսի, որն իր ավագների օրինակով պատրաստ է խափանել հակառակորդի ռազմական պլաններն ու ապահովել Հայաստանի սահմանների անառիկությունը թշնամու ոտնձգություններից։

Գիրքը լույս է ընծայվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս