Ինչու սնանկացավ պատգամավոր Արագած Ախոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը կրկին անգամ ընկել է անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պատգամավորը դատարանի՝ հոկտեմբերի 9-ին կայացրած վճռով սնանկ է ճանաչվել:

Վճիռը կայացրել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Ի դեպ, նույն դատարանի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Արագած Ախոյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը: Նշենք, որ պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել վերոնշյալ դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում: Իսկ Ախոյանի սնանկության մասին հայտարարությունը տրվել է նոյեմբերի 3-ին:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ախոյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ սնանկ ճանաչվածը նույն ինքը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն է:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ֆիզիկական անձին, որը միաժամանակ հաստատուն բարձր աշխատավարձ է ստանում, ինչպե՞ս է հնարավոր սնանկ ճանաչել: Ի պատասխան՝ Չիտչյանն ասաց. «Եթե նրա պարտավորությունը 1 մլն դրամից ավել է, ապա կարող է սնանկ ճանաչվել: Երբ մարդու սնանկ ճանաչվելու վճիռ է կայացվում, ապա դա չի նշանակում, որ մարդը սնանկ է: Երբ հայտարարություն ենք տալիս, գոյություն ունի մեկամսյա ժամկետ, որպեսզի պարտատերեր գրանցեն: Լինում են նաեւ դեպքեր, երբ պարտատերեր չեն գրանցվում, եւ գործը փակվում է: Հետեւաբար տվյալ քաղաքացին չի սնանկանում: Իսկ Ախոյանի դեպքում թեեւ ավելի քան 10 օր է մնացել, բայց դեռ պարտատերեր չեն հայտնվել»: Բացի այս՝ սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը նշեց նաեւ, որ ֆիզիկական անձի սնանկ ճանաչվելու դեպքում էլ վերջինս, միեւնույն է, իր ունեցվածքով, գույքով պետք է վճարի պարտքերը:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը հայտնվում է դատական պատմությունների մեջ: «Ժողովուրդ»-ը բազմիցս տեղեկացրել է, որ պատգամավորը դատական գործընթացների մեջ է: Եւ, ընդհանրապես, արդեն երկար ժամանակ է, ինչ պատգամավորը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արագած Ախոյանից մեկնաբանություն ստանալու ուղղությամբ, անցան ապարդյուն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս