ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԱՌԻԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեի քննարկումը խորհրդարանում ցանկացած ընդդիմության համար «նվեր» է, քանի որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ կարող է կոնկրետ փաստով ցույց տալ, թե ինչպես է իշխանությունը վատնում կամ անարդյունավետ ծախսում պետության միջոցները: Այդպիսով, ընդդիմությունը կարող է հանրությանը հստակ մատնացույց անել իր եւ իշխանությունների տարբերությունը:

Ավելին՝ ընդդիմության գոնե մի մասն այս ընթացքում լծված է սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործին: Այսինքն՝ ընդդիմության այդ հատվածի համար պետբյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանում կրկնակի կարեւորություն պետք է ունենար եւ քննարկումների ընթացքում ընդդիմությունը ոչ միայն իշխանությունների ապաշնորհությունը պետք է փաստարկված ի ցույց դներ, այլ նաեւ ապացուցեր, որ հենց դա է սահմանադրական փոփոխություններին ոչ ասելու պատճառներից մեկը:
Սակայն արդեն երկու օր է՝ հայ հանրությունն ականատես է խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորների այն մասը, որոնք ներգրավված են սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի ակտիվ քարոզչության մեջ, առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերում: Բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ոչ-ի քարոզիչներից միակ ակտիվություն դրսեւորող պատգամավորը, թերեւս, Հրանտ Բագրատյանն է: Բայց վերջինիս հարցադրումները կարելի է որակել որպես «կառուցողական», քանի որ նրա քննադատություններն ուղղված չեն իշխանությունների կոռուպցիոն բնույթը բնորոշող հերթական փաստը բացահայտելուն: Բագրատյանն ավելի շուտ փորձում է կառավարության անդամներին ապացուցել, որ ինքը նրանցից ավելի լավ է տնտեսությունից հասկանում: Այլ կերպ ասած՝ Բագրատյանը հերթական անգամ իշխանություններին անուղղակի ձեւով փորձում է հասկացնել, որ նրանք կարող են «օգտագործել» իր գիտելիքները:
Փաստորեն, խորհրդարանի ընդդիմության մի մասը, իսկ ավելի կոնկրետ՝ նախկինում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն խոստացողները ամեն կերպ խուսափում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը փաստարկված քննադատելուց, այսինքն՝ նրանց կոռուպցիոն գործունեությունը մատնացույց անելուց: Երբ 2014-ի աշնանը Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խորհրդարանում 2015-ի բյուջեի նախագիծն էր ներկայացնում, նույն այդ ընդդիմադիրների պասիվությունը բացատրվում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջնորդի ԲՀԿ-ի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի խնամիական կապով: Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը ընդդիմություն, բայց խնամին ավելի կարեւոր է, եւ նրան չի կարելի քարկոծել: Իհարկե, դա չի նշանակում, որ այդ նույն ընդդիմադիրներին իսպառ էր արգելվել կառավարությանը քննադատել: Իրենց ընդդիմադիր դեմքը պահելու համար նրանք կարող էին Աբրահամյանին եւ նրա կառավարությանը վերացական եւ անուղղակի քննադատել:
Բուրժուա-դեմոկրատական հեղափոխականների դաշինքի փլուզոմից հետո, թվում էր, թե Աբրահամյանի եւ նրա կառավարության նկատամամբ դրված «արգելքն» այլեւս պետք է, որ առ ոչինչ հայտարարված լիներ: Սակայն իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ նախկին քաղաքական պայմանավորվածություններն ավելի խորքային են, եւ դրանք պայմանավորված չեն եղել այն ժամանակ ստեղծված քաղաքական իրավիճակով: Թերեւս կարելի է կռահել, թե ինչը կարող էր լինել ստեղծված իրավիճակի պատճառը: Բանն այն է, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից եւ ԲՀԿ-ի «լիցքաթափումից» հետո այդ կուսակցության նկատմամբ «շեֆությունը» ստանձնել է հենց Հովիկ Աբրահամյանը: Հետեւաբար նախկին հեղափոխականների «համագործակցության» վերաբերյալ տվյալներն ու փաստերը կարող էին հայտնվել վարչապետի ձեռքում: Եթե իրոք այդպես է, ապա նախկին հեղափոխականներին կարելի է կարեկցել, քանի որ այդ դեպքում կասկածից վեր է, որ նրանց գործունեության շրջանակն ամբողջությամբ գծագրել եւ կառավարում է Հովիկ Աբրահամյանը:
Փետրվարյան իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները վկայում են, որ հենց այդպես էլ կա: Իշխանությունների կողմից նախկին բուրժուա-դեմոկրատներին մինչեւ վերջ չոչնչացնելը եւս իր բացատրությունն ունի. վերահսկելի «արմատական» ընդդիմությունն ավելի նախընտրելի է, քան անհայտներով պատված նոր ուժերը: Ավելին՝ քաղաքական դաշտում նոր ընդդիմության ձեւավորմանը խոչընդոտող ամենաարդյունավետ գործիքը հենց վերահսկելի բուրժուա-դեմոկրատներն են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆԱՂԴԱԼՅԱՆԻ «ՆԻՍՅԱՆ»
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին թույլատրվի Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնել ընթացիկ տարում, բայց գումարը վճարվի եկող՝ 2016 թվականին: Պետական «նիսիայի» այս գործարքում, սակայն, առավել ուշագրավ է, թե որ ընկերություններն են նշված աշխատանքներն իրականացնելու: Կառավարության որոշման կից փաստաթղթերից տեղեկանում ենք, որ վերը նշված ճանապարհահատվածների հիմնանորոգման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 16-ին՝ ՏԿ նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ի եւ «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Վառմաշ» ՍՊԸ-ների կազմված կոնսորցիումի միջեւ: Գործարքի ընդհանուր արժեքը 456 մլն դրամ է: Ինչպես հայտնի է՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության հիմնական սեփականատերը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանն է: Այս ընկերությունը սովորաբար պետական բյուջեից տարեկան մինչեւ մեկ միլիարդ եւ ավել դրամի պատվերներ է ստանում: Մասնավորապես, մեկ այլ պայմանագրով «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ը պետբյուջեից արդեն իսկ 373 մլն դրամ է ստացել, կրկին ճանապարհների վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Այլ կերպ ասած՝ Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունն ամենեւին էլ պատահական չէ, որ պետբյուջեի համար «նիսյայով» էլ է գործեր անում:

 

ԵԿԱՄՏԱԲԵՐ ԴԱՏԱՐԱՆԸ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 53 մլն դրամ եւ 100 հազար դոլար: Մինչդեռ նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ: Սա հերթական անգամ ապացուցում է այն իրողությունը, որ դատավորի պաշտոնը Հայաստանում բավական եկամտաբեր «գործ» է: Ի դեպ, դատավորի կինը՝ Լուսինե Մելիք-Սարգսյանն էլ առանց աշխատելու հայտարարագրել է 3 մլն դրամ եւ 50 հազար դոլար դրամական միջոց: Հետո էլ ասում են՝ գործազրկությունը եկամտաբեր չէ:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանին եւ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի նախագահ, աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Սվեյն Առնե Հանսենի գլխավորությամբ: Ֆեդերացիայի նորանշանակ նախագահը Հայաստան է այցելել՝ ծանոթանալու մեր երկրում աթլետիկա մարզաձեւի զարգացման ընթացքին, իրականացվող միջոցառումներին, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ին առաջին անգամ անցկացված միջազգային կիսամարաթոնի արդյունքներին: Այցը նպատակ ունի նաեւ ավարտին հասցնել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացը, որը հնարավորություն կստեղծի մեր երկրում կազմակերպել միջազգային մակարդակի խոշոր մրցաշարեր:

 

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր է հանձնել հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կիրթ, գրագետ, մրցունակ գիտելիքով երիտասարդն է մեր երկրի զարգացման հիմնական ռեսուրսը, եւ կարեւորել կուսակցության ներսում ներքին ժողովրդավարությամբ առողջ սերնդափոխության խնդիրը:

 

ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ
Պանամայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը` Մեխիկո) երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ նոյեմբերի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Պանամայի Հանրապետության նախագահ Խուան Կառլոս Վարելային, իսկ հավատարմագրերի պատճենները` երկրի փոխնախագահ ու արտգործնախարար Իսաբել դե Սենտ Մալո Ալվարադոյին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպանի առանձնազրույցը Պանամայի նախագահի, ինչպես նաեւ փոխնախագահ ու արտգործնախարարի հետ:




Լրահոս