ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով: Կ. Ավագյանն առավել հայտնի է դժբախտությամբ ավարտված փուչիկների երթով, ինչից հետո հանրության շրջանում փուչիկ բառը սկսեց ասոցացվել սույն պատգամավորի անձի հետ: Նա, չնայած եկող ամիս կբոլորի իր 41-րդ ձմեռը, բայց միեւնույն է՝ շարունակում է մնալ իշխանությունների հավերժ «ջահելը»:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ամուսնալուծության պետական գրանցման համար ի՞նչ ժամկետներ են պահանջվում: Որքա՞ն ժամանակ է հարկավոր այդ գործընթացի համար:

Անահիտ Պողոսյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
Միաժամանակ հայտնում ենք, որ դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականի առաջին վեց ամիսներին ամուսնությունները նվազել են: Արձանագրվել է 8 հազար 582 ամուսնություն՝ նախորդ տարի գրանցված 9 հազար 563 ամուսնության համեմատ, այսինքն՝ նվազումը կազմել է 10,3 տոկոս: Դրան զուգահեռ նվազել են նաեւ ամուսնալուծության դեպքերը: 1900 դեպք է գրանցվել այս տարվա առաջին վեց ամիսներին՝ նախորդ տարվա 2469 դեպքի համեմատ, այսինքն՝ նվազումը 23 տոկոս է:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցն իր ցանկությամբ կարո՞ղ է արդյոք դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից, թե՞ ոչ:

Ալլա Դանիելյան (52 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
– եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ` 24.4 տոկոս,
– եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ` 29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
– եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավել` 518.080 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ է ավելացնել, որ կամավոր կուտակային բաղադրիչին մասնակցելու դեպքում անձն օգտվում է եկամտային հարկի արտոնություններից, մասնավորապես, անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվում է մինչեւ 5 տոկոսի չափով: Ի դեպ, գործատուի կողմից վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կուտակային վճարների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 7.5 տոկոսը չգերազանցող մասի համար գործատուն շահութահարկ չի վճարի:




Լրահոս