ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՁՈՒՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար մոտ 16 տոկոս էլեկտրաէներգիայի բարձրացումը դարձել է նաեւ այլ թանկացումների պատճառ: Օրինակ` թռչնաֆաբրիկաները էլեկտրաէներգիայի թանկացումից հետո հավելյալ ծախսեր են կատարում՝ ձուն սառնարանային պայմաններում պահելու համար, ինչի արդյունքում արդեն մեկ ամիս է, ինչ բարձրացել է ձվի գինը:

Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձվի միջին գինը 2015 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 20 տոկոսով: Իսկ, ահա, 2015 թվականի սեպտեմբերի համեմատ՝ հոկտեմբերին գրանցվել է ձվի 2.1 տոկոս գնաճ: Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ձվի գինն աճել է 0.3-4.7 տոկոսով, երկուսում գրանցվել է 1.3-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների՝ նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաք Երեւանում ձվի գինն աճել է 2.7 տոկոսով:
ՀՀ Արագածոտնի մարզում գործող «Աշտարակ ձու» ընկերությունը դեկտեմբերին դեռ չի նախատեսում ձուն թանկացնել: Ընկերության սեփականատեր Արթուր Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Մենք դեռ դրան չենք գնա, չնայած որ ամեն ինչը այդ նույն ժամանակահատվածում թանկացել է: Միայն էլեկտրաէներգիայի գնի փոփոխման հետեւանքով Հայաստանում արտադրվող եւ վաճառվող բոլոր ապրանքների ինքնարժեքը փոխվել է, բարձրացել»: Նա նաեւ ընդգծեց, որ ընկերությունն այս ամենի արդյունքում մեծ վնասներ է կրում: «Բայց մենք կգործենք ըստ շուկայի. ինչ գին թելադրվի, դրանով պետք է աշխատենք: Այսինքն՝ ըստ պահանջարկի եւ առաջարկի: Ես այսօր ծրագրեմ ձվի գին թանկացնել, բայց եթե մրցակիցները գին չեն թանկացնում, ապա ես թանկացնելու հնարավորություն չունեմ: Որքան էլ ինքնարժեքը բարձր է կամ ցածր, այնուամենայնիվ, դա մոտավորապես կախված է շուկայից»,- բացատրեց գործարարը: Զրույցի ընթացքում նա դժգոհեց իրացման ծավալների նվազումից. «Այսօրվա դրությամբ Հայաստանում ձվի քանակը պահանջարկից շատ է: Իսկ մրցակից ընկերությունների հետ որեւէ բանակցություններ ձվի գնի շուրջ տեղի չեն ունեցել: Նրանց հետ մենք երբեւէ չենք բանակցում, որովհետեւ ընդհանուր հայտարարի չենք գալու»:
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքերով՝ ձվի արտադրությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ արդեն մեկ ամիս է, ինչ 4-5 դրամով բարձրացրել են ձվի գինը, որպեսզի գոնե վնասով չաշխատեն: Պատճառը էլեկտրաէներգիայի բարձրացված, բայց ՓՄՁ-ների համար չսուբսիդավորվող սակագինն է: «Գինը մի փոքր է բարձրացվել, որպեսզի ձվի եւ թռչնամսի արտադրողները գոնե վնասով չաշխատեն: Չէ որ էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով ամեն բան թանկացել է: Նույնիսկ ձվափչիկների (յաչեյկա) գինն է բարձրացել: Օրինակ՝ «Օվալ պլաստիկ» ընկերությունը, որն արտադրում է 6 եւ 12-տեղանոց պլաստմասե ձվափչիկներ, արդեն 3 դրամով բարձրացրել է դրանց գինը»,- դժգոհեց Ստեփանյանը:
Թռչնաբույծների միության նախագահի ներկայացմամբ՝ բոլոր ծախսերը, որոնք կատարվում են ձվի արտադրության ժամանակ, էլէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում մեծացել են: «Թանկացել են նաեւ կողմնակի լրացուցիչ նյութերը, որոնք կիրառվում են ձվի արտադրության ընթացքում եւ իրացման գործընթացում: Սկսած ստվարաթղթից վերջացրած ձվի վրա մակնշվող ներկով: Ստվարաթուղթը թանկացել է, որովհետեւ այն արտադրվում է էլեկտրաէներգիայով: Բացի այս՝ թանկացել է նաեւ թռչնակերը. նոյեմբերի 1-ից թռչնակերի գինը փոփոխություն է կրել եւ ավելի բարձրացել: Այն ժամանակ ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները, եթե դաշտերից կամ արտադրողներից էին կեր գնում, հիմա արդեն միջնորդական ծառայություն իրականացնող ընկերություններից են դրանք ձեռք բերում: Իսկ վերջիններս էլ բարձրացրել են իրենց ծառայության գինը»,- ներկայացրեց թռչնաբույծը:
Ստեփանյանը վստահեցրեց նաեւ, որ դեկտեմբերին տեղական արտադրողները ձվի գինը չեն բարձրացնի: Նաեւ շուկայում ձվի պակաս չի լինի, ինչպես լինում է գրեթե յուրաքանչյուր տարի, երբ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ արհեստական դեֆիցիտ են ստեղծում: «Ձվի գնի բարձրացում չի նախատեսվում: Եւ տեղական արտադրողները սոցիալական լարվածությունից խուսափելու համար այս օրերին ձվի գինը բարձրացրին, որպեսզի դեկտեմբերին մարդկանց վատ վիճակի մեջ չգցեն: Բացի այս՝ մենք ձվի առումով ինքնաբավ ենք, եւ դեֆիցիտ նույնպես չի առաջանա»,- հավաստիացրեց Ս. Ստեփանյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ Վրաստանում ձուն ավելի թանկ է վաճառվում, քան մեր երկրում: «Նախօրեին եմ եկել Վրաստանից, որտեղ ձուն մեր մոտ վաճառվող գներից 4-5 դրամով թանկ է»,- հավաստիացրեց Ստեփանյանը: Զրույցի ավարտին նա փոխանցեց նաեւ թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների մտահոգություններն այն մասին, որ ներքին շուկայում չեն կարողանում թռչնամիս իրացնել: «Քանի որ ե՛ւ արտադրության, ե՛ւ իրացման ծավալները նվազել են. մարդկանց գնողունակությունն է ընկել: Իսկ արտահանման մասով խոսելն ավելորդ է, որովհետեւ դրսի շուկայում մեր թռչնամիսը մրցունակ չէ»,- ավելացրեց թռչնաբույծը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՀՈՒՅՍՆԵՐԸ ՉԵՆ ԿՏՐՈՒՄ
Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց հերթական անգամ հավաքվել էին տարբեր խնդիրներից դժգոհ քաղաքացիները, մասնավորապես Հյուսիսային պողոտայի եւ Տերյան փողոցի բնակիչները: «12 տարի է՝ մեզ գցել են փողոցները, ո՛չ տուն են տալիս, ո՛չ էլ նորմալ փոխհատուցում՝ փող, մնացել ենք փողոցներում»,- բողոքում էին բնակիչներերը: Նրանց խոսքով՝ իշխանություններն իրենց համոզում են, խաբում, սակայն ընտրությունները վերջանալուց հետո բանատեղ չեն դնում. «Հանդիպել ենք վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խոստացել է ընթացք տալ գործին: Չգիտենք՝ հերթական փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, թե՞ իսկապես կտան մեզ փոխհատուցում»,-նշում են հուսահատ քաղաքացիները:
Ի դեպ, այնտեղ էին նաեւ նաիրիտցիներ, որոնք կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով: «Նաիրիտ»-ի նախկին մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց. «Կարող է՝ ձեռքներս գցում ենք փրփուրներին, բայց հավատում ենք, որ, այնուամենայնիվ, Կառավարությունն այնքան ողջախոհ կգտնվի, որ կհասկանա, թե «Նաիրիտ»-ի վերագործակելն ինչ նշանակություն կունենա Հայաստանի համար: Կառավարությունը հակված է «Նաիրիտ»-ը վերագործարկելուն»:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՉԻ ՎՏԱՆԳՎԻ
Ռուսաստանի կոնյակ արտադրողների միությունը՝ «Սոյուզկոնյակ»-ն առաջարկել է արգելել ներմուծվող կոնյակի պետգնումները: Առաջարկի նպատակն է հայրենական արտադրանքի խրախուսումը: Նման առաջարկից հետո մտահոգություններ են հնչում, որ դա լուրջ հարված կարող է լինել հայաստանյան արտահանող ընկերությունների համար, քանի որ Հայաստանից կոնյակի արտահանման հիմնական երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է: Սակայն Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վստահ է, որ հայաստանյան արտահանումները ռուսական պետգնումներով չեն անցնում, եւ մենք, մեր արտահանողները մտահոգվելու առիթ չունենք: «Արտահանումները մասնավոր բնույթ են կրում, իսկ պետգնումները ուրիշ ներմուծումներ են իրականացնում, որոնք կապ չունեն Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է «Արարատ» կոնյակին, ապա դա այնքան փոքր ծավալ է կազմում, այնքան չնչին է, որ չափազանցված է ասել, թե լուրջ վնաս է հասցնելու մեր արտահանմանը»,-նշել է Հարությունյանը:




Լրահոս