Սարգսյան-Ալիև հանդիպումն ավարտվել է կենացով. ինչ պետք է ակնկալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների տանը ժամեր առաջ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այն մեկնարկել էր Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները նաև առանձնազրույց են ունեցել, ապա նրանց կրկին միացել են համանախագահներն ու արտգործնախարարները:

Հանդիպումից հետո արդյունքների մասին հայտնել են ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, սակայն մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում: Նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն` բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները:

ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է, թե հանդիպումն ավարտվել է բանակցությունները 2016 թվականին շարունակելու շուրջ կենացով, և որ համանախագահներն առաջիկայում հանդես կգան հանդիպման մասին համատեղ հայտարարությամբ: Կարելի է եզրակացնել, որ միայն այդ հայտարարությունից հետո պարզ կդառնա, թե որքանով էին բանակցություններն արդյունավետ:

Նշենք, որ նախորդ՝ 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադևբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակն աննախադեպ լարված է եղել: Այդ ամենը շարունակվել է  մինչև այս հանդիպման նախօրեն: Թե ինչ կփոխի նախագահների հանդիպումը, դեռ վաղ է ասել, սակայն ակնհայտ է, որ իրավիճակը կարող է փոխվել միայն բեկումնային որոշումների շնորհիվ:




Լրահոս