ՀԺ.Ավագանու ցուցակներում փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանի ընտրված, շախմատի օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը մտադիր է վերցնել ավագանու իր մանդատը: Այս մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է ինքը՝ Լպուտյանը: “Քանի որ դա հասարակական աշխատանք է և իմ գործունեության հետ իրավունք ունեմ համատեղելու, կարծում եմ՝ կվերցնեմ մանդատը”,- ասել է նա: Ձեր վերջնական որոշումը ինչ որ հանգամանքի՞ց է կախված. թղթակցի այդ հարցին նա պատասխանել է. “Ես լրիվ ազատ մարդ եմ: Իմ որոշումն է”,- ապա հավելել, որ մանդատը հաստատ վերցնելու է: 
“Ա1+” հեռուստաընկերության սեփականատեր, “Մելտեքս” ԱՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, ով “Բարև Երևան” դաշինքի ցուցակի 2-րդ համարն է, մանդատը վերցնելու հստակ որոշում դեռ չի կայացրել: “Երբ գործը դրան հասնի, ամեն ինչ հստակ կլինի: Սա էն իրավիճակն է, որտեղ մտածելու շատ բան կա”,- թղթակցի հետ զրույցում ասել է նա: Դուք սպասում եք բողոքարկման արդյունքների՞ն՝ թղթակիցը հարցրել է “Ա1+”-ի ղեկավարին: “Բոլոր տիպի զարգացումներին եմ սպասում: Ես համոզված եմ, որ զարգացումներ լինելու են և արդարացի զարգացումներ են լինելու, ոչ թե՝ հնարովի և շինծու: Եվ էդ զարգացումներից էլ կախված կլինի իմ քայլերը”,- պատասխանել է Մեսրոպ Մովսեսյանը:




Լրահոս