ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 29-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռեց մերժել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ “X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ը դատական հայց էր ներկայացրել գործարար Խ. Խաչատրյանի դեմ` օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանին վիրավորելու համար եւ գործարարից պահանջել հրապարակային ներողություն խնդրել: Սակայն դատարանն օլիգարխի կողմից լրագրողի հասցեին հնչեցված արտահայտությունը` “պրաստիտուտկա”, վիրավորանք չհամարեց եւ չբավարարեց օրաթերթի հայցը:
Այս խնդրի շուրջ զրուցեցինք Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: 
-Պարո՛ն Նավասարդյան, ինչպե՞ս եք վերաբերում դատարանի այս որոշմանը, եւ, առհասարակ, ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը՝ որպես Երեւանի մամուլի ակումբի նախագահ:
-Ես կիսում եմ իմ կողմից վստահություն վայելող իրավաբանների կարծիքն առ այն, որ գործող օրենսդրության շրջանակներում դատարանն այլ որոշում կայացնել չէր կարող: Ակնհայտ է օրենքի բացը, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ վերացնել: Կոնկրետ Սոնա Գրիգորյանի նախադեպով իմաստ ունի դիմել Սահմանադրական դատարան, վերջինիս որոշումը կնպաստի նաեւ օրենսդրության բացը լրացնելուն:
-Մենք դա կանենք, կդիմենք ՍԴ, բայց Դուք՝ որպես Երեւանի մամուլի ակումբի նախագահ, այս ընթացքում ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեկաք, ոչ մի հայտարարություն չարեցիք եւ առհասարակ լրագրողի իրավունքները չպաշտպանեցիք: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր դիրքորոշումը:
-Դատարանի որոշումը չարժե միանշանակ որպես լրագրողների պարտություն ընկալել, քանի որ այդ հայցով մատնացույց արվեց իրավական խնդիրը, վերջինս դարձավ հանրային քննարկման առարկա: Մեր կողմից այս դեպքում կարեւորվում է նշված քննարկման տարածումը, խթանումը եւ տրամաբանական ավարտին հասցնելը: Հայտարարություն անելը տվյալ պարագայում իմաստ չուներ, դատարանի որոշումը քննադատելու հիմքեր չկան, իսկ Խաչիկ Խաչատրյանի հասցեին ի՞նչ հայտարարես. որ մարդուն, կնոջը վիրավորելը լավ բա՞ն չէ: Ինձ թվում է՝ փաստի տարածումը ինքնին Խաչատրյանի բարոյական կերպարի գնահատական է, իսկ մենք միջադեպի մասին տեղեկությունը լայնորեն տարածել ենք, այդ թվում՝ արտասահմանյան մեր ընթերցողների շրջանում:
-Դուք նշում եք, որ օլիգարխի մասին ինչ-որ հայտարարություն անելու կարիք չկա: Իսկ գուցե նաեւ Ձեր քննադատությունն օգներ նրան՝ հասկանալու, որ պետք է ներողություն խնդրել: 
-Մեր օլիգարխներն իրոք հաստ կաշի ունեն, սակայն մաշեցնելու միտումներ կան, կարծում եմ… Տեսե՛ք՝ ինչպիսի իրարանցում ստեղծվեց Հակոբ Կարապետյանի եւ Անի Հովհաննիսյանի հետ միջադեպերի արդյունքում: Մարդկանց այն տեսակի ներկայացուցիչները, որոնք օլիգարխների հենարանն են, պատասխանատվության են ենթարկում: Կարծում եմ՝ Սոնա Գրիգորյանի դեպքում պատմությունը դեռ չի ավարտվել…
 Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 533 համար




Լրահոս