Oրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշում կայացվեց: Հայտնի է, որ փոփոխությունը տեղի է ունեցել գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով: Այն բանից հետո, ինչ Կարեն Դուրգարյանը թատրոն չի գնում, այնտեղ իրարանցում է սկսվել: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի տասնյակից ավել երաժիշտներ հանդիպել են մեզ հետ եւ հարցազրույց են տվել «Ժողովուրդ»-ին` նախընտրելով իրենց անուններն առայժմ պահել գաղտնի: Մենք, հարգելով նրանց ցանկությունը, հրապարակում ենք երաժիշտների կարծիքներն ու փաստարկները` կապված վերջին իրադարձությունների հետ:
Խմորումները վաղուց են սկսվել
Մենք` երաժիշտներս, թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատման մասին իմացել ենք օրերս, այն էլ լրատվամիջոցներից: Գեղամ Գրիգորյանի` գեղարվեստական ղեկավարի պաշտոնում վերանշանակվելուց օրեր հետո թատրոնում խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Կարեն Դուրգարյանին պետք է հանեն: Նրան առաջարկում էին ազատման դիմում գրել, բայց Դուրգարյանը, բնականաբար, հրաժարվում էր: Դեռ այն ժամանակ, լսելով այդ լուրը, նվագախումբը, երգչախումբը համախմբվեցինք եւ շուրջ 170 հոգու ստորագրությամբ բաց նամակ հղեցինք Գեղամ Գրիգորյանին` նշելով, որ Դուրգարյանի հետ 15 տարի աշխատելով` բոլորս պրոֆեսիոնալ առումով աճել ենք եւ ցանկանում ենք շարունակել նրա հետ աշխատանքը: Այդ նամակից հետո կարծես թե իրավիճակը խաղաղվեց, Գեղամ Գրիգորյանը հետ կանգնեց իր որոշումից: Առհասարակ, շուրջ 3-4 անգամ եղել է, որ այս հարցի շուրջ Գ. Գրիգորյանն իր կարծիքը փոխի: Իսկ վերջին անգամ նա հատուկ ընթրիք կազմակերպեց, հրավիրեց նվագախմբի որոշ անդամների, գլխավոր դիրիժորին, սոլիստներին, թատրոնի ղեկավարությանը եւ հայտարարեց, որ ուզում է խաղաղ պայմաններում աշխատել մաեստրոյի հետ, Դուրգարյանին ասաց` Դուք հրաշալի երաժիշտ եք եւ այլն… Դրանից ընդամենը մի քանի օր հետո նա իր կարծիքը փոխեց, եւ եղավ այն, ինչ եղավ… Այս վայրիվերումները շատ տարօրինակ են եւ անհասկանալի: Իսկ նվագախմբի կարծիքն արհամարհվեց… Կարծես նվագախումբ գոյություն չունենա: Չի բացառվում, որ ինչ-որ մարդիկ Գեղամ Գրիգորյանին, այսպես ասած, «առաջին գիծ» են հրել, ինչ ուզում, անում են, իսկ պատասխանատուն նա է:
Ինչպես կոշիկի գործարանում
Մեր թատրոնի կանոնադրությունը նման է կոշիկի գործարանի կանոնադրությանը: Օպերային թատրոնի դեպքում այն պետք է լինի սպեցիֆիկ, ոչ թե ստանդարտ մի բան: Այլապես ինչ ուզում, անում են: Մենք բացարձակ տեղյակ չենք եղել թատրոնի կանոնադրության փոփոխությունից: Թերեւս կանոնադրությունը փոխվեց, որպեսզի թատրոնի գեղարվեստական խորհրդի կարծիքը հաշվի չառնեն: Ենթադրում ենք, որ կայացված որոշման վերաբերյալ խորհրդի կազմի հետ համաձայնություն չի եղել:
Ինչու է գլխավոր դիրիժորի հաստիքն անհրաժեշտ
Ցանկացած նվագախումբ ունի իր աշխատելաոճը, իր ձեռագիրը: Իսկ ձեռագիրը թելադրում է գլխավոր դիրիժորը: Այսինքն` եթե չունենանք գլխավոր դիրիժոր, չենք ունենա ձեռագիր: Գեղամ Գրիգորյանն ասում է` թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Բայց եթե մենք, այսպես ասած, ենթարկվենք այդ նրանց, որոնցից ամեն մեկն իր որոշումն է ներկայացնելու նվագախմբին, թատրոնում մեր աշխատանքը կվերածվի քաոսի: Բացի այդ` նշված դիրիժորների մասնագիտական որակները չեն համապատասխանում մեր պահանջներին: Մի քանի օր է` Դուրգարյանը չկա, բայց նրա տեղն արդեն իսկ զգացվում է (թերթերից մեկը գրել էր, թե իբր երաժիշտները նեղացել են, որ Դուրգարյանն իրենց հրաժեշտ չի տվել, բայց նման բան չկա. իբր ինքը շա՞տ է իմացել`գնում է, որ մի բան էլ մենք իմանայինք): Այսօր արդեն օպերային թատրոնում մի քանի ներկայացումներ փոխարինվում են այլ ներկայացումներով, օրինակ` «Կարմեն»-ը` «Անուշ»-ով, քանի որ տվյալ ներկայացումը կարող է ղեկավարել միայն Կարեն Դուրգարյանը:
Անկումն իր օրոք էլ է գրանցվել
Գեղամ Գրիգորյանն ասել է. «Ես նորից վերադարձա թատրոն, որովհետեւ այն անմխիթար վիճակի էր հասել: Վերջին 5-6 տարում թատրոնին հարիր չէր, շատ ցածր մակարդակի էր հասցվել…Մեր նվագախումբը շատ վատ վիճակում էր»: Շահարկվում է նաեւ այն թեման, որ այն տարիներին, երբ ինքը գեղարվեստական ղեկավար չի եղել (Գեղամ Գրիգորյանն օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար է եղել շուրջ 9 տարի եւ այդ աշխատանքից ազատվել է 2008-ին՝ իր դիմումի համաձայն: Դրանից հետո` մինչեւ 2015թ., նրա վերանշանակումը, թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունեցել), թատրոնում պրեմիերաներ չեն եղել: Բայց ինչպե՞ս չեն եղել` «Սպարտակ»-ը, «Աիդա»-ն, «Կարմեն»-ը, «Ռոմեոն եւ Ջուլիետ»-ը եւ այլն…Շատ պրեմիերաներ են եղել, այն էլ այն դեպքում, երբ թատրոնի տված աշխատավարձը շատ ցածր էր: Իսկ եթե նա ասում է, թե վերջին 5-6 տարիներին թատրոնի վիճակը ցածր մակարդակի է հասել, ապա ցանկանում ենք հիշեցնել, որ այդ ընթացքում ինքը եղել է ռեժիսոր-պատասխանատու, հետեւաբար, այդ անկումը իր օրոք էլ է գրանցվել: Այնինչ՝ նրան` որպես պատասխանատուի, տարվա մեջ մի քանի անգամ ենք տեսել շենքում: Թող իր ներկայացումները չթողներ, գնար, կամ գար, օգներ, ոտքի հաներ դրանք: Դուրգարյանը Գրիգորյանին բազմիցս խնդրել է, որ վերջինս իր ներկայացումներին ներկա լինի, մեներգիչների հետ պարապի, այնինչ՝ ինքը վարձատրվել է, բայց չի եկել թատրոն, հիմա եկել, անկումից է խոսում: Ի դեպ, մենք ինքներս ենք խնդրել, որ Գեղամ Գրիգորյանը վերադառնա իր նախկին աշխատանքին, բայց մենք չգիտեինք, որ նա նման պլաններ ունի: Մենք ուզում էինք եւ հիմա էլ ուզում ենք, որ Գրիգորյանը եւ Դուրգարյանը` որպես իրենց գործի գիտակ, միասին աշխատեն` ամեն մեկն իր պաշտոնում:
Խճճված մտքեր
Գեղամ Գրիգորյանը մեկ ասում է` բացառվում է, որ Սերգեյ Սմբատյանը լինի թատրոնի նվագախմբի դիրիժոր, նշում է, թե դա բամբասանք է, մեկ էլ ասում է. «Թեեւ ես դա շատ կցանկանայի»… Չես հասկանում` ինչ է ասում…
Լեզուների իմացությունը չէր խանգարի
Իր հարցազրույցներից մեկում Գ. Գրիգորյանը նշել է. «Ես հանեցի այդ պաշտոնը թատրոնից, քանի որ ուզում էի ունենալ մի դիրիժոր, որն իտալերեն գիտի, օպերաներ գիտի…»: Նախ` մինչ այսօր մենք ունեցել ենք Դուրգարյանի կողմից հրավիրված դիրիժորներ, որոնք տիրապետել են մի շարք լեզուների: Գ. Գրիգորյանն ինքը ողջունել է նրանց գործունեությունը: Երկրորդ` Դուրգարյանն ինքը իտալական մի շարք թատրոններում հրավիրյալ դիրիժոր է. բա ո՞նց է աշխատում առանց լեզուն իմանալու… Եվ հետո, կարծում ենք, գեղարվեստական ղեկավարն ինքը պետք է մի քանի լեզուների տիրապետի, քանի որ պարապում է սոլիստների հետ, իսկ սոլիստը պետք է ամեն արտաբերած բառի իմաստը հասկանա…
Ֆոնդի եւ դրա «վարկաբեկման» մասին
Գ. Գրիգորյանը, խոսելով օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի գործունեության մասին, վատաբանել է այն` նշելով, թե ֆոնդը գումարներ է բաժանել, կաշառել է երաժիշտներին, որ վերջիններս կանգնեն դրա կողքին: Կ. Դուրգարյանը համարվում է հիմնադրամի հոգաբարձու եւ ֆոնդի հիմնադիր: Հիմնադրամը երաժիշտներին հնարավորություն տվեց աշխատանքից դուրս եւս հավելյալ գործունեություն ծավալել, հետաքրքիր նախագծերով հանդես գալ, որոշակի գումար աշխատել: Նշենք, որ հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ, այն խրախուսվել է տնօրինության կողմից: Բոլոր երաժիշտները վարձատրվել են հավասարապես: Գեղամ Գրիգորյանը առաջարկեց, որ տնօրինությունն այդ գումարները ծախսի այլ նպատակներով, դրանցից մեկն էլ Ջանլուկա Մարչիանոյին վարձատրելն էր: Այսինքն` երաժիշտներից պետք է կտրեին, նրան վճարեին: Հիմնադրամը Գրիգորյանին առաջարկեց, որ նա կրկին դառնա հոգաբարձու, մասնակցի ժողովին, եւ տեսնի` մյուս հոգաբարձուները համաձայն են այդ առաջարկին, թե ոչ: Ասաց` կմտածեմ: Դրանից հետո մենք լրատվամիջոցներում տեսանք, որ նա վարկաբեկում է հիմնադրամը:
Հ.Գ.Վերջում երաժիշտները շեշտեցին, որ իրենց մոտ որեւէ մեկի անձի նկատմամբ չարություն չկա, փոխարենը կա անկեղծ մտահոգություն եւ ցավ:
Աննա Բաբաջանյան