Կներեք, բայց օրենքի առջև բոլորը հավասար են. Կարեն Դուրգարյանը՝ օպերային թատրոնում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ապրում եմ Հայաստանում եւ որեւէ տեղ վերադառնալու խնդիր չունեմ: Դրանք ասեկոսեներ են, որոնք իմ անվան շուրջ հյուսելով՝ շոու անելու փորձ է արվում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կերպ արձագանքեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը վերջերս տարածում գտած այն լուրերին, թե մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից Կոնստանտին Օրբելյանին` օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու գործում իր մատն էլ է խառը, քանի որ, ըստ որոշ խոսակցությունների, Դուրգարյանը թատրոն մեծ պաշտոնով վերադառնալու ակնկալիք ունի:

Չցանկանալով օպերային թատրոնում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ անձնավորված կարծիք հայտնել` պարոն Դուրգարյանը նկատեց. «Աշխարհում մոդելը վաղուց հորինված է: Հայաստանում կա համակարգի խնդիր: Խորհրդային տարիներին թատրոնները փոքրիկ թագավորություններ էին հիշեցնում, բայց հիմա աշխարհում այս սիստեմը փոխվում է, գեղարվեստական ղեկավարը գեղարվեստական ղեկավար է, տնօրենը՝ տնօրեն: Մեզ մոտ էլ սառույցը հալվում է: Կներեք, բայց օրենքի առջեւ բոլորը հավասար են»:
Պարոն Դուրգարյանը դիտարկում արեց, թե Նիկոլ Փաշինյանը կարող է արդյոք լինել միաժամանակ երկրի նախագահ, վարչապետ եւ Ազգային ժողովի նախագահ. «Իհարկե ոչ, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս: Իսկ ՀՀ քաղաքացին որոշել է օրենքով ապրել, այդ պատճառով էլ ընտրել է այս իշխանությանը»:

Անդրադառնալով Օրբելյանին` տնօրենի պաշտոնից ազատելու դեմ օպերային թատրոնի արտիստների կողմից կազմակերպված բողոքի ակցիային` պարոն Դուրգարյանն ընդգծեց. «Ընդհանրապես, արտիստի, երաժիշտի համար պետք է միեւնույն լինի՝ ով է իր տնօրենը. ամեն մեկն իր անմիջական ղեկավարն ունի: Բայց Հայաստանում արտիստն ունի վախ, մտածում է՝ բա որ գա տնօրեն, որն իրեն չի սիրի եւ այլն, իսկ դա նշանակում է, որ արտիստը պաշտպանված չէ: Ո՞վ պետք է պաշտպանի նրան. արտիստական արհմիությունը. բայց այդպիսի բան Հայաստանում առհասարակ չի գործում: Ուստի արտիստին չես կարող մեղադրել: Բացի այդ՝ նա իրավունք ունի իր կարծիքն արտահայտել»:
Օրբելյանի պաշտպանները շատ են խոսում այն մասին, որ Նազենի Ղարիբյանը հազվադեպ է լինում օպերային թատրոնում, ներկա չի լինում ներկայացումների պրեմիերաներին:

«Դրա մասին մտահոգվելու փոխարեն լավ կլիներ` անհանգստանային այն բանի համար, որ ներկայացումներին ներկա չեն լինում թատերագետներ եւ քննադատներ, որովհետեւ պարզապես չունենք այդպիսի մասնագետներ, թե չէ նախարարության ներկայացուցչի՝ ներկայացմանը ներկա լինել-չլինելը շատ բան չի փոխում: Ամբողջ աշխարհում քննադատների տեսակետի հետ են հաշվի նստում»,-եզրափակեց պարոն Դուրգարյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս